«Հայկական վերածնունդ» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանն այսօր կուսակցության կանանց միության համագումարում իր կուսակիցներին հորդորեց զգուշանալ թալանչիներից:
«Խնդրում եմ առաջիկա գործընթացների ժամանակ թույլ չտանք թալանչիներին մոռացնել մեր հիշողությունը, որ իրենք թալանի խողովակից օգտվելով՝ փորձում են հարստանալ»,- ասաց տիկին Բիշարյանը:
Ըստ նրա, վերջին ժամանակահատվածում մեր երկիրը գտնվում է ծայրահեղ ծանր իրավիճակում, մեր երկրի հնարավորություններն այս ընթացքում դուրս են հոսել, ու մեղավոր են կանայք, որովհետեւ. «Մի կողմ ենք դրել մեր ըմբոստությունն ու թողել ենք, որ այսօր երկրի արյունատար անոթներից օգտված տզրուկները գլուխ բարձրացնեն այս առաջիկա կարեւոր գործընաթացներում ու խոսեն այն իրավիճակի մասին, որն առաջացել է իրենց պատճառով: Մենք իրավունք չունենք թույլ տալ, որ Հայաստանից թալանած փողերը տանեն օֆշոր, մենք իրավունք չունեն սոված ու անզեն զինվոր պահել»:
Նա նաեւ գեղեցիկ խոսքեր ասաց կանանց մասին. «Կանայք, որոնք մշտապես եղել են իրենց տան սյունը նաև պետության սյունն են, այդ ուժեղ կանանց շնորհիվ է՝ դեռ պահպանվում է ծայրահեղ ծանր տնտեսական վիճակում գտնվող մեր պետությունը: Տղամարդիկ, որոնք դրսում են, այսօր հույսը դրել են մեր պետության ներսում իրենց կանանց վրա, պարտավոր ենք, որ վաղը ձեռք ձեռքի տված պայքարենք երկրի զարգացման համար»:
Կարդացեք նաև
Ի դեպ, առաջիկա ընտրություններում «Հայկական վերածնունդ» կուսակցությունից մեկ տասնյակից ավելի կանայք են իրենց թեկնածությունը դնելու: Նրանց անուններն ու թվաքանակն այսօր հաստատվեց համագումարում: Նրանց թվում են Հեղինե Բիշարյանն ու «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Կարինե Հակոբյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ