Լրահոս
Օրվա լրահոսը

Փող չկա՞…

Հունվար 22,2017 11:40

Կարդացի «Առավոտ» թերթի կայքում 21.01.2017թ. տեղադրված «Մոտ 3 միլիարդ դրամ՝ գյուղացիներին խորհուրդ տալու համար» հոդվածը և ոչ ավելի, ոչ պակաս, ուղղակի քարացա…: Հոդվածում նկարագրված է, թե հասարակական կազմակերպությունների ուսումնասիրության արդյունքում ինչ խայտառակություն է պարզվել: Պարզվում  է, որ արցախա-ադրբեջանական պատերազմի այս սարսափելի իրավիճակում, Հայաստանի ժողովրդի սարսափելի ապրելակերպի այս պայմաններում, երբ նրանց ահռելի մեծամասնությունն ուղղակի ի վիճակի չէ կոմունալ վարձերը վճարել /դաժան ցրտերն էլ մի կողմից ժողովրդին պարտադրում են կոմունալ վարձերի հսկայական գումարներ/, անզորությունից՝ ժողովրդի արտագաղթի այսպիսի անթույլատրելի մակարդակի պայմաններում, որը վաղուց հատել է ազգային անվտանգություն համարվող իրավիճակի շեմը և օր օրի այդ արտագաղթի ավելի ահագնացող թափի պայմաններում, մարդկանց ինչ-որ խումբ /թող ԱԱԾ-ն պարզի այդ խմբի ինքնությունը/, մեր «անգրագետ» գյուղացիների, այն էլ ոչ ավելի, քան մոտ 10 տոկոսի համար դասախոսություններ են կարդում, որպեսզի նրանց սովորեցնեն, թե ինչպե՞ս պարարտացնեն, մշակեն, վարեն, ցանեն իրենց հողերը և նման այլ հիմարություններ:

Եվ դա այն պարագայում, որ հայ գյուղացին հազարամյակներով հող է մշակում և ինքը կարող է դասեր տալ աշխարհի ուզածդ ֆերմերին: Քանի եկել է պահը, ասեմ. գյուղացուն արտոնյալ պայմաններով վարկ է պետք, էժան ջուր է պետք, էժան տեխնկա է պետք, էժան սերմացու է պետք, էժան պարարտանյութ է պետք և Տիրոջ բարեհաճությունն է պետք, որ նորմալ եղանակներ լինեն: Մի խոսքով, հնարավոր է, որ գյուղացուն էլի շատ բաներ են պետք, սակայն մի բան հաստատ է. հայ գյուղացուն խորհուրդ հաստատ պետք չէ: Մի՞թե այս տարրական բանը չեն հասկանում կառավարությունում և գյուղատնտեսության նախարարությունում: Բա, ո±նց անենք, որ հասկանան: Ակամայից հիշեցի, որ մի քանի տարի առաջ էլ նույն «Առավոտ» թերթում տպագրել էի ճիշտ նմանատիպ մեկ այլ հոդված՝ «Մեր դասախոսություններն ուրիշ են», որի համար հիմք էր հանդիսացել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը, որի ընթացքում նա ներկայացրեց, թե նույն գյուղնախարարության ինչ-որ մի հիմնարկ 16 միլիոն ԱՄՆ դոլար է ծախսել բիբարի, ծիծակի և նմանատիպ այլ բույսերի աճեցման խորհրդատվության համար: Այն ժամանակ մտածեցի, որ այդ հրապարակումը կզսպի կառավարությանը և գյուղնախարարությանը ու նման բաներ այլևս չեն անի: Այո, կարելի է ասել, որ այդ հրապարակումն իրոք ինչ-որ կերպ «ազդել է», քանի որ գումարի չափը էապես նվազեցրել են՝ 16 միլիոնից հասցնելով մոտ 6 միլիոն դոլարի /մոտ 2,5 անգամ պակասեցրել են: Վատ ցուցանիշ չէ, դե մարդիկ մտածում են էլի երկրի և ժողովրդի վիճակի մասին/: Այս պայմաններում, երբ Հայաստանի բնակիչների մեծ մասի ընտանիքներում բառիս բուն իմաստով ցրտահարություն է տիրում /նրանք խուսափում են հոսանք և գազ օգտագործել, քանզի հստակ գիտեն, որ դրանց դիմաց ունակ չեն վճարելու: Նրանք ընդամենը օգտագործում են փոքրիկ հզորությամբ մի էլեկտրասալիկ՝ ընդամենը տունը թեթևակի գոլացնելու համար, որպեզի ուղղակի չցրտահարվեն և հագնում են իրենց ունեցած բոլոր հագուստները և պառկում քնելու /որը հավանաբար չի էլ ստացվում…//:

Պարոնայք վարչապետ, գյուղատնտեսության նախարար, պարոնայք այլ իշխանավորներ, գուցե մի անգամ այցելե՞ք այդ մարդկանց  տները, ականատես լինեք իրական վիճակին, թե ինչ է կատարվում Հայաստանի բնակիչների տներում, որից հետո միայն կորոշեք, թույլ տա՞լ նման ճոխ խորհուրդներ  մատուցել /եթե դժվարանաք, դիմեք ինձ և ես ցույց կտամ բազմաթիվ այդպիսի տներ/: Անկեղծ ասած` տատանվում եմ իմ  տված խորհրդի մասով, քանզի ցանկացած անհոգի մարդ, եթե այցելի այդ տները, կարող է վատանալ և բացառված չէ, որ նույնիսկ ինֆարկտ ստանա: Իհարկե, այս և նմանատիպ օրինակները շատ-շատ են և պարտադրված եմ սրանով ավարտել…

Ինչպես թռիչքն է սկսվում գետնից, այնպես էլ խնայողությունն է սկսվում այստեղից: Թե չէ` փող չկա…, հա փող չկա…: Դա ինչ ամոթալի արդարացում է…

Իսկապես, այս ամենը մեծագույն ամոթ է, ավելին՝ մեծագույն խայտառակություն, քանզի եթե երկիրը մշտապես փող է մուրում, կամ մշտապես վարկեր է խնդրում, որը պետք է այսպես ծախսի, ապա դրան ի՞նչ անուն կարելի է տալ: Ցավոք, այդ անունը չգիտեմ…

Մարդ լինենք…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Քաղաքագետ, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ նախագահ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031