Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն իր պաշտոնավարման 100-րդ օրը լրանալու կապակցությամբ այսօր հրավիրել էր մամուլի ասուլիս: Հանդիպմանը ներկա լրագրողներին հատկապես հետաքրքրում էր, թե ո՞րն է պատճառը, որ ավագանու առաջին նիստում փակ-գաղտնի քվեարկությամբ Մամիկոն Ասլանյանի օգտին քվեարկած 4 ավագանու անդամներն այժմ չեն մասնակցում հրավիրված նիստերին:
Մամիկոն Ասլանյանը պատասխանեց. «Գուցե հարցը ուղղվեր ավագանու հենց այդ 4 անդամներին, կամ մնացած 18 անդամներին, թե ինչու՞ չեն մասնակցում նիստերին: Ես իմ կողմից ինչ-որ սահմանված է օրենքով, ինչը թելադրում է բարոյականությունն ու բանականությունը, ես դա իրագործում եմ, ես դա անում եմ: Տեղի է ունեցել օրինական ընտրություն, որն օրենքի որեւէ տարրին անհամապատասխանություն չի ունեցել: Մենք չենք կարող անընդհատ ընտրական պրոցեսի մեջ լինել, մանավանդ, որ Վանաձոր քաղաքն այսօր ունի այնքան կուտակված խնդիրներ»:
Այն հարցին, թե արդյո՞ք քաղաքապետը պատրաստ է փոխզիջումների գնալ, որպեսզի ավագանու նիստերը բոյկոտող անդամներն ի վերջո մասնակցեն նիստերին, Մ. Ասլանյանը պատասխանեց. «Ես պատրաստ եմ ցանկացած համագործակցության, ցանկացած առողջ առաջարկ քննարկելու: Բայց ձեր ասած զիջումները կամ փոխզիջումները չեն կարող միակողմանի լինել որեւէ պարագայում: Որովհետեւ, դրանք տեղի են ունենում այն ժամանակ, երբ որ կա առողջ մթնոլորտ, համագործակցության համար բավարար պայմաններ: Իսկ միակողմանիորեն ինչ-որ ուլտիմատիվ լուծումների ես կողմնակից չեմ: Որովհետեւ ես ինքս հակված եմ նրան, որ ես բանակցություն չեմ վարում այն մարդկանց հետ, ովքեր առողջ ու կառուցողական դաշտում չեն»:
Կարդացեք նաև
Խոսելով առաջիկա ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ի շանսերի ու այդ ընտրություններում իր պարտականությունների մասին, Մ. Ասլանյանն ասաց. «Թույլ տվեք ուժերի վերադասավորման ներկա փուլում շանսերի ու կանխագուշակությունների դաշտ չմտնեմ, բայց որ թեժ կլինի, հաստատ է: Ես ինքս իմ վրա որոշակի պարտականություններ ունեմ: Եւ ինչքանով, որ թույլ կտա քաղաքապետի իմ պաշտոնավարումն ու աշխատանքը, այդքանով ես էլ, բնականաբար, ներգրավված կլինեմ այդ աշխատանքում: Բայց կոնկրետ պարտավորվածություն իմ վրա դրված չէ»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ