Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյան. «Կրիլ տենք»

Հունվար 21,2017 19:00

«Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ եւ «Ելք» դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանը «Ելք» դաշինքի համագումարում իր ելույթի սկզբում հիշեց, թե ինչպես երեկ ԱՄՆ-ում խաղաղ իշխանափոխություն կատարվեց: «Առանց ցնցումների, առանց վայրիվերումների: Հայ ժողովուրդը կարոտ է  նման խաղաղ իշխանափոխության: Եվ հենց «Ելք» դաշինքի ծրագիրը, գործողությունները միտված են խաղաղ իշխանափոխության», – ասաց նա եւ շարունակեց. «Քանի օր է՝ լրագրողներն անընդհատ  հարցնում են. դուք կմիանա՞ք այսինչին, այնինչին: Ես ձեզ ասում եմ, որ «Ելք» դաշինքը չի ստեղծվել այսինչին կամ այնինչին միանալու համար: Ելք դաշինքը ստեղծվել է միավորելու, ներառական պրոցեսներ սկսելու եւ դրանցով ընտրություններում փոփոխություններ բերելու եւ հաղթանակ արձանագրելու համար: Ինչպիսի՞ պետություն ենք մենք ուզում ունենալ:

Ցանկացած համահայկական խնդրի լուծման բանալին մեր կարծիքով ուժեղ Հայաստանն է: Եթե չունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ պետություն՝ իր ինստիտուտներով, համակարգերով, զարգացած փոխզսպման եւ հակակշիռների մեխանիզմներով, ունենալու ենք գործադիր իշխանություն, որն իր ամբողջ հնարավորություններով սահմանադրաիրավական սահմաններն անցել է, գրավել օրենսդիր ու դատական իշխանության տարածքները… Այս օրերին Հայաստանում տարբեր քաղաքական գործիչներ աշխարհացունց ելույթներ են ունենում տարբեր թեմաներով: Ուշադիր հետեւում եմ եւ չեմ նկատում, որ մարդիկ խոսեն  ժողովրդավարության, իրավունքի գերակայության, ազատության, փոխզսպումների, հակակշիռների մեխանիզմների մասին, այն պետության, որտեղ մարդը բարձրագույն արժեք է, այն հասարակության, որտեղ ամեն ինչ արվում է մարդու համար… Մենք շատ ենք խորհրդարանում խոսել, որ Հայաստանը դարձել է դիսկոմֆորտների երկիր, որտեղ ամեն բան արվում է, որպեսզի քաղաքացին անհանգիստ լինի… Մենք առաջարկում ենք ելք: Հերիք ու բոլ եղավ: Էլ տեղ չկա: Ես զարմանում եմ մեր քաղաքացիների համբերության վրա: Մարդիկ սպասում են իրական փոփոխությունների:

Ես վստահ եմ՝ նաեւ երեկվա համաշխարհային փոփոխության համատեքստում Հայաստանը չի կարող անմասն մնալ փոփոխություններից: Փոփոխությունները գալիս են Հայաստան «Ելք» դաշինքի միջոցով», – ասաց Է. Մարուքյանը: Նա շատ կարեւորեց դաշինքի կարգախոսը՝ «Ընտրություն, Փոփոխություն, Հաղթանակ»: «Այս օրերին կա քարոզչություն, որ Հայաստանում անհնար է ընտրությունների միջոցով ինչ-որ բան փոխել: Մեր կարգախոսի առաջին բառը «Ընտրությունն» է: Մենք ասում ենք հնարավոր է, Վանաձորը ձեզ օրինակ: «Հանրապետական կուսակցությունը» դարձրել ենք «չամչի գրավ»: Առաջին անգամ «Հանրապետական կուսակցությունը» իր համամասնական ընտրական ցուցակով փոքրամասնություն է Հայաստանի երրորդ քաղաքում: Սա է ճանապարհը եւ սա պետք է կիրառել մեծ մոդելով:

Երկրորդը «Փոփոխությունն» է ու այդ մասին ամենաշատը խոսում է իշխանությունը: Ընդհանրապես իշխանությունը, երբ մենք մի բան ենք ասում, վերցնում է ու այնքան կրկնում, մինչեւ ապականի: Մենք ունենք մեր ժամանակը եւ մեր ժամանակն այսօր է, հիմա է: «Ելք» դաշինքը ապագայի դաշինքը չէ, այն այսօրվա դաշինք է: Հետեւեք պրոցեսներին: Այնպիսի խառնաշփոթ է ստեղծվել, որ որեւէ մեկը չի կարողանում գլուխ հանել: Բայց «Ելք» դաշինքը նաեւ այսօրվա համաժողովով հստակություն է մտցնում: Մենք ասում ենք. ընտրությունների միջոցով եկեք միասին հիմք դնենք փոփոխություններին: Վերջում պետք է հաղթեի Հայաստանի հանրապետությունը, մեր պետականությունը: Սա է մեր ուղերձը: Շատերն այստեղ ասում են՝ հաղթելու ենք, ես ասում եմ՝ «կրիլ տենք»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031