Լրահոս
Օրվա լրահոսը

Նկարող պատգամավոր. «Քաղաքականությունն էլ կարելի է նկարել, պարզապես պետք է ճիշտ վերարտադրել» (Ֆոտոշարք)

Հունվար 21,2017 18:47

Հունվարի 21-ին Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործությունների կենտրոնում բացվեց ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի գեղանկարների «Վերադարձ» խորագրով ցուցահանդեսը:  Ցուցադրվում էր 20-ից ավելի աշխատանք:

«Ցուցահանդեսիս ասելիքն է` փնտրել գեղեցիկը, մարդկային հարաբերություններն էլ պետք է գեղեցիկ կառուցել: Ընդհանրապես գոյություն ունեն նյութական եւ ոչ նյութական արժեքներ, եւ կարելի է կերպարվեստը դասել նյութական արժեքների շարքին, մինչդեռ կա նաեւ ապրելու արվեստը, որը ամենամեծ ու ամենագեղեցիկ արվեստն է», -ասաց առաջին մասնագիտությամբ նկարիչ ԱԺ պատգամավորը:

Aravot.am-ի հարցին` երբ նկարչի աչքով նայում է այսօրվա քաղաքական դաշտին, ինչ տպավորություն է ստանում, պարոն Ախոյանը պատասխանեց. «Ինչպես այս կտավներում, քաղաքական դաշտում էլ կան տարբեր տրամադրություններ, տարբեր համարձակության կոնտրաստային լուծումներ: Ժամանակ կա, որ ամեն ինչ հանդարտ է, ժամանակ կա, որ ցերեկային ստվերներ են մտնում…Քաղաքականությունն էլ  կարելի է նկարել, պարզապես պետք է ճիշտ վերարտադրել»:

Ցուցահանդեսին մասնակցում էին ոչ միան  հայտնի նկարիչներ եւ մշակույթի ոլորտի մարդիկ, այլեւ հասարակական, գործարար ոլորտների մարդիկ,  քաղաքական գործիչներ:  Արագած Ախոյանի գործերը դիտելու էին եկել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ այլ պատգամավորներ: Գալուստ Սահակյանը շնորհավորելով պատգամավորին ասաց, որ նման ցուցահանդեսները փոխում են հասարակության վերաբերմունքը պատգամավորների հանդեպ այն առումով, որ պատգամավորը զուտ կոճակ սեղմող չէ:

ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը Արագած Ախոյանին միության պատվավոր անդամի տոմս շնորհեց:

Ճանաչված նկարիչ Փարավոն Միրզոյանը շնորհավորելով Արագած Ախոյանին, ասաց, որ հեղինակին վաղուց է ճանաչում որպես մարդ եւ որպես նկարիչ, շատ է պատահել, որ միասին նկարել են: «Նա մի հետաքրքիր անձնավորություն է: Իր շինարարական, պատգամավորական գործունեությանն էլ ծանոթ եմ, ինքը նաեւ ազնիվ եւ նվիրված մարդ է»,-ասաց Միրզոյանը: Նա նաեւ ներկա պետական այրերին կոչ արեց ավելի հաճախ մասնակցել նման միջոցառումների:

Մեկ այլ ճանաչված նկարիչ` Հաղթանակ Շահումյանն էլ ընդգծելով պատգամավորի գեղանկարների ինքնատիպությունը, առանձնացրեց Արագած Ախոյանի հասարակական գործունեությունը`հայ-թուրքական հարաբերութունների  եւ Արեւմտյան Հայաստանում իրականացվող ծրագրերի առումով: «Ինձ համար անակնկալ է այս ցուցահանդեսը: Այստեղ նկարներ կան, որ պատիվ կբերի ցանկացած պրոֆեսիոնալ նկարչի: Հրաշալի գործեր ունի եւ նատյուրմորտների եւ պեյզաժների մեջ»,-նշեց նկարիչը:

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը, որ Արագած Ախոյանի Աղձքի հարեւանն է, պատգամավորին դեռ երեխա ժամանակվանից է ճանաչում: Ասում է` պապը նրան Ալագյազ էր ասում:

«Այսօր մեզ համար ուրախալի օր է, որովհետեւ Արագած Ախոյանը մեզ ներկայանում է իր պատկառելի  ցուցահանդեսով, որտեղ կան արժեքավոր նկարներ: Ամեն մեկիս մեջ էլ ննջող արվեստագետ կա, ոմանք արտահայտվում ե, ոմանք` ոչ, ոմանք էլ արտահայտվելու տարբեր կերպեր են գտնում: Ահա Արագած Ախոյանն էլ տարիներով կուտակել է հույզերը ու ստեղծել այս գեղանկարչական հրաշալի աշխարհը»,-նշեց Սամվել Մուրադյանը:

Արագած Ախոյանի ցուցահանդեսը կգործի մինչեւ հունվարի 31-ը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031