ՊՆ նախկին փոխնախարար, անազատության մեջ գտնվող Վահան Շիրխանյանի պաշտպան՝ փաստաբան Հայկ Ալումյանի խոսքով, ամեն ինչ արվում է, որ նրա վիճակը վատանա:
«Լինելով առողջ, նախանձելի առողջական վիճակում կալանավորվեց 2015 թվականին դեկտեմբերի տասնիննին ու այդ օրվանից դարձել է հաշմանդամ, ոչ թե մեկ կամ երկու առողջական խնդիրներ ունի, այլ՝ բազմաթիվ: Առողջական բոլոր խնդիրները ձեռք է բերել կալանավորման այս ընթացքում:
Եթե նրան միտումնավոր չեն հասցրել այս վիճակին, ապա լավ պատկերացնելով այսօրվա վիճակը՝ միտումնավոր թույլ են տալիս, որ նրա վիճակը գնալով վատանա: Նա ունի ողնաշարի լուրջ խնդիր, ԿՏ հետազոտությունների ժամանակ էլ դա հաստատվեց»,- այսօր «Նոյան տապան» ակումբում ասաց Հայկ Ալումյանը:
Ըստ նրա` բոլոր նրանք, որոնք հրահանգներ են տալիս՝ ում կալանավորել, ում բաց թողնել, որոնք կայացնում են այդ որոշումները, որոնք անտանելի պայմաններն են ստեղծում ՔԿՀ-ում, թող չկարծեն՝ միշտ լինելու են հրահանգներ տվողների, կալանավորողների ու կալանքի տակ պահողների կարգավիճակում. «Մի օր կարող են իրենք հայտնվել կալանավորվածների կարգավիճակում, ինչի հավանականությունը բավականին բարձր է»:
Կարդացեք նաև
Փաստաբանի խոսքով, Վահան Շիրխանյանին ցուցաբերված բուժօգնության վերաբերյալ արդեն հատորներ են կազմվել. «Եթե կարդաք իրենց եզրակացությունները, օրինակ՝ քրեակատարողական հիմնարկի բուժծառայության աշխատակիցը տեղեկացնում է դատարանին կամ ինձ է ինչ-որ պատասխաններ գրում, ձեզ կթվա, որ պարոն Շիրխանյանը կատարյալ առողջական վիճակում է, նույնիսկ կարող է ֆուտբոլ խաղալ Հայաստանի հավաքականի հետ, բայց եթե մի կողմ թողնենք իրենց թղթերը, իրականությունը մեր աչքի առաջ է, և մենք տեսնում ենք, որ նա գնալով ավելի ու ավելի վատանում է»։ Փաստաբանն ասաց, որ Արդարադատության նախարարությանն առընթեր հասարակական դիտորդական խումբը դեկտեմբերի ավարտին փաստաթուղթ է ներկայացրել, որտեղ գրված է, որ իրենց մտահոգում է հատկապես այն, որ, թեև բժշկական փաստաթղթերից հետևում է, որ նրան ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն, սակայն ակներևաբար նրա վիճակը գնալով վատանում է։
Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանը կալանավորվել է 2015թվականին: Նա մեղադրվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ: Վերջերս նրան եւս մեկ մեղադրանք է առաջադրվել՝ իշխանության յուրացման նախապատրաստման հոդվածով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
իսկ որ քեզ լսենք,
թվում է թէ քո հաճախորդը արդէն մահացել է… ամիսներէ ի վեր…
մի քանի անգամ…
երեվի – Վերնիսաժից – նաեւ բժիշկի վկայական ես ձեռք բերել… մասնագէտ բժիշկ անշուշտ…
իսկ օրինական գետնի վրա,
որեվէ բան ունե՞ս ասելիք, պարոն «փաստաբան»…