Այսօր կայացած առաջին համագումարում «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» եւ Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների 2016 թ. դեկտեմբերի 12-ին ստորագրած համատեղ հուշագրի հիման ստեղծված «Ելք» դաշինքը նշեց իր առջեւ դրած կարեւորագույն խնդիրները եւ հայտարարեց, որ գալիք խորհրդարանական եւ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու է որպես միասնական դաշինք:
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ, «Ելք» դաշինքի անդամ Արամ Սարգսյանն իր խոսքում նշեց, որ իրենք ուզում են պատմություն փոխել ու փակուղուց ելք տալ: «Մնացածը կարող են նման լինել. նորից ընտրություններ են 2003-ի, 2008-ի եւ 2013-ի նման հանդիպումներ, ելույթներ, խոստումներ, դահլիճներ, փողոցներ, հրապարակներ… Այս ընտրություններում մենք չենք կրկնելու՝ ինչ պիտի չանեինք ու անելու ենք այն, ինչ չենք արել մինչեւ հիմա: Այս ընտրությունները բնույթով ու ձեւով բացարձակ նոր են, չփորձարկված: Ոչ ոք չի կարող համոզիչ, իրատեսական ու վերջնական կանխատեսել, թե ինչ ընթացք կունենան, առավել եւս՝ ով ինչ արդյունք կգրանցի:
Միանշանակ է, որ նոր ընտրակարգով իշխանությունը Հայաստանը բաժանել է 13 մասի, ամեն մասում ներգրավել պետության ռեսուրսների օգտագործմամբ եւ կոռուպցիայով հարստացած մեկ, որոշ դեպքերում՝ մի քանի դոլարային միլիոնատերերի ու պաշտոնյաների: Ու այդ հիմքով վստահ է, որ վարչական ռեսուրսի ու փողի ուժով հասնելու է հաջողության: Արդար ընտրությամբ հանրությունից քվե ստանալը իրենց դեպքում չի աշխատելու: Այս իշխանությունը փող է բաժանում, որ գա իշխանության եւ իշխանության գալիս է, որ փող աշխատի: Նրանց հույսը 10, 20, պետք եղավ՝ 50 հազար դրամով առնելու վրա:
Փաստ է, որ ընտրություններին մասնակցողների 40 եւ ավելի տոկոսը պայքարող է, անկաշառ եւ խղճով քվեարկող: Մենք պետք է անկաշառ եւ պասիվ հատվածին ակտիվացնենք եւ համոզենք՝ նախապատվությունը տան »Ելքին»: Ի՞նչ այլընտրանք ունի փողը մերժող եւ գաղափարով քվեարկող մեր ընտրողը: ՀՀԿ-ն ասելու է, որ ամեն ինչ լավ է, իրեն վստահելու դեպքում ավելի լավ է լինելու ու փող է բաժանելու: Ոչ իշխանություններն ասելու են, որ վատը ՀՀԿ-ն է ու Սերժ Սարգսյանի շրջապատը: Եթե նրանց փոխեն՝ իրենք գան, ամեն ինչ ավելի լավը կդառնա: Ու նորից փող են բաժանելու: Կան նաեւ ուժեր, որ կասեն՝ երկրի վիճակն աննկարագրելի վատ է եւ իշխանությունը դավաճան է: Բայց այդ ուժերը մի քանի օր կամ մի քանի տարի առաջ են դուրս եկել Բաղրամյան 26-ի շքամուտքից, իսկ հետնամուտքից հիմա էլ ելումուտ են անում: Նայելով այս ուժերին՝ ակնհայտ է դառնում, որ ելքը մենք ենք:
Կարդացեք նաև
Վստահ ասում եմ. ընտրակաշառքով ընտրողներ, իմացեք, որ ձեր քվեարկությունը գաղտնի է եւ որեւէ մեկը չի կարող վերահսկել: Ընտրակաշառք չվերցնողներ, քաղաքական եւ քաղաքացիական գիտակցություն եւ ազնվություն ունեցողներ. երկրի հույսը ձեր վրա է: Ակտիվ մասնակցեք ընտրությանը: Սա գործող իշխանության իրական փոփոխության միակ քաղաքակիրթ եւ անվտանգ հնարավորությունն է: Մեզ հետ միասին պայքարեք ու վստահեք մեզ», – հայտարարեց Արամ Սարգսյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ