Հունվարի 21-ին, ժամը 14-ի սահմաններում Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բաղանիս գյուղի բնակիչները շուրջ 40 րոպե փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհը: Դրա հետեւանքով ավտոմեքենաների,այդ թվում՝ «ֆուռերի» կուտակում է եղել: Միջպետական ավտոճանապարհը փակելու պատճառն այն է, որ բաղանիսցի երկվորյակ եղբայրներ Նաիրի, Նարեկ Բեգլարյանները եւ Սերյոժա Հովակիմյանը ցանկացել են ժամկետային զինվորական ծառայության մեկնել հայրենի գյուղից, սահմանից, մանավանդ, որ Նաիրի եւ Նարեկ եղբայրների ավագ եղբայրը նոր է ժամկետային զինծառայությունից վերադարձել Արցախից:
Նշենք, որ հունվարի լույս 21-ի գիշերը ադրբեջանական զինուժը կրակ է բացել Բաղանիս գյուղի վրա: Նոյեմբերյանի զինկոմիսարիատում համարել են, որ բաղանիսցի զինակոչիկները Նոյեմբերյան քաղաք չներկայանալով՝ ծառայությունից խուսափել են եւ նրանց անունները հանել են այսօր զինծառայության մեկնողների ցուցակից: Իրավիճակը շտկելու համար Բաղանիս է եկել Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ժամը 14.40-ի սահմաններում միջպետական ավտոճանապարհը բացվել է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև