Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ամենայն հավանականությամբ, Լապշինը խոշտանգումների կենթարկվի». Արա Ղազարյան

Հունվար 21,2017 13:51

«Կոնվենցիայի տեսանկյունից բլոգերի հանձնումը իրավաչափ չէ, որովհետեւ կոնվենցիան հստակ դրույթներ է պարունակում, որ տվյալ անձն իր քաղաքական հայացքների համար չի կարող հանձնվել: Բացի այդ, կան նաեւ իրավական այլ խնդիրներ, հանցակազմի որակման հետ կապված, արդյոք ԼՂ տարածք մուտք գործելը Ադրբեջանի քրեական օրենսդրության տեսանկյունից կարելի է որակել հանցագործություն, թե՝ ոչ: Եթե հետեւենք Ադրբեջանի օրենսդրությանը, ապա վերջինիս գործողությունները պետք է կատարված լինեին պահպանվող սահմանի հատմամբ: Վերջինս հատել է Ադրբեջանի իշխանությունների կողմից չպահպանվող սահմանի տարածք, ԼՂ-ն երբեք չի կարող դիտարկվել որպես Ադրբեջանի տարածք»,- այսօր «Հայք» ակումբում ասաց փաստաբանների պալատի փաստաբան Սիմոն Բաբայանը՝ անդրադառնալով ՌԴ քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինին արտահանձնելու վերաբերյալ Ադրբեջանի պահանջին:

Հիշեցնենք, որ համացանցում իր տուրիստական նոթերով հայտնի Լապշինը տարիներ առաջ երկու անգամ այցելել էր Ղարաբաղ՝ այն ճանաչելով որպես անկախ պետություն, ամիսներ առաջ էլ քննադատել Իլհամ Ալիևին, ինչից հետո պաշտոնական Բաքուն բլոգերի դեմ մի քանի քրեական գործ էր հարուցել և միջազգային հետախուզում հայտարարել:

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը արդեն Բելառուսի իրավապահներին ներկայացրել է անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը բլոգեր Ալեքսանդր Լապշինին արտահանձնելու համար:

Փաստաբանը նկատեց, որ Բելառուսի ու ՌԴ-ի միջեւ կա պայմանագիր, որում նշվում է, որ երկու պետությունների քաղաքացիներն օգտվում են հավասարազոր իրավունքներից. «ՌԴ-ի Սահմանադրությունն ուղղակի արգելք է պարունակում իր քաղաքացիների արտահանձնումն այլ պետությունների պահանջով: Այս առումով Բելառուսի դատախազության կողմից կայացված որոշումը կասկածելի է»:

Փաստաբան Արա Ղազարյանի խոսքով, Ադրբեջանը ներքաշվելու է աշխարհակարգի դեմ, ԵԱՀԿ ազատ խոսքի դեմ. «Յուրաքանչուր ոք, որ կքննադատի Ադրբեջանի քաղաքականությունը ԼՂ դեմ, դիտարկվելու է հանցագործ… Լապշինի գործը հիմք է տալու դիմել տարբեր միջազգային կառույցների, որպեսզի կանխվի արտահանձնումը: Ամենայն հավանականությամբ, Լապշինը խոշտանգումների կենթարկվի, որի հիմքում հայատյացությունն է»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031