Երկու օր է՝ մամուլում ակտիվորեն շրջանառվում է SAS սուպերմարկետների ցանցի երկու սուպերմարկետի՝ Երևան քաղաքի Թումանյան և Բաղրամյան փողոցում գտնվողների խանութների փակման հարցը:
Նախօրեին թեմային արձագանքել է Պետեկամուտների կոմիտեն, որտեղից հայտնել էին, որ ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեն օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակներում իր գործառույթն է իրականացնում:
SAS ցանցի շուրջ ծավալվող զարգացումները հետաքրքիր են նաեւ այն պատճառով, որ ցանցի սեփականատերը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանն է (SAS-ի Արտակ):
Ավելին՝ շրջանառվող տեղեկությունների համաձայն, առաջիկա խորհրդարանական ընտրություններում, Երևանի մի քանի վարչական շրջաններում, իշխող ՀՀԿ-ի համար ձայներ բերելու «սուրբ գործը» հենց Արտակ Սարգսյանի վրա է դրված:
Կարդացեք նաև
Օրեր առաջ, կառավարության 100 օրվա ամփոփիչ ասուլիսում, ի պատասխան լրագրողներից մեկի այն հարցադրմանը, թե արդյոք վարչապետը օլիգարխների հետ լեզու գտնում է, վարչապետ Կարեն Կարապետյանը «հանգստացնում» էր օլիգարխներին՝ ասելով, թե «օլիգարխների հետ ինձ շատ հանգիստ եմ զգում, ապահով: Ես չգիտեմ այդ բառի տակ ինչ եք դնում, ապահով»:
Սակայն ինչպես երևում է, ի տարբերություն վարչապետի, օլիգարխները Կարեն Կարապետյանի կառավարության հետ, իրենց այլևս այդքան էլ ապահով ու հանգիստ չեն կարող զգալ: Հուսանք, որ մեկնարկը տրված է եւ օլիգարխները կզգան կառավարության կարգավորիչ դերը եւ ոչ միայն առեւտրի ոլորտում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ