Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառուկյանի վերադարձը կփոխի ընտրությունների արդյունքների համայնապատկերը

Հունվար 21,2017 13:17

Արդեն բավականի ժամանակ խոսվում էր Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու-չվերադառնալու մասին, որի վերաբերյալ մամուլում տեղ գտան բազմաբնույթ ու բազմապիսի վերլուծություններ, որոնք ինչ-որ իմաստով ներկայացրին նրա քաղաքականություն վերադառնալու նշանակության և հետևանքների մասին:

Իհարկե, դեռ հայտնի չէ նրա հայտարարության կայունությունը՝ կախված բազմապիսի աներևույթ հանգամանքներից, այնուամենայնիվ փորձենք ներկայացնել սպասվող զարգացումները նրա վերադարձի դեպքում:

Բոլորս ենք հիշում հայտնի դեպքերը, երբ Ծառուկյանը ստիպված եղավ հրաժեշտ տալ քաղաքականությանը, որից հետո եղավ նաև ժողովրդական խիստ հիասթափություն, սկսվեց մեծաթիվ բարգավաճականների հեռացումը կուսակցությունից, շարքային կուսակցականներից մինչև խմբակցության պատգամավորներ, որը պարզորոշ վկայում է այն մասին, որ այդ մարդիկ ոչ թե գաղափարական կուսակիցներ էին, այլ Ծառուկյանի անձով պայմանավորված մարդիկ:

Անկեղծ ասած, նման իրավիճակը շատ հարիր է Հայաստանի քաղաքական դաշտի բովանդակային նկարագրին և նման բանի մեկ անգամ չէ, որ ականատես ենք եղել: Սա հերթական անգամ վկայեց, որ մենք ամեն դեպքում՝ ոչ թե գաղափարի, այլ անձնապաշտ ժողովուրդ ենք: Ծառուկյանի կողմից մի քանի օր առաջ արված հայտարարությունից շատ-շատերը դարձյալ ոգևորվել են, ովքեր փոփոխությունների մեծ հույսեր են կապում նրա վերադարձի հետ:

Եթե փորձենք ավելի խորքային նայել այդ իրադարձությանը, ապա պարզ կդառնա, որ հատկապես ընդդիմադիր դաշտում կար քաղաքական վակում, որը ճիշտ ժամանակին նկատեցին, հաշվեցին այդ կուսակցության բազմաթիվ անդամներ, որոնք էլ Ծառուկյանի հետ համատեղ իրականացրած ռեվերանսներով, տեր կանգնեցին այդ բացին: Եթե գործող ընդդիմադիր դաշտը իրականում ծածկեր ժողովրդի ընդդիմադիր հատվածի սպասելիքները, Ծառուկյանի վերադարձը մի տեսակ անժամանակ և ինքնանպատակ կլիներ: Սակայն, այս դեպքում, կարծես արդարացված է այդ վերադարձը:

Իհարկե, չի կարելի բացառել նաև այն իրողությունը, որ այդ հայտարարությունը կարող է լինել նաև ինչ-ինչ պայմանավորվածությունների արդյունք, որը ավելի պարզորոշ կդառնա ընտրությունների ավարտից հետո: Համոզված եմ, որ ընդդիմադիր, կիսաընդիմադիր և որոշակի այլ ուժերի բացարձակապես ձեռնտու չէր Ծառուկյանի վերադարձը, սակայն դա շատ քիչ է և կար բավականին մեծ ժամանակ, որպեսզի այդ ուժերը ճիշտ մարտավարության դեպքում, իրենք լրացնեին այդ վակումը և ազատ տեղ չթողնեին Բարգավաճ Հայաստանի համար, մանավանդ, որ այդ ընթացքում շատերը հիասթափված էին այդ կուսակցությունից և այն ինչ-որ իմաստով անղեկավար էր մնացել:

Չաշխատեցին ամառը, սոված կմնան ձմեռը: Սա է կյանքի օրենքը, որին մենք տեղյակ ենք դեռևս դպրոցական տարիներից: Նորից եմ կրկնում, ոչ շատ վաղ անցյալում՝ մոտ 2-3 տարի առաջ, որքան որ համակրանք կար Ծառուկյանի անձի նկատմամբ, համարյա նույնքան էլ հիասթափություն արձանագրվեց նրա նկատմամբ և այդ տարիներին ընդդիմադիր քաղաքական դաշտը համարյա ազատ էր և եթե բավարարեր գոյություն ունեցող ընդդիմադիր դաշտի հոտառությունը և կարողությունները, ապա նրանք վաղուց պետք է տիրություն անեին այդ չափազանց նպաստավոր և համարյա լիովին ազատ դաշտին:

Իսկական քաղաքականությունը հենց դա է, երբ ժամանակին նկատում ես այդ դաշտի ազատ կետերը և փորձում ես անմիջապես լցնել դրանք, քանզի ուշացումն այս պարագայում անդառնալի և վերջնական կորուստ է: Նվազագույնը անհասկանալի է, եթե մնացած ընդդիմությունը եղած ազատ դաշտը չկարողացավ իրենով անել, ապա այն լրացնելուց հետո, սպասվող անզիջում պայքարի ընթացքում, ինչպես կարող է լուրջ արդյունքների հասնել և հետևաբար, ինչի վրա է նրա հույսը: Պատահականությունների՞…: Պարզից էլ պարզ է, որ քաղաքականության մեջ հիմնականում նման պատահականություններ չեն լինում, այն էլ նման անզիջում պայքարի ընթացքում, երբ նժարին դրված է ոչ միայն ԱԺ-ի, այլ ամբողջ իշխանության կազմավորումը, որից թանկ բան՝ վերջին 25 տարիների ընթացքում Հայաստանում, գուցե և ամբողջ աշխարհում չի եղել:

Այժմ տեսնենք, թե այդ հայտարարության արդյունքը ինչ հետևանքներ կունենա Ազգային ժողովի ձևավորման վրա: Մի բան ակնհայտ է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Ծառուկյանի քաղաքական դաշտ վերադառնալու հայտարարությամբ՝ ձայների քանակով ԱԺ-ում կապահովի 2-րդ տեղը, սակայն որքան կլինեն այդ ձայները, դժվար է կանխատեսել, քանզի դա կախված է բազմաթիվ և բազմապիսի գործոններից:

Եթե հավատանք ընդդիմության կողմից մինչև այսօր արված բազմաթիվ հայտարարություններին, ապա կարող ենք ֆիքսել, որ նրանք ընտրական ողջ գործընթացում ամեն կերպ փորձելու են վերահսկողության լայն դաշտ ապահովել, գործի դնելով ընդհուպ՝ մոտ 4000 վստահված անձանց, դիտորդների, լրագրողների բանակը և ամեն կերպ փորձելու են, որպեսզի լիովին առնեն ընտրախախտումների դեմը: Իհարկե, տեսականորեն դա հնարավոր է, մնացածը կերևա ընտրություններից հետո:

Արդարության դեմ չմեղանչելու համար, պետք է բարձրաձայնենք նաև, որ այս ընտրական օրենսգիրքը վերահսկողության այնքան լծակներ է տալիս ընդդիմությանը, որ հազիվ թե գործող իշխանությունները դա չհասկանան և փորձեն ինչ-ինչ անօրինականությունների գնալ: Տրամաբանական է, որ այս պայմաններում իշխանությունները հավանաբար չեն գնա այլ քայլերի և այս ընտրությունները՝ վերջին բոլոր ընտրությունների համեմատ, կդառնան համեմատաբար ամենամաքուրը, այնպես որ, ընդամենը մնում է ընդդիմությունը լավ աշխատի և անհաջողությունների բեռը չփորձի բարդել իշխանությունների վրա:

Ապրենք և հուսանք…

 

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Քաղաքագետ, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031