Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լավրովի դատարկ փամփուշտն ու ՀՀ ԱԳՆ-ի ոգեւորությունը. «Հայկական ժամանակ»

Հունվար 21,2017 12:18

Հայաստանի դիվանագիտական եւ քաղաքական շրջանակներում մեծ ոգեւորություն էր առաջացրել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի պատասխանն ադրբեջանցի լրագրողի հարցին նույն հունվարի 17-ի ասուլիսի ժամանակ: Լրագրողը հարցրել էր` եթե Ադրբեջանը սկսի «ազատել իր օկուպացված տարածքները», արդյոք Մոսկվան ա՞չք կփակի, թե՞ «կմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին»:

Լավրովը պատասխանել էր, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը «բացառապես Ադրբեջանի ներքին գործերի թեմա չէ»: Խոսել էր ՄԱԿ-ի ԱԽ-ում ընդունված փաստաթղթերի մասին, ԵԱՀԿ ՄԽ-ի ձեւաչափով ընդունված փաստաթղթերի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ստորագրած փաստաթղթերի մասին, որոնք բոլորը բացառում են հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհը:

Ադրբեջանի լրագրողի հարցը, սակայն, այն մասին էր, թե արդյո՞ք Ռուսաստանը կմիջամտի, եթե Բաքուն նոր լայնամասշտաբ հարձակում նախաձեռնի Արցախի ուղղությամբ: Ամենայն ուշադրությամբ մի քանի անգամ ընթերցեցինք Լավրովի պատասխանը, սակայն սույն հարցի պատասխանն այստեղ չգտանք: Փոքրիկ թրեյնինգն առ այն, թե ինչու չի կարելի ղարաբաղյան հակամարտությունը Ադրբեջանի ներքին գործ համարել, բոլորովին չի ենթադրում, որ նոր հարձակման վրա ՌԴ-ն աչք չի փակի:

Հասկանալու համար, թե ինչու է ադրբեջանցի լրագրողն այս հարցը հնչեցրել, արժե հիշել, որ ապրիլյան պատերազմի օրերին բազմաթիվ վերլուծաբաններ կարծիք էին հայտնում, որ Ադրբեջանի հարձակումը համաձայնեցված է եղել ՌԴ-ի հետ: Ըստ որոշ գնահատականների, Ալիեւին 5 օր ժամանակ է տրվել՝ հարձակվելու եւ ռազմի դաշտում իր ուժերը փորձարկելու համար: Եվ հիմա ադրբեջանցի լրագրողի լեգիտիմ իրավունքն է հետաքրքրվել՝ արդյո՞ք այդպիսի եւս մեկ հնարավորություն իր երկիրը կունենա, թե՝ ոչ: Ռուսաստանի արտգործնախարարը հարցն, ըստ էության, բաց թողեց: Դիվանագիտական հնարքներով իր պատասխանում նա այդպես էլ չբացառեց, որ նման բան կարող է լինել:

Հայկական ԶԼՄ-ների ներկայացմամբ՝ Ադրբեջանում հիստերիա է առաջացրել Լավրովի պատասխանը: Եթե նույնիսկ այդպես է, չի հասկացվում, թե ինչու: Ինչպես չի հասկացվում, թե Հայաստանում ինչու է այն ոգեւորություն առաջացրել:

Միջազգային հարաբերություններում արտաքին գործերի նախարարների հայտարարություններն, իհարկե, շատ կարեւոր են, բայց միայն այնքանով, որքանով ցույց են տալիս որեւէ խնդրի վերաբերյալ տվյալ երկրի քաղաքականության, մտադրությունների վեկտորը: Դիվանագիտության մեջ քիչ չեն նաեւ հայտարարություններ, որոնք դատարկ փամփուշտ են եւ ընդամենը: Կարծում ենք, ադրբեջանցի լրագրողին Սերգեյ Լավրովի պատասխանը, դրան հետեւած պաշտոնական Բաքվի եւ Երեւանի արձագանքները, այս վերջին կատեգորիայից են:

Աննա ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031