Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Սեյրան Օհանյանը ժամանակին չի բարձրացրել այն բոլոր հարցերը, որոնք այսօր բարձրացնում է. Գառնիկ Իսագուլյան. «Փաստ»

Հունվար 21,2017 11:33

Հատված «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանի հարցազրույցից:

– Ընդդիմադիր դաշտում այսօր ուրվագծվում է մեկ այլ, քիչ թե շատ, լուրջ բևեռ՝ Սեյրան Օհանյանի գլխավորությամբ: Այդ դաշինքը ի՞նչ շանսեր ունի:

– Բավականին դժվար է այդ հարցին պատասխանել մի քանի պարզ պատճառով: Նախ, մենք չգիտենք, թե Ս.Օհանյանին առնչվող ի՞նչ կարգի խնդիրներ պետք է դուրս գան օրակարգ: Մենք ունեցել ենք ապրիլյան պատերազմ: Կան քննադատելի և իրականությանը համապատասխանող բացթողումներ, որոնց հիմնական պատասխանատուն ո՞վ է եղել:

– Գերագույն գլխավոր հրամանատարը:

– Կար նաև պաշտպանության նախարար, ով արդյոք ամեն ինչը ճի՞շտ է զեկուցել գերագույն գլխավոր հրամանատարին: Շատ կարևոր հարց է: ՊՆ առանձին լուրջ կառույց է, որը, համենայնդեպս, խաղաղ պայմաններում իր բոլոր ենթակառուցվածքների հետ տարվող աշխատանքներում, դրանց ռազմական տեխնիկայի ապահովման գործում և շատ այլ խնդիրներում բավականին ինքնուրույն է: Արդյոք ի հայտ կգա՞ն նման հարցեր, թե՞ ոչ: Դրանց պատասխանները կա՞ն, թե՞ չկան:

Երկրորդ, ինչո՞ւ ժամանակին չեն բարձրացվել այն բոլոր հարցերը, որոնք այսօր բարձրացվում են: Կարող է արդարացում լինել, թե որպես զինվորական և այլն: Բայց ի՞նչն է փոխվել: Որպես զինվորական, դուք հասարակությանը խաբո՞ւմ էիք, կամ ինքներդ չէի՞ք տեսնում: Եթե չէիք տեսնում, ապա ինչով կհիմնավորեք, որ այսուհետ կտեսնեք: Եվ արդյոք այդ դաշինքը, որ ձևավորվում է, հնարավորություն կունենա՞ այս կարճ ժամանակահատվածում հասարակությանը նախ համոզել իր ճշմարտացիության մեջ, ապա բավարարել ԸՕ բոլոր պահանջները:

Եվ որտեղի՞ց պետք է առաջանան այն ֆինանսական միջոցները, որ ուզենք, թե չուզենք, անհրաժեշտ են նախընտրական գործընթացները կազմակերպելու համար:

 – Խոսվում է, որ հնարավոր է Օհանյան–Ծառուկյան տանդեմ: Դա որքանո՞վ է հավանական:

– Անկեղծ պատասխանեմ՝ հավանական չէ, որովհետև Ծառուկյանը չի կարող իր վարկանիշը հարվածի տակ դնել: Նրա վարկանիշը հիմնականում ձևավորվել է այն առանցքի շուրջ, որ ցանկացած գործունեության մեջ արդար է, ազնիվ և անձնական շահ չի հետապնդում: Այս պարագայում նրան կուղղվեն հարցեր՝ պայմանավորված ուրիշ մեկով, և այդ հարցերի պատասխանները նա դժվար թե ունենա: Նրան ամենևին պետք չէ ապրիլյան պատերազմի հարցերի բեռը վերցնել իր վրա»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031