Լրահոս
Օրվա լրահոսը

Դոնալդ Թրամփ. «Անցած տարիներին Վաշինգտոնը ծաղկել է, սակայն մարդիկ չեն օգտվել այդ հարստությունից». (Տեսանյութ). «Ամերիկայի ձայն»

Հունվար 21,2017 10:16

Դոնալդ Թրամփը դարձավ ԱՄՆ-ի 45-րդ նախագահը, երբ ամբողջ աշխարհի ուշադրությունը սեւեռված էր Վաշինգտոնի վրա։ Երդմնակալության հանդիսավոր արարողությունը, որը սկսվեց Վաշինգտոնի ժամանակով առավոտյան ժամը 9 անց կես, երկրի մայրաքաղաք էր հրավիրել հարյուր հազարավոր ամերիկացիների ու զբոսաշրջիկների։ Այստեղ էին բերվել անվտանգության ու ոստիկանության 28 հազար թվակազմով ուժեր, որոնք հայտարարել էին, որ ապահովելու են բոլորի խոսքի ազատության ու հավաքներ անցկացնելու սահմանադրական իրավունքը։ Նրանք նկատի ունեին Թրամփի դեմ բողոքի հնարավոր ցույցերը։

«Մենք` Ամերիկայի քաղաքացիներս այսօր համախմբվել ենք մեր հայրենիքը վերակառուցելու ջանքերի շուրջ։ Մենք միասին ենք որոշելու Ամերիկայի ու աշխարհի ուղին եկող տարիների համար։ Մեր առջեւ կխոյանան մարտահրավերներ, կկանգնենք դժվարությունների առջեւ, սակայն մեր նպատակները մենք կիրականացնենք»:

Այսպես սկսեց նախագահի պաշտոնում իր առաջին ելույթը Դոնալդ Թրամփը՝ երախտագիտություն հայտնելով նախագահ Բարաք Օբամային ու առաջին տիկին Միշել Օբամային՝ «անցումային այս փուլում գթառատ աջակցության» համար։

Նրա խոսքերով, անցած տարիներին Վաշինգտոնը ծաղկել է, սակայն մարդիկ չեն օգտվել այդ հարստությունից։ Քաղաքական գործիչները հասել են հաջողությունների, սակայն մարդիկ զրկվել են իրենց աշխատանքից, փակվել են գործարաններ։

«Հաստատություններն ու ձեռնարկությունները պաշտպանել են իրենք իրենց, սակայն՝ ո՛չ մեր երկրի քաղաքացիներին», ասաց Թրամփը` խոստանալով, որ այդ պահից ի վեր «այս ամենը փոխվելու է»: Խոստացավ, որ երկրի կառավարությունը վերահսկվելու է ժողովրդի կողմից։

Անդրադառնալով տնտեսությանը՝ նոր նախագահն ասաց, թե այն ժամանակ, երբ անկում էր ապրում Ամերիկայի տնտեսությունը, ամերիկյան տրիլիոնավոր դոլարներ են ներդրվել օտար երկրներում, ու հայտարարեց, որ դա արդեն մնացել է անցյալում ու այժմ հարկավոր է նայել դեպի ապագան։

«Ամերիկան հետ է բերելու բոլոր աշխատատեղերը, բարեկամության ուղիներ է որոնելու աշխարհի երկրների հետ՝ այն համոզմունքով, որ բոլոր երկրների իրավունքն է նախ առաջ տանել իր իսկ շահը»:

Նախորդ պաշտոնամուտի արարողությունների ժամանակ Ամերիկայում սպասում էին նոր փոփոխությունների: Թրամփի դեպքում, ինչպես վերլուծաբաններից շատերն են ասում, մեկ հարց է այսօր պտտվում երկնքում՝ «Հիմա ինչ է լինելու»:

Ու դրա պատճառը նախընտրական արշավի ընթացքում ու, որ շատ զարմանալի է՝ նաեւ ընտրություններում հաղթանակ տանելուց հետո, Թրամփը հանդես էր գալիս երբեմն իրարամերժ, երբեմն՝ վիճահարույց հայտարարություններով։ Մեքսիկայի սահմանին պարիսպ կառուցելու, Օբամայի բժշկական ապահովագրական համակարգը չեղյալ հայտարարելու խոստումները, ինչպես նաեւ կանանց, սեւամորթ ամերիկացիների ու լատինամերիկացիների մասին երբեմն վիրավորական հայտարարությունները բավարար են, որ մարդկանց մի զգալի հատվածն իրոք հարցնի, թե ինչ է հիմա լինելու։

Ինքը՝ ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաբարձր տարիքում նախագահի պաշտոնը ստանձնած 7Օ-ամյա Թրամփը հայտարարում է, թե 2Օ17 թվականի հունվարի 2Օ-ը հիշվելու է որպես մի օր, երբ ժողովուրդը նորից ստանձնեց ԱՄՆ-ի ղեկավարությունը։

Նա իր խոսքն ավարտեց նախընտրական արշավի իր նշանաբանով, որ «Մենք Ամերիկան նորից հզորացնելու ենք»:

Իսկ քանի դեռ մեծաթիվ խմբեր բողոքի խաղաղ ակցիաներ էին անցկացնում Վաշինգտոնում ու երկրի մի շարք այլ քաղաքներում, կային նաեւ խմբեր, որոնք մայրաքաղաքում, մինչեւ Թրամփի երդումն ու երդումից հետո դիմեցին բռնությունների՝ կոտրելով պատուհանների ապակիներ, շուռ տալով աղբամաններ, կիրառելով հրավառության ճայթիչներ։ Օգտագործելով Թրամփի նշանաբանի հանգերը՝ նրանք վանկարկում էին. «Մենք Ամերիկայում նորից վախեցնելու ենք ռասիստներին»:

Ինչեւէ, բացի ամերիկացիների մի մասի ոգեւորությանը եւ մյուս մասի մտահոգություններին, կա նաեւ մեկ այլ կողմ, որոնք պարզապես ցանկանում են սպասել, տեսնելու համար, թե իր որ խոսքերն է Թրամփը փորձելու իրականացնել, նրանք, որոնք արտասանել է մինչեւ նախագահի պաշտոնում երդում տալը, թե արդեն նախագահի պաշտոնում առաջին ելույթում արտասանածները։

Արամ ՎԱՆԵՑՅԱՆ

«Ամերիկայի ձայն» ռադիոկայան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031