Լրահոս
Օրվա լրահոսը

Մոտ 3 միլիարդ դրամ՝ գյուղացիներին խորհուրդ տալու համար

Հունվար 21,2017 15:30

Գյուղական խորհրդատվական ծառայությունները որքանո՞վ են արդյունավետ, արդյոք դրանք անհրաժե՞շտ են գյուղացիական տնտեսություններին եւ ի՞նչ օգուտ են տալիս. այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ վերջերս ուսումնասիրություն է հրապարակվել:
Այդ հետազոտությունն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ գյուղական խորհրդատվություններ ծրագրի համար միլիարդներ են ծախսվում, բայց պետական այդ խորհուրդները շատ քիչ գյուղացիներ են լսում, հետեւաբար օգուտն էլ քիչ է:
Գյուղական խորհրդատվական ծառայություններ-բյուջետային ծրագրի գնահատում այս ուսումնասիրությունն իրականացրել է «Տնտեսական զարգացման եւ հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Օքսֆամի» հետ համատեղ՝ ԵՄ ֆինանսավորմամբ:

Այս ծրագիրը Հայաստանում գյուղացիական տնտեսությունների տնտեսվարման գիտելիքների եւ փորձի բարելավմանն ուղղված շարունակաբար իրականացվող պետական ծրագիր է: Եվ ինչպես զեկույցում է նշված, ըստ հետազոտության արդյունքների՝ ծրագրի արդյունավետությունը բարձր չէ:

Հարցումն անցկացվել է հանրապետության 1,800 գյուղացիական տնտեսություններում, որոնք հանդիսացել են պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին ծրագրից օգտված գյուղական համայնքների տնտեսությունները:
Ըստ զեկույցի՝ գյուղատնտեսության աջակցության կենտրոնների մասին լսել է հանրապետության գյուղացիական տնտեսությունների` ԳՏ-ների ընդամենը 20%-ը, իսկ բավականին լավ է տեղեկացված այդ տնտեսությունների միայն 8-ը: Ծրագրի շրջանակներում խորհրդատվական միջոցառումներին ԳՏ-ների մասնակցության մակարդակը ցածր է: Այսինքն՝ կարելի է նկատել, որ գյուղացիները այնքան էլ հակված չեն լսել պետական «չինովնիկների» խորհուրդները: Խորհրդատվական ծառայություններ է ստացել ԳՏ-ների ընդամենը 10%-ը:

Հետազոտության արդյունքներով՝ փոքր է նաեւ ծրագրի ազդեցությունը գյուղացիական տնտեսությունների տնտեսվարման արդյունավետության բարելավման տեսանկյունից: Ծրագրի շահառու ԳՏ-ների մոտ 47%-ը ստացած տեղեկատվությունը երբեւէ չի օգտագործել իր տնտեսության վարման ընթացքում: Խորհրդատվական ծառայությունները մատուցվում են շահառուների գոհունակության ոչ բարձր մակարդակի պայմաններում:
Համաձայն գյուղացիական տնտեսությունների պետական աջակցության գնահատման ընտրանքային հետազոտության՝ ԳԱՄԿ-երի մասին լսել է եւ նրանց գործունեության մասին տեղյակ է հետազոտությանը մասնակցած ԳՏ-ների ընդամենը 20%-ը: ԳԱՄԿ-երի գործունեությանը «բավականին լավ» տեղյակ է ԳՏ- ների 8 %-ը, իսկ 12%-ը «տեղյակ է, բայց ոչ մանրամասն», 80%-ը չի էլ լսել:


Գյուղական խորհրդատվական ծառայություններ ծրագրի շրջանակներում ԳԱՄԿ-երի կողմից կազմակերպված տարբեր միջոցառումների շրջանակներում վերջին երեք տարիների ընթացքում խորհրդատվական ծառայություններ է ստացել հետազոտությանը մասնակցած ԳՏ-ների ընդամենը 9.8%-ը, որը կազմում է ԳԱՄԿ-երի մասին տեղեկացվածների 48.9 տոկոսը: ԳՏ-ների 6.3%-ին մատուցվել են տարբեր կարգի տեղեկատվական ծառայություններ, 6.4%-ը մասնակցել է դաշտային ուսուցումների, իսկ 6.4%-ն էլ ստացել է մասնագիտական եւ մարքեթինգային խորհրդատվություն:

Հարցված ԳՏ-ների 99.2%-ն ունի սեփական հողակտոր, որը ներառում է նաեւ տնամերձը: Ընդ որում, 79.3% տոկոսն ունի միայն սեփական հողակտոր, իսկ մնացածը մշակում է նաեւ վարձակալված կամ անհատույց վերցված այլ հողակտոր:

Սեփական հողատարածքն ամբողջությամբ մշակում է գյուղացիական տնտեսությունների 69.8%-ը: Հողատարածքներն ամբողջությամբ չմշակելու հիմնական պատճառը ԳՏ-ների մոտ 50%-ի համար ֆինանսական միջոցների բացակայությունն է, իսկ ոռոգման խնդիրը հողերը չմշակելու համար 42% գյուղացիական տնտեսությունների մոտ է: Հողի հեռավորության կամ ցածր որակի խնդիր ունի ԳՏ-ների 30%-ը:

Հարցմանը մասնակցած ԳՏ-ների կողմից ստեղծված գյուղատնտեսական համախառն եկամտի մեծ մասը՝ 60 %-ը, բաժին է ընկնում բուսաբուծությանը, անասնապահությունից ստացվում է համախառն արդյունքի 30%-ը, իսկ հարակից տնտեսական գործունեությունից` 10 %-ը:

Գյուղացիների ստեղծած արդյունքի, այսինքն՝ բերքի, մթերքի 53.1%-ը սպառվում է ԳՏ-ներում, փոխանակվում կամ վաճառվում է մնացած 46.9%-ը: Զեկույցի համաձայն՝ ապրանքային տնտեսության մակարդակը բավականին փոքր է. ԳՏ-ների 25.2%-ն արտադրած բերքի եւ մթերքի մինչեւ 20%-ն է իրացնում, այդ թվում՝ մոտ 18%-ն արտադրված բերքն ընդհանրապես չի իրացնում, այլ ամբողջությամբ պահում է սեփական տնտեսությունում սպառման կամ վերարտադրության համար: ԳՏ-ների 18.8%-ն է արտադրված բերքի մեծամասնությունը վաճառում կամ փոխանակում:
Գյուղական խորհրդատվական պետական ծրագրի համար բյուջեից հսկայական գումարներ են տրամադրվում, սակայն հետազոտության արդյունքների համաձայն՝ պետական այդ խորհուրդներից շատ քիչ գյուղացիներ են օգտվում:

Անցյալ տարի գյուղական խորհրդատվական ծրագրի համար պետական բյուջեից հատկացվել է 397.3 միլիոն դրամ, 2015-ին՝ 395.8 միլիոն դրամ, իսկ 2014-ին՝ 346.5 միլիոն դրամ: Զեկույցում նշված է, որ այս ծրագրի ֆինանսավորման ծավալները 2008- 2016 թվականների ընթացքում աճել են 2.8 անգամ կամ միջինը տարեկան 13.9%-ով:
Այդ գումարները ծախսվել են սեմինարների, դաշտային ուսուցումների, փորձացուցադրական աշխատանքների, ռադիոհեռուստահաղորդումների, տեղեկատվական թերթիկներ եւ բուկլետներ տպելու համար:

Եվ քանի որ ծրագրի արդյունավետությունը շատ ցածր է, ուստի հետազոտության հեղինակները կարծում են, որ այն բարեփոխման կարիք ունի, եւ մի քանի առաջարկներ են ներկայացրել կառավարությանը:

 
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

20.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031