Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղացին ոչ էլ կշահի «Վինար»-ին դատի տալով

Հունվար 21,2017 15:00

«Վինար» ընկերության գործով դատախազությունը զբաղվում է, իսկ թե գործի վերջում, անգամ դատարան գնալուց հետո, գյուղացին դրանից ինչ կշահի` գյուղոլորտի պատասխանատուները չեն կարող ասել:

Երեկ այս ընկերության` խաղողագործներին ունեցած պարտքի մասով գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն ասաց, որ հիմա էլ փորձում են խնդիրը լուծել իրավական դաշտում. «Գիտեք, որ անցած տարի նախարարությունը միջնորդությամբ հանդես եկավ եւ դիմեց դատախազություն, որպեսզի հարցը պարզաբանվի իրավական դաշտում: Հիմա Գլխավոր դատախազությունը զբաղվում է»:
Ռոբերտ Մակարյանի խոսքով՝ խաղողի մթերման ոլորտում «տխուր ընկերություններ» շատ կան, բայց «տխրահռչակը» «Վինարն» է:

Հիշեցնենք, որ սա այն ընկերությունն է, որը մի շարք համայնքների` Քաղցրաշենի, Շահումյանի, Նորաշենի, Այգեզարդի, Այգեպարի եւ Նարեկի խաղողագործներից խաղող էր մթերել ու դրա դիմաց գյուղացիներին չի վճարել:

Փոխնախարարի տվյալներով՝ խաղող մթերող գործարանները մթերած խաղողի դիմաց գյուղացիներին դեռեւս 2015 թվականից պարտք են 105 միլիոն դրամ, որի մեծ մասը՝ 84 միլիոն դրամը, «Վինար» ընկերության ունեցած պարտքն է:

Ամեն անգամ խաղողագործների դժգոհություններին ի պատասխան՝ «Վինարի» ղեկավարը` Ավետիք Գալստյանը, ասել էր` համբերեք, կվճարեմ: Սակայն ժամանակը պտտվում էր, գյուղացիների չվճարած վարկերն ու տոկոսները` մեծանում:

Գյուղոլորտի պատասխանատուներն էլ խաղողագործներին խորհուրդ էին տալիս դատի տալ: Գյուղացիներն ընկել, հարցուփորձ էին արել ու պարզել, որ ընկերությունն իր անունով ոչ մի գույք չունի, որպեսզի գոնե դրանք վաճառի եւ գյուղացիների գումարները վճարի, ուստի ընկերությանը դատի տալն անիմաստ էին համարել:

Կառավարության առաջ մի քանի անգամ բողոքի ակցիաներ կազմակերպելուց հետո, անցյալ տարի հոկտեմբերին, խաղողագործներին ու ընկերության ղեկավարին ընդունեց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

«Վինարի» սեփականատեր Ավետիք Գալստյանը բոլորի ներկայությամբ տղամարդու խոսք էր տվել, որ պահեստավորած խաղողի սպիրտը կվաճառի եւ գյուղացիների պարտքը կմարի, սակայն խոստումն այդպես էլ չէր կատարել, քանի որ, ինչպես հետագայում պարզվել էր, «Վինարի» խաղողի սպիրտն էլ մեկ այլ բանկում է գրավադրված: Մինչդեռ նախարարությունում նախարարի հետ հանդիպման ժամանակ գործարարի առաջ պարտքը մարելու «սեղմ ժամկետներ» էր դրվել, Ռոբերտ Մակարյանին էլ հանձնարարվել` հետեւել գործընթացին:

Գյուղացիներին, մասնավորապես, մտահոգում էր բանկերին ունեցած պարտքերը, որոնց վճարումները չեն կարողանում կատարել, ինչի հետեւանքով «սեւ ցուցակներ» են ընկնում ու համարվում անպարտաճանաչ հաճախորդ՝ քիչ չէ, մի հատ էլ իրենց երաշխավոր կանգնած անձանց «քաշում»: Իսկ վերցրած վարկերի դիմաց, ինչպես խաղողագործներն էին նշում, մարդիկ տուն-տեղ են գրավադրել:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

20.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031