Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ Կոմիտասը լոկ փողոցի անուն է

Հունվար 21,2017 13:00
herustacuyc

Բաց նամակ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին

Հայաստանի անկախացումից ի վեր մեր հասարակությունը ձերբազատվեց նախկին վարչակարգի պարտադրած որոշակի կապանքներից: Ազատականացումը, բնականաբար, ընդգրկեց նաեւ մշակույթի ոլորտը: Պաշտոնապես վերացվեց գրաքննությունը: Եվ փառք տիրոջը: Ստեղծագործող մարդիկ հայրենիքում ստացան ազատ արարելու հնարավորություն: Ինչպես ասում են՝ «Խորը շունչ քաշեցին» եւ շատ արագ ընկան հակադիր ծայրահեղության գիրկը: Ասելիքս ուզում եմ նեղացնել ու կենտրոնացնել հեռուստատեսությամբ քարոզվող ցածրաճաշակ եւ երաժշտության կամ արվեստի հետ շատ հեռավոր եզրեր ունեցող (կամ առհասարակ չունեցող) «շոու բիզնեսի» որոշ դրսեւորումների վրա:

Որոշակի գումարի առկայության պարագայում, ցանկացած ոք, իր ճաշակին, երեւակայությանը հարիր, ցանկացած սյուժեով կարող է տեսահոլովակ արտադրել:
Օրինակ՝ տաք ծովափի ժայռերին, գեղատեսիլ միջավայրում, ինտիմ ներքնազգեստի տարրերով «զինված», փորի վրա պառկած «հուրի-փերին» արաբա-թրքական լադում բայաթիով աղերսում է իր սիրո ասպետին՝ չլքել իրեն: Թե ինչպես է «հաջողեցնում» կիսամերկ այս աղջնակը վերը նշված պայմաններում եւ հատկապես դիրքում երգել, վոկալի որ «դպրոցն» է ներկայացնում, թողնենք նեղ մասնագետների դատին: Ի վերջո, խոշոր հաշվով, այսպիսի «պրոյեկտների» դեմ ոչինչ չունեմ՝ քանզի գումարի տերն է իրավասու որոշելու, թե իր միջոցները ինչի վրա կծախսվեն: Բայց ես դեմ եմ, որ նմանատիպ «պրոյեկտներով» շուրջօրյա ահաբեկեն հայաստանյան եթերը ու հեռուստաալիքներով «ճաշակ» ձեւավորեն: Կարծում եմ, որ մեր համաքաղաքացիներից շատերն ինձ հետ կհամաձայնեն:

Անցյալ դարից եկածներս այս երեւույթի դեմ որոշակի իմունիտետ ունենք, քանի որ գրաքննվող ռադիոհեռուստատեսությունը հետեւողականորեն, ամեն օր մատուցում էր որոշակի չափանիշներին համապատասխանող, հանրամատչելի՝ դասական, ժողովրդական, էստրադային (նաեւ փոփ, ռոք, ջազ) ոճի երաժշտություն: Նոր սերունդն արդեն քառորդ դար զուրկ է այս «հոգեւոր սննդից»: Հանրակրթական դպրոցներում երգ-երաժշտության պարտադիր ժամերը բացակայում են: Փակվել են երաժշտական դպրոցներից շատերը, արհմիութենական պալատ, տուն, ակումբները չեն գործում: Մշակույթի նախարարության ենթակայությամբ եւ Հայաստանի համարյա բոլոր բնակավայրերում նախկինում գործող ակումբ-գրադարանային ցանցից բան չի մնացել: Այսօր շատ պատանիների համար, ցավոք, Կոմիտասը լոկ փողոցի անունն է: Թումանյանը ասոցացվում է «շաուրմայի», իսկ Չարենցը, Սարյանը՝ թղթադրամի հետ: Հիմա, երբ հանդիպում ենք երիտասարդ, բայց ոչ բարեկիրթ պաշտոնյայի, զարմանալ պետք չի՝ ոչինչ անհետեւանք չի մնում:

Գեղագիտությունը, վարվելակերպը, մշակույթն ընդհանրապես երկարատեւ, հետեւողական աշխատանքի, նաեւ ֆինանսավորման խնդիր է… Հասկանալի է, որ մեր, մեղմ ասած, ոչ շատ հարուստ երկրի ֆինանսական հնարավորությունները, հատկապես Ադրբեջանի հետ արդեն քառորդ դար չդադարող պատերազմի (դե յուրե եւ դե ֆակտո) պայմաններում, սուղ են: Մեր բանակին զենք, զինամթերք, սնունդ, հանդերձանք, վառելիք ապահովելն աներկբայորեն առաջնահերթ, անհետաձգելի գործընթաց է: Ոչ միայն մշակույթի, այլեւ մյուս ոչ պակաս կարեւոր ոլորտների ֆինանսավորման համար բյուջեում միջոցներ շատ չեն մնում: Բայց նույն պատերազմական ժամանակին հարիր, գրված ու չգրված օրենքներով, տրամաբանությամբ, երեւի թե ի զորու ենք պահանջելու հեռուստաընկերություններից, որ մի քիչ չափավորեն իրենց ախորժակը եւ այդ «խնջույքը ժանտախտի ժամանակ» ընդմիջեն, գոնե այն ժամերին, երբ հենց իրենց լրատվությունը ազդարարում է սահմանին հայ զինվորի նահատակության գույժը: Թող իրենց նեղություն տան պատկերացնել (եթե կարող են) այդ զոհված զինվորի ծնողի, հարազատի, ընկերների վիճակը, նրանց (մեր բոլորի) ծանր վշտին ոչ համահունչ անդադար «տաշի-տուշիների» ուրախ ֆոնի վրա: Գաղտնիք չէ, որ շուկայական հարաբերությունների իրական մրցակցության պայմաններում, այդ «պրոյեկտներից» մուտքագրվող հազարավոր դոլարները խիստ անհրաժեշտ են մասնավոր հեռուստաընկերություններին:

Չիմացողներին ասեմ, որ «պրոյեկտը» եթեր ուղարկելու իրավունքի համար վճարում է ոչ թե հեռուստաընկերությունն, այլ այդ «պրոյեկտի» տերը. իր ցածրորակ ապրանքը գովազդելու (ռասկռուտկա անելու), հետագայում իրեն համաճաշակ որեւէ ունեւորի թանկանոց խնջույքը «ծաղկեցնելու», հետեւաբար նաեւ «յուղալի պատառ» փախցնելու ակնկալիքով:

Խոսքն, իհարկե, չի գնում համազգային, անժամկետ սուգ հայտարարելու եւ միայն «ռեքվիեմներ» հեռարձակելու մասին, մանավանդ որ, այս «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակի վերջը դեռեւս չի երեւում: Պատերազմական ծանր, ցավալի կորուստներից անկախ, նրան զուգահեռ կյանքն իր բոլոր դրսեւորումներով, նաեւ ուրախ, շարունակվում է՝ հարսանիք, ծնունդ, մկրտություն եւ այլն: Խոսքն այս դաշտը կանոնակարգելու մասին է:

Մեր ողջ հասարակությունը, ներառյալ հեռուստատեսության պատասխանատուներին, պարտավոր է մեծագույն եւ իրական, այլ ոչ երբեմն ձեւական, ակնածանքով վերաբերվել բոլոր նրանց, ում ամենօրյա զրկանքների, հաճախ նաեւ կյանքի գնով, անկախացումից հետո Հայաստանն ապրում է խաղաղ կյանքով, չնայած այն բանին, որ իրականում չդադարող խրամատային-դիրքային պատերազմական իրավիճակում ենք:

Ցանկության դեպքում հեռուստաեթերը կանոնակարգելու ուղիներ երեւի թե կարելի է գտնել: Որպես տարբերակ, առաջարկում եմ այն հեռուստաընկերություններին, որոնք աշխատում են հիմնականում «տաշի-տուշի» լադում, պատերազմական ժամանակի օրենքի ուժով արգելելու զբաղվել «լրատվությամբ», հատկապես Հայաստանի, Արցախի սահմաններից, որպեսզի չմտցնեն հայ զինվորի նահատակման գույժը հումորային, կամ համերգային «պրոյեկտների» արանքը: Հարգարժան պարոն նախարար, արծարծածս խնդիրը երեկ չի ծագել եւ ոչ էլ այսօր, բայց քանի որ ունենք նոր վարչապետ, կառավարություն, հուսով եմ, որ նախկինում անուշադրության մատնված շատ հրատապ հարցեր հիմա հնարավորություն ունեն լուծում ստանալու: Եվ ասելիքս եզրափակեմ բոլորիս հայտնի պարզ ճշմարտությամբ` հայաստանցիները (ես բացառություն չեմ) դիմում են ոչ թե կառույցներին կամ կուսակցություններին, այլ կոնկրետ անձնավորությունների: Ես դիմում եմ անձամբ Ձեզ:

Խորին հարգանքով՝
ՆՈՐԱՅՐ ՇԱՀԲԱԶՅԱՆ

ԵՊՀ Մշակույթի կենտրոնի
աշխատակից,
պահեստազորի սպա, «Ամարաս» կամավորական ջոկատի մարտիկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031