Մասնագետների հավաստմամբ՝ նրանց
կխանդեր շոու-բիզնեսի ներկայացուցիչների մեծ մասը
Վերջին շրջանում մեզ մոտ հանդիպել ենք արտասահմանյան հեղինակների մանկական մեկ-երկու բեմադրությունների, բայց ոչ մյուզիքլների: Օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում «Առավոտը» ներկա գտնվեց «Գեղեցկուհին եւ հրեշը» մյուզիքլի պրեմիերային: Բայց մենք հիշում ենք, որ այս մյուզիքլը 2016թ. գարնանը ներկայացվել էր Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում: Մտաբերեցինք Սլավոնականում կայացած պրեմիերայից հետո մասնագետների խոսքը՝ ոչ միայն լրագրողներդ, այլեւ շոու-բիզնեսի ներկայացուցիչների մեծ մասը պետք է ներկա գտնվեր եւ համոզվեր՝ ինչ վոկալով ու դերասանական վարպետությամբ են համալսարանի ուսանողները մատուցում իրենց կերպարները: Ներկա գտնվելով ներկայացմանը՝ մենք էլ շուրջ մեկ տարի անց կիսում ենք մասնագետների կարծիքը:
Տեղեկացնենք, որ «Գեղեցկուհին եւ հրեշը» եվրոպական հեքիաթ է, որն ունի մի քանի տարբերակներ: Առաջին հրատարակվածը թարգմանել է Գաբրիել-Սյուզան Բարբոտ դե Վիլենեւը ու հրատարակել 1740թ.: Ամենահանրաճանաչը հեքիաթի անգլերեն տարբերակն է, որը հրատարակվել է 1757թ. եւ մշտապես ներկայացվում է իբրեւ Շառլ Պերոյի հեքիաթ: Ընդ որում, այս տարբերակը քաջածանոթ է հայ մանուկներին, ինչի ականատեսը եղանք պրեմիերային:
Մենք հանդիպեցինք մյուզիքլի բեմադրության պրոդյուսեր Նանե Սարգսյանին: Մեր զրուցակիցը նախ նշեց, որ հիշյալ մյուզիքլի բեմադրությունը իրականացվել է Սլավոնականի ռեկտորի եւ ճանաչված երաժիշտ, «Երգում է 70-ականների Երեւանը» նախագծի հեղինակ, Մարզահամերգային համալիրի տնօրեն Վազգեն Ասատրյանի աջակցությամբ: Ռեժիսորն է Սոնա Մարգարյանը, երաժշտական ռեժիսորը՝ Զառա Վիրաբյանը: Զգեստները «Դիմակ» ստուդիոյինն են, հնչյունային ռեժիսորն է Հմայակ Նավասարդյանը, լուսայինը՝ Կարեն Բելուբեկյանը:
Կարդացեք նաև
Անդրադառնալով մյուզիքլին, դահլիճը լեփ-լեցուն էր եւ, որ ամենակարեւորն է, փաստորեն, ոչ պրոֆեսիոնալ երգիչ-դերասանները 2 ժամ 20 րոպե (կենդանի կատարում) աշխատեցին իսկապես առանց որեւէ «վրիպակի»: Գլխավոր դերերգերի կատարումով, առանց չափազանցության՝ շշմեցրին Անուշ Ռեւազյանը (Գեղեցկուհի), Գրիգորի Բաղդասարյանը (Հրեշ): Ընդ որում, երկուսն էլ ապագա հոգեբաններ են:
Հարցին, թե ռիսկային չէ՞ր «մոտենալ» այս հանրահայտ ստեղծագործությանը, քանի որ մյուզիքլը՝ 1994թ. Բրոդվեյում կայացած պրեմիերայից հետո, աշխարհում ներկայացվել է ավելի քան 5 հազար անգամ, խորհրդային երկրներից առաջինը բեմադրել են ղազախները՝ 2012թ. եւ 2014-ին ռուսները, Նանե Սարգսյանը պատասխանեց. «Ռիսկային չէր այնքանով, որ իբրեւ պրոդյուսեր ի սկզբանե գիտեի ինչ մակարդակի մասնագետների հետ գործ ունեմ: Օրինակ, Զառա Վիրաբյանը բմադրություններ է իրականացրել ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում, այդ թվում՝ Կալիֆոռնիական մանկական մյուզիքլների թատրոնում եւ հյուրախաղերով հաճախ հանդես եկել Դիսնեյ- լենդում: Ավելի ճիշտ՝ Զառան 1993-2010թթ. ղեկավարում էր Մոսկվայի մյուզիքլների թատրոնը եւ այդ մշակութային օջախի հիմնադրումից ընդամենը 8 ամիս հետո մեկնեց ԱՄՆ, կարճ ասած՝ հետագայում սկսեց ԱՄՆ-Ռուսաստան համատեղ գործունեությունը: Այն, ինչ մեր թիմով իրականացնում ենք Հայաստանում, որը, բնականաբար, կունենա շարունակություն, մեր երեխաների համար է: Իսկ գնահատականը ներկայացման ավարտին նրանց փայլող աչքերն են: Ձեռնամուխ ենք եղել հաջորդ նախագծին, որն, ի դեպ, նույնպես սիրված ստեղծագործություն է մանուկների համար…»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
20.01.2017