Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա դա վարչապետին սազո՞ւմ է»

Հունվար 21,2017 16:00

Նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը վարչապետին՝
հինգ միլիարդ խնայեցիք, որ բիզնես-դասով գործուղո՞ւմ գնաք

Վարչապետ Կարեն Կարապետյանի՝ պրիմիտիվ գողությունների մասին հայտարարությունը Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աղասի Արշակյանին ռուսական մի ֆիլմ է հիշեցրել: Ֆիլմում «լոթիի մեկը» մեծ փողեր է տուն տանում: Կինը հարցնում է՝ որտեղի՞ց: Բացատրում է: Կինն ասում է՝ բայց չէ՞ որ դա գողություն է: Ամուսինն էլ, թե՝ գողությունն այն ժամանակ է, երբ մանր-մանր ես գողանում, պրիմիտիվ ես գողանում, իսկ երբ միլիոններով՝ դա արդեն բիզնես է:

Ներկայիս բիզնեսմեն-նախարարների մեծ մասը, ըստ նախկին պատգամավորի, այդ ճանապարհով են անցել, օրենքները խախտել են, դարձել են միլիոնատեր. «Քաղաքականությունն օգտագործեցին՝ փողեր դիզեցին, հիմա ազնիվ մարդկանց են խեղդում, սա արդեն հեչ լավ չի»:

Վարչապետի չորս ամսվա աշխատանքը Աղասի Արշակյանը խիստ անբավարար է գնահատում. «Ավելի լավ է՝ լռի, եթե ոչինչ չի անելու, քան հուսադրող հայտարարություններ անի եւ կոտրի այդ հույսերը»: Հիշում է՝ էդպիսի քաղաքական գործիչներ էլ ենք ունեցել: Նրանց ինքը համարում է «հավատի գողեր եւ հայրենիք խլողներ»: «Մեր հայրենիքում բան փոխել՝ առանց մի քանի անգամ գողացված հավատը ժողովրդին վերադարձնելու, հնարավոր չէ, հարգելի պարոն նոր վարչապետ»,- ասում է մեր զրուցակիցը: Որպեսզի մարդիկ հավատան իր ռեֆորմներին, Աղասի Արշակյանը վարչապետին խորհուրդ է տալիս սկսել սեփական աշխատավարձից, մանավանդ, որ բոլորս ականատես ենք եղել Կարեն Կարապետյանի զոհողությանը՝ շա՜տ մեծ աշխատավարձը թողել, եկել է երկու հազար դոլարանոց աշխատավարձով վարչապետի պաշտոնին: «Թող հայտարարի, որ իր աշխատավարձը մեկ միլիոն դրամից իջեցնում է 800 հազարի: Իր նշանակած նախարարների աշխատավարձը 650 հազարից՝ 500 հազարի:

Վարչապետի խորհրդականը հայտարարում է, որ երեք հազար մարդու պետական համակարգից կրճատել են: Միգուցե 30 հազա՞ր էր պետք կրճատել, բայց այդ մարդկանց այլընտրանք առաջարկեք, ծրագրեր ներկայացրեք: Մեր երկրի փրկությունը սպիրալաձեւ զարգանալու ուղին է, բայց իրենք սպիրալաձեւ կծկվելու ուղղություն են բռնել: Վարչապետը դեռ բան չի արել, հիմա էլ ասում է՝ կախարդական փայտիկ չկա, ձգվելու, չգողանալու կոչ է անում: Բայց իր նախարարը իր՝ «պրիմիտիվ գողության» մասին խոսքից մեկ շաբաթ հետո 400 եվրոյի փոխարեն 1700 եվրոյով է թռչում Եվրոպա»:
Աղասի Արշակյանն իր քննադատությամբ եւ խորհրդով ցանկանում է օգնել այս կառավարությանը, Կարեն Կարապետյանին, քանի որ նախորդ վարչապետների նման, նրան անձամբ է ճանաչում: Ուստի իր քննադատական խոսքը մի քիչ մեղմ է կառուցում: Միաժամանակ իր կարծիքը սուբյեկտիվ է որակում, քանի որ Կարեն Կարապետյանի կատարած փոփոխությունները «խփել են» իր ընտանիքի բյուջեին, ինքը դարձել է գործազուրկ՝ կրճատվելով շարքային մասնագետի համեստ պաշտոնից:

Իր պաշտոնավարման չորս ամիսների ընթացքում, ըստ մեր զրուցակցի, Կարեն Կարապետյանը երկու-երեք փոքրիկ դրական բան է արել. «Կարծում եմ՝ բենզինի գինը մանրածախ շուկայում կարող էր իջեցնել 100 դրամով, իջեցրել է 30-40 դրամով: Կամ՝ էլեկտրաէներգիայի գինը կարող էր իջեցնել նվազագույնը 10 դրամով, իջեցնում է 1,22 դրամով: Գազի գինը կարող էր իջեցնել առնվազն 40 դրամով, իջեցնում է 7,7 դրամով: Նշածս թվերը, ի դեպ, միանգամայն բացատրելի եւ ապացուցելի են, բայց դա այլ խոսակցության թեմա է: Այսպիսով, օրինակ, ընդհանուր առմամբ իմ բազմանդամ` 7 հոգանոց ընտանիքը ամսական տնտեսում է մոտ 4,5 հազար դրամ: Բայց վարչապետն իմ ընտանիքին այլընտրանք չառաջարկելով՝ ինձ՝ այս պետության հիմնադիր պատգամավորիս, որը եւս երկու անգամ ԱԺ պատգամավոր է եղել, ծառայություններ ունի, երբեք օրենքը չի խախտել, այլ վճարովի գործունեություն չի ծավալել ու մի հատ հանրային չոփ իր տուն չի տարել, զրկում է 170 հազար դրամ աշխատավարձից՝ ընտանիքիս ամսական բյուջեի 35 տոկոսից»:

Վարչապետի՝ քաղաքացիներին հասանելի լինելու մասին հայտարարություններն էլ մեր զրուցակիցը սին է համարում. «Քանի որ քաղաքացիներին իբր հասանելի լինելու համար 10-11 խորհրդականների է պահում: Իրականում պարզվում է՝ 10-11 «շլագբաում» է դրած իրեն հասնելու ճանապարհին: Խորհրդականի օգնականից վերեւ ես չեմ կարողացել բարձրանալ, ուր մնաց՝ շարքային քաղաքացին»:

Տասը տարի առաջ, երբ Աղասի Արշակյանի եւ իր քաղաքական ընկերների ճանապարհները բաժանվեցին, իր պատգամավորական լիազորություններն էլ ավարտվեցին, նա որոշ ժամանակ գործազուրկ է դառնում: «Դիմեցի այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանին, ում հետ 1990-ականներին միասին էինք սկսել: Նախագահ Սարգսյանի` Բուրսա այցելության հեռուստահեռարձակումը իր աշխատասենյակում դիտելուց հետո անդրադարձել ենք իմ խնդիրներին, երկրի իրավիճակին, նաեւ իրեն սպասվող դժվարություններին»,- հիշում է մեր զրուցակիցը: Աղասի Արշակյանը Տիգրան Սարգսյանից մի աշխատանք է ուզել, որտեղ չլինի «տալ-առնել, քաղաքականություն եւ քծնանք»: Ասում է. «Հոգնել ենք այդ միջավայրից, մեզ մոտ ամեն ինչ պղծվել է, ու պետք չէ մարդկանց արժանապատվության հաշվին աշխատանքը կոնֆետ դարձնել, որ մարդը ստիպված քծնի: Ես ուզում եմ մարդ մնալ: Աշխատանք չունենալու պատճառով մարդկանց ինքնասիրությունը վիրավորվում է»: Տիգրան Սարգսյանը պատասխանում է. «Մեր երկրում այդպիսի գործ չկա»:

Երկու տարի գործազուրկ լինելուց հետո այն ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի օգնությամբ Աղասի Արշակյանը գտնում է համեստ մի աշխատանք՝ «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ում: Այդ ՓԲԸ-ն համակարգում էր նախագահի կողմից առաջնահերթություն հռչակված Իրան-Հայաստան երկաթգծի աշխատանքները: Հիմա էլ լուծարվում է: «Ես էլ իմ համեստ աշխատանքով մասնակցություն եմ ունեցել այն ծրագրերի ու տեխնիկատնտեսական ցուցանիշների վերլուծությանը: Ես չեմ ասում՝ գերբեռնված աշխատել ենք, ամբողջ երկրի նման թերբեռնված ենք աշխատել, բայց նամուսս հավաքած քաղաքականությունից դուրս եմ եկել, գնում էի աշխատանքի, հողագործությամբ էի զբաղվում՝ թողնելով, որ նոր սերունդները եւ նոր վարչապետներն իրավիճակը փոխեն: Լավ, լուծարում են՝ լավ են անում, բայց ոչ թոշակի տարիքի աշխատուժին, երկրի համար վաստակ ունեցած մարդկանց ինչ-որ բան պիտի առաջարկեն: Չեն առաջարկում»:

Արդեն երեք ամիս է՝ կապի, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նորանշանակ նախարարը չի պատասխանել Աղասի Արշակյանի դիմումին, որը նրան հանձնել է անձամբ՝ ընդունելության ժամանակ: Նախկին պատգամավորը այլընտրանք է ուզում: «Վարչապետին եմ դիմում, որ իր նշանակած նախարարը չի պահել օրենքով սահմանված ժամկետը եւ չի բարեհաճել մեկամսյա ժամկետում պատասխան տալ դիմումիս: Վարչապետին մոտենալ հնարավոր չէ: Իր շլագբաում-խորհրդականի օգնական աղջկան եմ փոխանցում դիմումս: Օրենքով սահմանված ժամկետի լրանալուց հետո այս աղջիկը բանավոր պատասխանում է, որ իբր իմ հարցը դրական կլուծվի նախարարի՝ Լարսից վերադառնալուց հետո: Նախարարը երկու օրից գալիս է, երեք-չորս շաբաթ հետո էլ այդ հարցը չի լուծվում»: Աղասի Արշակյանին այլ բան չի մնում, քան նժդեհական ՀՀԿ-ականներին, որոնց ձեռքին է պետության ղեկը, հիշեցնել. «Անկախություն, եվրաասոցիացիա պոռալով գնացիք-մտաք ԵԱՏՄ: Նժդեհը, եթե տարբեր գերեզմաններում մասնատված չլիներ, հիմա իր տեղում կպտտվեր: ԵԱՏՄ-ն Ռուսաստան-Հայաստան-Բելառուս միությունն էր: Աղասի Արշակյանի գլխավորությամբ 20 տարի առաջ մեկ միլիոնից ավելի ստորագրություն հավաքեցինք՝ ասելով, որ մեր ճանապարհը դա է: Այն ժամանակ տնտեսությունը դեռ այսքան քայքայված չէր, Հայաստանից մեկ միլիոն մարդ պակաս էր հեռացել, չունեինք օլիգարխների այնպիսի հզոր ինստիտուտ, որն ինչ ուզում՝ անում է Հայաստանում:

Ինչո՞ւ այն ժամանակ չարեցիք: Ինձ մեղադրում էիք՝ իբր ես եւ իմ նմանները վտանգում ենք երկրի անկախությունը: Անկախության բոլոր ատրիբուտները հատ-հատ ծախեցիք… անկախությունից պահել եք դրոշակի կոթը: Նժդեհը` ձեր առաջնորդը, ասում էր՝ հայ ազգային գործիչները երկու սրբություն պետք է ունենան` Հայաստան եւ ճշմարտություն: Ու առանց մեկի մյուսը գոյություն ունենալ չի կարող: ՀՀԿ-ական բարեկամներ, ցո՛ւյց տվեք ձեզանից այդպիսի մեկին: Աղասի Արշակյանին եւ Ռուսաստան-Բելառուս- Հայաստան մյուս ասողներին արմունկներով դեսուդեն հրելով՝ վազեցիք-մտաք Մաքսային միություն, հետո` ԵԱՏՄ, գոնե այդ մարդկանց ընտանիքների հանապազօրյա հացը մի խլեք: Եթե գողերի տեղը չգիտեք, հնարավորություն տվեք՝ ես ցույց տամ: Որ նախարարը լոթի-լոթի չասի` ես բիզնես-դասով թռել եմ, բիզնես-դասով էլ թռնելու եմ, բայց իմ հաշվին: Էդ ո՞ւմ հայտնի չէ, որ դուք վաղուց ձեր գրպանն եւ պետական բյուջեն ընդհանուր եք դարձրել: Ի՞նչ տարբերություն՝ դա հինգ տարի առա՞ջ է արվել, թե՞ հիմա է արվում: Ոչ լրիվ 9 ամսվա համար 106 միլիոն դրամն, օրինակ, որ հայտարարագրել է նախարար Վարդան Հարությունյանը, վաստակա՞ծ աշխատավարձ է: Դուք ապօրինի եք հարստացել: Մեր երիտասարդ նախարարուհու բերած օրենքն էլ օրենք է ապօրինի հարստացածների ունեցվածքն օրինականացնելու մասին: Այնինչ, տեղին կլիներ օրենք բերել ապօրինի հարստացածների մասին: Հատ-հատ կարող եմ ցույց տալ, թե ո՞նց եղավ, որ երկաթի հանքերը սրա տակ հայտնվեցին, ոսկունը` նրա… Վայրի լիբերալացումով հասցրիք այսօրվան, հիմա էլ զարմանում եք, թե ինչի՞ է 1,7 միլիոն մարդ փախել, մնացած երկու միլիոնից էլ ամեն երկրորդը ճար ունենա՝ կփախչի»:

Աղասի Արշակյանին զայրացրել-զարմացրել է վարչապետի այն հայտարարությունը, թե դպրոցի տնօրենները իրենց երեխաներին են փոխանցում պաշտոնը՝ այն պարագայում, երբ բազմաթիվ դատախազների ու դատավորների պաշտոնների ժառանգականության մասին կարող է խոսել. «Քննադատության այդ թիրախները թողած` ընկել եք մանկավարժների հետեւից: Բա դա վարչապետին սազակա՞ն է: Շուշոյին ասեք՝ թող հարգելի Կարեն Կարապետյանին տեղ հասցնի Աղասի Արշակյանի վերը նշածները: Իմ հարցն ինքը կարող է չլուծել: Դիմումիս մեջ նրան գրել էի՝ հուսով եմ, որ դուք Տիգրան Սարգսյանի կարծիքին չեք, թե մեր երկրում առանց տալ-առնելու, առանց քաղաքականության եւ առանց քծնանքի գործ չկա: Բայց սա իմ հողն է, 300 տարի իմ պապերը էստեղ են ապրել, իմ ազգից ոչ ոք չի փախել դուրս, բոլորն էլ այսպես դժվարությամբ դիմանում են: Մի ստիպեք՝ ես էլ դիմեմ Հրանուշի խորհրդին, թողնեմ հայրենիքս, բռնեմ արտագնա աշխատանքի ճանապարհը: Հիմա էլ մե՞ր հետեւից եք ընկել: Խիղճ ունեցեք… Ու այսքանից հետո պետք է ձեզ հավատա՞մ»:

 

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

«Առավոտ»

20.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031