Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խոստումի բանալին

Հունվար 21,2017 16:30
merujan Ter-Gulanyan

Եթե չկա շարժում` չկա նաեւ ժամանակ, եթե չկա խոսք` չկա իրականություն: Այսինքն թե` խոսքից դուրս, մնացյալը անիրական է: Եվ դա չէ՞ արդյոք պատճառը, որ բոլոր ժողովուրդների մեջ ծնվող գերզգայուն հոգիները, իրարից հեռու, նույն ցավն են ապրում, նույն տառապանքները բարբառում հազար լեզվով:

Եվ երբեմն թվում է, թե նրանք` համաշխարհային ցավի այդ տրուբադուրները, մի ամբողջական ազգ են, առանձին մի ժողովուրդ, նույն հոգու եւ նույն կրոնի խաչով կնքված, բայց դատապարտված են ապրելու տարբեր ազգերի մեջ, որ ժողովուրդներին մենակ չթողնեն իրենց ցավի հետ, թե չէ՝ ցավը կելնի, աշխարհը կուտի:
Եվ որտեղ շատ է տառապանքը, այնտեղ հաճախ են հայտնվում նրանք, այդ ժողովրդի ցավի մեծության չափով:

Դպրոցի վերջին դասարանում էի, երբ մի օր մաթեմատիկայի մեր ուսուցչին հարցրի, թե` ի՞նչն է պատճառը, որ թվերը գումարելիս արդյունքում երկու դեպքում զույգ է ստացվում, միայն մի դեպքում՝ կենտ:
Օրինակ՝ երբ զույգ թվին զույգ ես գումարում, ստացվում է զույգ, կենտին կենտ ես գումարում, դարձյալ զույգ է ստացվում, եւ միայն զույգին կենտ գումարելու արդյունքում է կենտ ստացվում:

Ինչո՞ւ է այդպես, ինչո՞ւ է բացակայում չորրորդ ձեւը: Մի՞թե դա անարդար չէ:
– Չորրորդ ձեւը բանաստեղծությունն է,- կատակով ասաց մեր ուսուցիչը:
Այդ տարներին ես ոտանավորներ էի գրում, եւ նա ինձ ծաղրելու համար այդպես պատասխանեց: Բայց տարիներ հետո ես հասկացա, որ նա սխալմամբ ճիշտ բան էր ասել. այն, ինչ կյանքում խախտված է կամ կորցրել է իր բնախոսական ներդաշնակությունը, ուղղվում եւ իր համաչափ ձեւն է ստանում բանաստեղծական խոսքի մեջ: Եվ խոսքն է, որ ղեկավարում է մարդկային կյանքը:

Ուրեմն ինչքան մեծ ու հզոր են աշխարհի աններդաշնակության ցավից ծնված խոսքի այդ առաքյալները, ովքեր մեր դեմ բացելով իրենց խոսքի հայելին` մեզ շարունակ հուշում են` գնալ հոգեւոր համաչափության ճանապարհով:
Շուտով ուշ, բայց ոչ ուշացած գարնան արդեն բացվող զրնգոցի հետ, լիահուն գարունը մեր կյանք կխուժի իր ծոցի մեջ թաքցրած մեղքի եւ սիրո հմայքի խնձորները, եւ մեր կյանքը կդառնա նախընտրական խոսքի հայրենիք, ուր բոլորը կխոսեն, կխոստանան, կերդվեն, ինչի մասին գարունն, անշուշտ, կմնա անտեղյակ:

Միայն մենք կիմանանք, մենք կլսենք, թե մեզ ինչ ասացին, ինչ խոստացան: Եվ մեր ականջները կզրնգան ջրահեղձի նման, եւ մենք անհուսահատ կփնտրենք խոսքը կենդանի, որ գնանք հետեւից, խոսքը, որը կանչում է մեզ տանելու հոգեւոր համաչափության ու ներդաշնակության երկիր եւ գտնելու հմայող խոստումի բանալին, ինչը իր եւ մեզ համար կռահել էր Տերյանը.

Դու հպարտ չես, իմ հայրենիք,
Տրտում ես դու եւ իմաստուն.
Կիզում է քեզ մի հուր կնիք,
Մի հմայող ու հին խոստում…

 

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

 

«Առավոտ»

20.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031