Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀիմնաՏավուշի» պանիրն ուղարկվում է ՌԴ, այն տավուշցիներին հասանելի չէ

Հունվար 20,2017 23:30

«ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամը ստեղծվել է Ֆրանսիայի հայկական հիմնադրամի կողմից: Տավուշի մարզին Օ-Դը-Սենի գլխավոր խորհրդի դեպարտամենտի աջակցությունն ուղղված է մարզի գյուղատնտեսության զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, սահմանագոտու բնակիչների կենսամակարդակի բարելավմանը:

Տավուշի մարզի բնակիչները դժգոհ են, որ «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի արտադրած կաթնամթերքը սահմանամերձ Տավուշի մարզում չի վաճառում: Հիմնադրամը Տավուշի մարզի անասնապահական տնտեսություններից կաթ չի ընդունում:

ՀիմնաՏավուշ» հիմնադրամի Իջեւանի ֆիրմային խանութը գործել է 2015թ. մարտի վերջից: Այն իջեւանցիների շրջանում բարի համբավ ուներ, օրական 100 հազար դրամի կաթնամթերք էր վաճառում: 2016թ. Իջեւանի խանութը փակվել է:

Տարեմուտին Տավուշի մարզպետարանում կայացած, մարզպետ Հովիկ Աբովյանի ասուլիսի ժամանակ լրագրողները հարց բարձրացրին, որ բարեգործական այդ հիմնադրամն իր արտադրած պանիրը Տավուշի մարզում չի վաճառում, առաքում է Ռուսաստան, հիմնադրամի գործունեությունը լրատվամիջոցների համար թափանցիկ չէ: Տավուշի մարզպետն ասաց, որ 2016 թվականի ընթացքում այդ հիմնադրամը 120 հազար եվրո է ծախսել դեպի սարեր հեռագնա արոտավայրեր տանող ճանապարհներ կառուցելու համար, որպեսզի հիմնադրամին պատկանող խոշոր եղջերավոր անասունները կարողանան սարեր տեղափոխել: Հիմնադրամը փոքր ֆերմաներ ստեղծելու ծրագրի շրջանակներում Կողբ եւ Բարեկամավան գյուղերում մեկական անասնագոմեր է ստեղծել՝ 170 հազար դոլար ծախսելով:

2016թ. հուլիսին «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի Լուսաձորի անասնապահական ֆերմայի տարածքում հորել են 3,5 տոննա պանիր: «ՀիմնաՏավուշ» հիմնադրամի կողմից ստեղծված «ԷկոՏավուշ» ՍՊԸ տնօրեն Հասմիկ Գեւորգյանը մեզ հայտնել է, թե պանիրը կարող էր վտանգ ներկայացնել սպառողների առողջությանը:

Իջեւանի տարածաշրջանի Դիտավանի նախկին գյուղապետ Սեյրան Սարգսյանը եւ նրա 3 համագյուղացիներ 2013 թվականից դատի մեջ են «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի հետ: Վնասի փոխհատուցման պահանջով դիտավանցիների հայցը վերաբերում է 2012թ. Դիտավանում ցանված 10 հա եգիպտացորենին, որից ստացված սիլոսը պետք է օգտագործվեր հիմնադրամի կողմից Լուսաձոր գյուղում հիմնված տոհմային անասնապահական ֆերմայի կովերին կերակրելու համար: Հիմնադրամը եգիպտացորեն ցանելու համար դիտավանցիներին կանխավճար է տվել: Ըստ պայմանագրի՝ «ՀիմնաՏավուշը» հնձի շրջանում պետք է ապահովեր տեխնիկայով, ինչը չի արվել: Դրա պատճառով եգիպտացորենը գերհասունացել է, քիչ բերք է ստացվել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031