Վաշինգտոնում ավարտվեց ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության պաշտոնական արարողությունը, հաղորդում է CNN-ը: Երդմնակալության արարողությանը մասնակցել է 800 հազար մարդ:
«Ես՝ Դոնալդ Ջոն Թրամփս, հանդիսավոր երդվում եմ ազնվորեն կատարել ԱՄՆ նախագահի պարտականությունները և իմ ուժերի հնարավորության սահմաններում պաշտպանել և պահպանել Միացյալ Նահանգների սահմանադրությունը: Աստված ինձ օգնական»,- կրկնել է Թրամփը երդմնակալության ավանդական խոսքերը՝ ձեռքը դրած Սահմանադրության վրա.
Այնուհետև Թրամփը ելույթով դիմել է ամերիկացի ժողովրդին.
«Մենք այժմ ժողովրդին ենք վերադարձնում իշխանությունը, որը երկար ժամանակ իրենց ձեռքում են պահել Վաշինգտոնի քաղաքական գործիչները: Չափազանց երկար ժամանակ Վաշինգտոնի քաղաքական գործիչների ոչ մեծ խումբ բարգավաճել է, այն դեպքում, երբ ժողովուրդը տառապել է: Վերնախավը պաշտպանել է իրեն, ոչ թե ժողովրդին: Նրանց հաղթանակները չեն դարձել ձեր հաղթանակները, նրանց հաղթարշավները չեն դարձել ձերը: Ոչ հարուստ ընտանիքները տառապել են: Երդվում եմ՝ դա կփոխվի: Այս պահի իրավունքը ձերն է: Կարևորն այն չէ, որ այժմ մի կուսակցությունը կփոխարինի մյուսին: Կարևորն այն է, որ 2017թ. հունվարի 20-ն այն օրն է, երբ մարդիկ դարձյալ դարձել են իրենց երկրի կառվարիչը: Այլևս նրանք թույլ չեն տա մոռանալ իրենց մասին և իրենց հետ հաշվի չնստել»,- ասել է Թրամփը:
Կարդացեք նաև
Այնուհետև Թրամփը կնոջ՝ Մելանյայի հետ ճանապարհել է Բարաք և Միշել Օբամաներին մինչև ինքնաթիռ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ երդմնակալությունից անմիջապես հետո Օբամա զույգը կմեկնի Կալիֆորնիա՝ հանգստի:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ