Հունվարի 18-ին Վիեննայի համալսարանի Պատմական և մշակութային ուսումնասիրությունների ֆակուլտետի Բյուզանդական և հունական ժամանակակից ուսումնասիրությունների ամբիոնը կազմակերպել էր հայագիտական ուսումնասիրություններին նվիրված միջոցառում, որին մասնակցեց նաև Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը։
Միջոցառմանը հայկական ձեռագրերի թեմայով դասախոսություն կարդաց Օքսֆորդի և Վիեննայի համալսարանների պրոֆեսոր Էմիլիո Բոնֆիլիոն, ով, մասնավորապես, ներկայացրեց հայ ձեռագրական մշակույթի զարգացումը պատմության տարբեր ժամանակաշրջաններում՝ ընդգծելով դրանց պատմական, գրական և մշակութային արժեքը, ինչպես նաև զարդարվեստի նշանակությունը: Էմիլիո Բոնֆիլիոն տեղեկացրեց նաև, որ Օքսֆորդում նախատեսվում է հրատարակել հայկական ձեռագրերի թվայնացված ձեռնարկ:
Դասախոսությանը ներկա էին ավստրիացի գիտնականներ, հասարակական շրջանակների և հայ համայնքի ներկայացուցիչներ:
Վիեննայի համալսարանում դեսպան Կիրակոսյանը հանդիպում ունեցավ նաև Պատմական և մշակութային ուսումնասիրությունների ֆակուլտետի դեկան, դոկտոր Լիոբա Թայսի հետ։ Վերջինիս հետ քննարկվեցին հայագիտության բնագավառում հայ և ավստրիացի գիտնականների միջև համագործակցությունը խորացնելու հարցերը:
Կարդացեք նաև
Տեղեկանք. Վիեննայի համալսարանի Պատմության և մշակութային ուսումնասիրությունների ֆակուլտետի Բյուզանդական և հունական ժամանակակից ուսումնասիրությունների ամբիոնի ուսումնական ծրագրերի շրջանակներում հայկական ձեռագրերը կարդալու նպատակով դասավանդվում է գրաբար:
ՀՀ ԱԳՆ