Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է ասել փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը՝ բռնելով լրագրողի ձեռքը. Հովհաննես Մովսիսյանի ցուցմունքը

Հունվար 20,2017 20:11

Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Էլեկտրիկ Երեւանի» շարժման ժամանակ տուժած լրագրողներն ընդդեմ ոստիկանության գործի դատական նիստին որպես վկա հարցաքննվեց «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Հովհաննես Մովսիսյանը:

Նա դատարանում ասաց, որ ամբաստանյալներից որեւէ մեկին դեմքով չի ճանաչում, չի հիշում, իսկ տուժած լրագրողներից դեպքի վայրում տեսել է Արթուր Պապյանին: Հովհաննես Մովսիսյանը պատմեց, որ 2015-ի հունիսի 23-ին լուսաբանել է ցույցը: Նա ասաց, որ ջրցան մեքենան կիրառելուց առաջ իրենց օպերատորի՝ ուղիղ եթեր ապահովող սարքի լարը պոկել են եւ խափանել աշխատանքը, որից հետո ստիպված սկսել են տեսանկարահանման միջոցով աշխատել: Լրագրողը տեսել էր, թե ինչպես են ոստիկանները սկսել բերման ենթարկել քաղաքացիներին, հետո ՝ Մոսկովյան-Բաղրամյան խաչմերուկի հատվածում փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին են տեսել. «Տեսանք, որ ոստիկանները բռնություններ էին կիրառում: Այդ հատվածով իջանք ցայտաղբյուրին հարող հատվածը Օպերայի, օպերատորներից մեկին՝ Գարիկին բերման ենթարկեցին: Արթուր Պապյանն այդ ժամանակ ինձ հետ էր»:

Հովհաննես Մովսիսյանը նկատել է փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանին, որը մի քանի անձանց ուղեկցությամբ մտել է Ազատության հրապարակ: Փորձել են զրուցել Երանոսյանի հետ. «Դրանից առաջ տեսանք, որ մեկ լրագրողի եւ մեկ օպերատորի բռնությամբ բերման էին ենթարկում, հավանաբար «Արմենիայից» էին»: Լրագրողը դատարանից ներողություն խնդրեց եւ բառացիորեն ասաց, թե ինչ է իրեն նետել փոխոստիկանապետը. «Երբ մոտեցանք Լեւոն Երանսոյանին եւ փորձեցինք հարց ուղղել, նա ձեռքիցս բռնեց եւ ասաց՝ ս…ր եղի»:

Երանոսյանին ուղեկցող անդամները, Հովհաննես Մովսիսյանի պատմելով, ընկել են Գարիկի հետեւից, նա վազել էր դեպի Խորենացի: Փորձել են խլել բարձրախոսն իր ձեռքից, հետո նկատել են, որ Արթուր Պապյանի հեռախոսն են կոտրել, հարվածել էին նաեւ գործընկեր Սիսակ Գաբրիելյանին: Երբ Երանոսյանը հեռացել է, տեսել են մի կոտրած՝ մի քանի մասի բաժանված տեսախցիկ, որը եղել է «Ազատության» տեսախցիկը: Լրագրողը դատարանում ասաց, որ տեսել է, թե ինչպես են «Շանթի» օպերատորին բռնել եւ ստիպել, ասել են՝ ջնջի՛ր նկարածդ: Իսկ իրենց կոտրված տեխնիկան ցույց են տվել փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանին, որը չի արձագանքել. «Հասկացանք, որ արդեն լրագրողների նկատմամբ են բռնություն կիրառում, հասկացանք, որ այդտեղ հնարավոր չէ աշխատել, որովհետեւ արդեն ամբողջ տեխնիկան կոտրել էին»:

Դատավորը Հովհաննես Մովսիսյանին հարց ուղղեց: Նա ասաց, որ Սիսակ Գաբրիելյանի նկատմամբ բռնություններից եք ասում, բայց Սիսակ Գաբրիելյանը այստեղ ցուցմունք է տվել եւ չի ասել, որ վնասվածք է ստացել, որտեղի՞ք իմացաք, որ վնասվել է՝ Հովհաննես Մովսիսյանը պատասխանեց, որ նրա վնասվածքների լուսանկարներն անգամ իրենց կայքում են հրապարակվել դեպքից մի քանի ժամ հետո:

Հովհաննես Մովսիսյանը նաեւ ասաց, որ Լեւոն Երանոսյանը 1in.am-ի օպերատոր Գոռ Հովհաննիսյանին էլ ասել էր՝շարքից հանել: Նա, ըստ վկայի, այդ օրը ամենատուժած ԶԼՄ-ների ներկայացուցիչներից էր:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031