Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեւոն Երանոսյանը բռնել է լրագրողի ձեռքը շոյելու նպատակո՞վ». Փայլակ Ֆահրադյանի ցուցմունքը՝ դատարանում

Հունվար 20,2017 20:03

Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Էլեկտրիկ Երեւանի» շարժման ժամանակ տուժած լրագրողներն ընդդեմ ոստիկանության գործի դատական նիստին որպես վկա հարցաքննվեց Armday եւ Araratnews կայքերի լրագրող Փայլակ Ֆահրադյանը:

 

Նա ասաց, որ 2015-ի հունիսի 23-ին վաղ առավոտյան եղել է Բաղրամյան պողոտայում. «Կար Լեւոն Երանոսյանը, Աշոտ Կարապետյանը, ով հիմա ոստիկանության համակարգում չի: Մեզ հրահանգվեց աջ կամ ձախ հատվածում հավաքվել, որովհետեւ իրենք պատրաստվում էին հատուկ գործողություններ ձեռնարկել: Հետո, երբ ջրցան մեքենան գործի դրվեց, ոստիկանները սկսեցին ցուցարարներին բռնի ուժով բերման ենթարկել»:

Նա պատմեց, թե ինչպես է Աշոտ Կարապետյանը հրահանգել իրեն հեռացնել դեպքի վայրից. «Ոստիկանները դրանից հետո ինձ բռնի ուժով բերման էին ենթարկել ոստիկանության բաժին»: Աշոտ Կարապետյանի խոսքերը նաեւ տեսագրվել են: Փայլակ Ֆահրադյանը վստահեցրեց, որ ոստիկանները հրահանգներ էին տալիս պարբերաբար:

Հարցին՝ լսե՞լ եք, որ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանն ասի՝ լրագրողներին խոչընդոտեք, հանձնարարի, թե մի թողեք ձայնագրեն եւ այլն՝ նա պատասխանեց, որ անձամբ չի լսել, բայց գործընկերներն են պատմել որոշ բաներ: Օրինակ, նա նշեց, որ «Ազատության» լրագրող Հովհաննես Մովսիսյանը պատմել է, թե ինչպես է Լեւոն Երանոսյանը հարվածել իր ձեռքին:

Մեղադրող դատախազը ճշտեց՝ հաստա՞տ «հարվածել է» ասել Հովհաննես Մովսիսյանը, որովհետեւ նա քիչ առաջ դատարանում ցուցմունք տալուց ասաց, որ Երանոսյանը բռնել է ձեռքից, ոչ թե հարվածել: Փայլակ Ֆահրադյանը պատասխանեց. «Այսինքն, դուք կարծում եք, որ Լեւոն Երանոսյանը բռնել է ձեռքը շոյելու նպատակո՞վ»: Լրագրողի պատասխանը հարուցեց դատարանում ներկաների ծիծաղը: Ըստ Փայլակ Ֆահրադյանի, որեւէ հակասություն չկա իր եւ Հովհաննես Մովսիսյանի ասածի միջեւ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031