«Նախ պետք է արձանագրենք, որ միմյանց շատ նման երկու պետություններ՝ Բելառուսն ու Ադրբեջանը, ինչ-որ քաղաքական փոխհամաձայնության են գալիս, բայց միևնույն ժամանակ ոտնահարում են մարդու իրավունքներն ու առաջին հերթին խոսքի ազատությունը»,-Aravot.am-ի հարցին` այն, որ Բելառուսի գլխավոր դատախազի տեղակալը որոշում է կայացրել բավարարել Ադրբեջանի գլխավոր դատախազության խնդրանքը՝ ՌԴ-ի և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին հանձնելու վերաբերյալ՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281.2 և 318.2 հոդվածներով քրեական պատասխանատվության ենթարկելու համար, արդյոք խոսքի ազատության ոտնահարում չէ՞, այսպես պատասխանեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը Լապշինին մեղադրում է Ադրբեջանի «պետական սահմանն անօրինական կերպով հատելու» (Լեռնային Ղարաբաղ այցելելու) մեջ և պահանջում Բելառուսից նրան արտահանձնել:
Աշոտ Մելիքյանի պնդմամբ` այստեղ նաև մարդու ազատ տեղաշարժման իրավունքի խախտում կա. «Մարդն ինքն է որոշում` որ երկիր, ինչպես գնա հասնի, ինչ տեսնի, ինչ արձանագրի, իսկ խոսքի ազատության առումով լրագրողը, բլոգերը` տվյալ պարագայում Լապշինը, ինքն է որոշում ինչպես լուսաբանել տեսածը։ Փաստորեն Բելառուսի որոշումը ոտնահարում է և՛ խոսքի ազատությունը, և՛ մարդու ազատ տեղաշարժման իրավունքը»: Ըստ պարոն Մելիքյանի`իմանալով, որ Ադրբեջանին հանձնելը լուրջ վտանգի է ենթարկում Լապշինի առողջությունը և միգուցե նաև կյանքը, այնուամենայնիվ, Բելառուսն այդ քաղաքական գործարքին գնացել է:
Մանրամասները` կարդեցեք վաղվա տպագիր «Առավոտում»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ