Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունվարի 20-ին մասնակցել է Ստեփանակերտի Կրկժան արվարձանի ազատագրման 25-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
Վարչապետը շնորհավորել է Կրկժանի ազատագրման մարտերին մասնակից իր մարտական ընկերներին և նշել, որ այն հատուկ նշանակություն ունի Արցախյան պատերազմի տարեգրության մեջ:
«Ճիշտ է՝ մինչ այդ Արցախի տարբեր շրջաններում որոշակի հաջողություններ արդեն ունեինք, բայց Կրկժանի ազատագրումը շատ կարևոր հանգրվան դարձավ ոչ միայն Շուշիի ազատագրման, այլև՝ մեր հետագա հաղթանակների և հաջողությունների համար: Այս առումով, շատ բարձր եմ գնահատում այդ ռազմագործողության նշանակությունը, որն առաջին հերթին նպատակաուղղված էր Ստեփանակերտի բնակչության խաղաղ գոյակցության ապահովմանը: Ցավոք, այդ մարտերում մենք նաև անդառնալի կորուստներ ենք ունեցել: Փա՛ռք ու պատիվ մեր բոլոր այն տղաներին, ովքեր իրենց կյանքը զոհեցին հայրենիքի պաշտպանության համար. նրանց թափած արյունն ապարդյուն չի եղել»,- ասել է վարչապետը՝ այդ ռազմական գործողությունը համարելով իր մարտական մկրտությունը:
Ելույթներով հանդես են եկել նաև ԼՂՀ և ՀՀ Պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչներ, ազատամարտիկներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, ովքեր, մասնավորապես, ընդգծել են Կրկժանի ազատագրման ռազմական և հումանիտար կարևորությունը: Միջոցառման ընթացքում տարբեր գերատեսչությունների կողմից մի խումբ ազատամարտիկներ արժանացել են պատվոգրերի, հուշանվերների և դրամական պարգևների:
Կարդացեք նաև
ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին