Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր արդեն երրորդ անգամ հետաձգվեց մեկ տարի առաջ Նորք-Մարաշում ձերբակալված զինված խմբի`«բանդայի» գործով դատական նիստը: Ամբաստանյալ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն այսօր կրկին դատարանում չէր:
ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ն այսօր հերթական գրությունն էր ուղարկել դատարանին՝ տեղեկացնելով, որ Վահան Շիրխանյանը հրաժարվել է դուրս գալ խցից եւ մասնակցել գործով քննությանը:
Վահան Շիրխանյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանն էլ հերթական անգամ հայտարարեց, որ իր պաշտպանյալը ցանկանում է ներկայանալ նիստերին, սակայն օրեցօր վատթարացող առողջական վիճակի պատճառով չի կարողանում: Պաշտպանը կրկին հայտարարեց, որ որեւէ խնդիր չի տեսնում Վահան Շիրխանյանին պատգարակով կամ սայլակով դատարան բերելու համար:
Կարդացեք նաև
Մինչ այդ, սակայն, մեղադրող դատախազը հայտարարել էր, որ Վահան Շիրխանյանի առողջական վիճակը բավարար է, ուստի նա անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում դատարանի նկատմամբ`չներկայանալով նիստերին: Մեղադրողը դատարանին հորդորեց միջոցներ ձեռնարկել`չհստակեցնելով հատկապես ի՞նչ միջոց է ենթադրում ինքը:
Ի հակադրություն դատախազի հայտարարության՝ Հայկ Ալումյանը դատարանին ներկայացրեց երեք փաստաթուղթ, որոնք վկայում են Շիրխանյանի առողջական ծանր վիճակի մասին: Մասնավորաբար, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, դեռևս նախորդ տարվա նոյեմբերի 10-ին կայացրած որոշումը, ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկներում վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի ընթացիկ հաշվետվությունը և օրեր առաջ նյարդաբանի կողմից կատարված զննության արդյունքները:
Մանրամասները`տեսանյութում
Զինված խմբի գործով ամբաստանյալների շահերի պաշտպաններից Ինեսա Պետրոսյանը, Հայկ Ալումյանն ու մի քանի այլ պաշտպաններ միջնորդեցին դատարանին՝ մեկ ժամով հետաձգել դատական նիստը և ՔԿՀ-ին հրահանգել՝ Շիրխանյանին սայլակով կամ պատգարակով տեղափոխել դատարան, սակայն նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանն առանց քննության առնելու պաշտպանների միջնորդությունը՝ հետաձգեց դատական նիստը:
Պաշտպաններից Գիվի Հովհաննիսյանն էլ միջնորդեց Շիրխանյանի վերաբերյալ քննվող գործի վարույթն անջատել: Այդ միջնորդությանը եւս դատավորը չանդրադարձավ:
Դատական նիստը կրկին հետաձգվեց: Այն կկայանա հունվարի 27-ին, ժամը 14. 30-ին: Այդ ընթացքում դատավորը ՔԿՀ-ից կպահանջի Վահան Շիրխանյանի առողջական վիճակի վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը, նաեւ նրա հիվանդության քարտը:
Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանն արդեն լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք չեն ցանկանա, որպեսզի Շիրխանյանի վերաբերյալ գործից մաս անջատվի: Մեղադրող դատախազի` դատարանին ուղղված`միջոցներ ձեռնարկելու միջնորդության մասով էլ ասաց. «Եթե մեղադրողը նկատի ուներ բերման ենթարկելու որոշումը, ապա պետք է նման միջնորդության հիմք ունենար, սակայն ինքը պատկերացնում է, թե որքան տգեղ կհնչեր, եթե միջնորդեր Շիրխանյանին բերման ենթարկել: Նա ուզում էր, որ այդ տգեղ որոշումը կայացնի դատարանը, այլ կերպ ասած այդ «կեղտոտ» աշխատանքը թողնում էր դատարանի վրա: Տգեղ կլինի, քանի որ Շիրխանյանը չի կարողանում քայլել, սակայն ցանկանում է մասնակցել դատական նիստին»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ