Քրեակատարողական հիմնարկների (ՔԿՀ) վերաբերյալ 2016-ին գրանցված ահազանգերի 37 տոկոսը բուժսպասարկման հետ կապված խնդիրներին են վերաբերվել, 8 տոկոսը կոնկրետ պահանջ է եղել նրա հետ կապված, որ հիվանդ է եղել, բայց չեն տեղափոխել հիվանդանոցներ, 7 տոկոսը քրեական գործերի ընթացքի հետ է կապված եղել:
«Մեդիա կենտրոնում» «Մարդու իրավունքների վիճակը քրեակատարողական հիմնարկներում. 2016-ի ամփոփում» թեմայով քննարկմանը ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի դիտորդ, իրավաբան Ռոբերտ Ռևազյանը տեղեկացրեց, որ 2016-ի ընթացքում խումբն ունեցել է մոտ 100 այցելություն` ամենաշատը «Նուբարաշեն» ՔԿՀ:
Պարոն Ռևազյանը մտահոգություն հայտնեց, որ շարունակում են գոյություն ունենալ միջանձնային հարաբերություններում հիերարխիկ հարաբերությունները, չգրված օրենքների գերիշխումը դեռ արդիական է:
Ռոբերտ Ռևազյանը նշեց, որ խնդիրներ կան նաև վաղաժամկետ ազատման հետ կապված. «Այստեղ անկախ հանձնաժողովի` վաղուց իրեն սպառած լինելու խնդիրներն են, հստակ չափորոշիչների բացակայությունը: Դրական է այն, որ 2016-ին հայեցակարգ ընդունվեց բուժսպասարկման վերաբերյալ, որով նախատեսվում է ամբողջ բուժսպասարկման համակարգը փոխել»:
Կարդացեք նաև
Որպես 2016-ի գլխավոր խնդիր` պարոն Ռևազյանը նշեց այն, որ դիտորդական խմբի աշխատանքները խոչընդոտվել են. «Հատկապես քաղաքական հնչեղություն ունեցող գործերով սկսեցին խոչընդոտները: Օրինակ` Ժիրայր Սեֆիլյանի, Վահան Շիրխանյանի, «Սասնա ծռեր» խմբի անդամների և հարակից գործերի հետ կապված գործերով, մինչդեռ օրենսդրության համաձայն` դիտորդներն անարգել մուտքի իրավունք ունեն կալանավորների պահման վայրեր: Նույնիսկ 2008-ի մարտի դեպքերի հետ կապված խմբի անդամների հանդեպ նման սահմանափակումներ չեն եղել»:
ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության կազմ-վերլուծական և միջազգային համագործակցության բաժնի պետ Հայկ Քոչինյան հնչեցված խնդիրների վերաբերյալ պարզաբանեց. «Բուժսպասարկման որակի և կազմակերպման խնդիրներն այլևս արդիական չեն: Ընդունվել է նոր հայեցակարգ, որը ներառում է բոլոր ՔԿՀ-ների բուժմասերի և սպասարկման որակի բարձրացում, հատուկ լիցենզավորում, դատապարտյալների հիվանդանոցի հետագա ճակատագրի վերաբերյալ մոտեցումներ»:
Որպես հիմնավորում` պարոն Քոչինյանը վստահեցրեց, որ 2016-ին ազատազրկվածներն ամբուլատոր սպասարկման են դիմել 87 հազար անգամ: Դատապարտյալները 1200 դեպքով քաղաքացիական հիվանդանոց են տեղափոխվել, 1200 անգամ ստացիոնար բուժսպասարկման են ենթարկվել, ինչը ավելին է, քան նախորդ տարիներին: Գերբնակեցման խնդիրը պարոն Քոչինյանը ժամանակավրեպ ու ոչ տեղին համարեց:
Դիտորդների հետ կապված խոչընդոտումների առումով պարոն Քոչինյանն ասաց. «Խնդիրը նման կերպ ներկայացնելը ժամանակավրեպ է և ոչ տեղին: Բազում հայտարարություններ, պարզաբանումներ են եղել այդ հարցով, արդարադատության նախարարը ԱԺ ամբիոնից ներկայացրել է այն օրենսդրական հիմքերը, որոնց պատճառով դիտորդն իրավունք չունի տեսակցության` հաշվի առնելով վարույթն իրականացնող մարմնի որոշումը»:
Դիտարկմանը, թե արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն անգամ չի ժխտել, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կա գերբնակեցում, մինչդեռ պարոն Քոչինյանը փորձում է հակառակը պնդել և հետևաբար հերքում է նախարարին, պարոն Քոչինյանն արձագանքեց. «Փորձում եք պրովոկացիոն հարց ձևակերպել: Ես ուղղակի ներկայացրի այն չափորոշիչները, որի արդյունքում կարելի է ասել կա գերբեռնվածություն, թե` ոչ: Նախարարը հստակ թվերն է ներկայացրել, բայց դա չի նշանակում, որ չափորոշիչների արդյունքում գերբեռնվածություն է առկա: Կան դեպքեր, երբ որոշ խումբ անձանց համատեղելիության հետ կապված բնակեցրել են այլ խումբ անձանց հետ, ու տվյալ պահին գերբեռնվածություն կարող է լինել: Այո, թվային տվյալներով` «Նուբարաշենը» գերբեռնված է, 820 թույլատրելիի փոխարեն 850 անձ է բնակեցված» այնտեղ»:
Դիտորդների` տեսակցության իրավունքի խոչընդոտման հետ կապված ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության ներքին անվտանգության բաժնի պետ Արսեն Մնացականյանը հորդորեց մուտքի ու տեսակցելու իրավունքները չնույնացնել. «Անարգել մուտք չի նշանակում անարգել տեսակցություն: Մուտքի արգելք չի եղել: Եթե վարույթն իրականացնող մարմինն արգելում է տեսակցությունը, մեր մոտեցումն այն է, որ եթե արգելված է, մենք իրավունք չունենք տեսակցություն թույլ տալու»:
ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի դիտորդ Արա Ղարագյոզյանը մտահոգություն հայտնեց «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հատկապես առաջին հարկի խցային պայմանների հետ կապված. «Աչքով տեսել եմ, որ որոշ մարդիկ սեղանի վրա էլ են քնել: Դեկտեմբերի վերջին արձանագրեցինք երրորդ խցի հետ կապված խնդիր, որտեղ այդ անձինք` խոցելի խմբի ներկայացուցիչները, գտնվում էին այդ խցում, միջատները պատերի վրայից անցել էին սննդամթերքի մեջ խոնավության պատճառով: Այնտեղ կար ինը անձ և յոթ մահճակալ` անմարդկային պայմաններ»:
Հայկ Քոչինյանը կրկին արձագանքեց. «Առաջին հարկում այլևս որևէ խուց չկա, որտեղ պահվում են դատապարտյալներ»:
Դառնալով Արարատ Խանդոյանի` բաց նամակով հանդես գալուն, թե ինքը գտնվում է կոտրված պատուհանով պատժախցում, որտեղ մեկ օրէ անցկացրել ցուրտ եղանակ, պարոն Քոչինյանը վստահեցրեց, որ «այժմ չկա որևէ դեպք, որ դատապարտյալները բաց պատուհանով խցում լինեն»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի