Պաշտոնական այցով Արցախում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ այցելել է ԼՂՀ մարտական դիրքերից մեկը, ծանոթացել հերթապահող զինվորների ծառայության, ինչպես նաև կենցաղային պայմաններին, զրուցել նրանց հետ:
Բարձր գնահատելով հայ զինվորի անչափ կարևոր և պատասխանատու առաքելությունը` Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել բոլոր զինվորներին և սպայական անձնակազմին` ընդգծելով, որ հատկապես սահմանային գոտում ծառայող զինվորների խիզախության շնորհիվ է, որ պահպանվում է խաղաղությունն ու հնարավորություն է ընձեռվում արարելու և ապահովելու աստիճանական զարգացումը նաև քաղաքամայր Երևանում: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարի ծառայություն է մաղթել նրանց և վստահեցրել, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է լինել զինծառայողների ու նրանց ընտանիքների կողքին:
Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն