Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու է ՊԵԿ-ը փակել «ՍԱՍ» սուպերմարքեթները

Հունվար 20,2017 16:49

«ՍԱՍ» սուպերմարքեթների ցանցի մի քանի մասնաճյուղեր այս պահի դրությամբ քաղաքացիներին չեն սպասարկում: «ՍԱՍ Գրուպի» գրասենյակում էլ մարդկանց հեռախոսազանգերին չեն պատասխանում:

Ինչպես հայտնում է «Հայկական ժամանակի» լրատվական կայքը, չեն գործում «ՍԱՍ»-ի Թումանյան եւ Բաղրամյան փողոցների վրա տեղակայված մասնաճյուղերը, ինչի պատճառն, ըստ նույն աղբյուրի, ՊԵԿ-ի կողմից այնտեղ իրականացվող հարկային ստուգումներն են:

Aravot.am-ի հարցին, թե ինչո՞ւ են փակվել «ՍԱՍ» ընկերությանը պատկանող խանութները, ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակներում իր գործառույթն է իրականացնում:
«ՍԱՍ Գրուպ»-ը պատկանում է ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանին:
Հիշեցնենք, որ երեկ կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ ՊԵԿ-ի հայտնած այն դժգոհություններին, որ մեծ թվով հարկ վճարողներ իրացման շրջանառությունների եւ գների, աշխատողների թվաքանակի, վարձատրությունների մեծությունների թերհայտարարագրման, առանց հաշվարկային փաստաթղթերի ապրանքների մատակարարման, ծախսերի ուռճացման, ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտումներ են թույլ տվել:

Ուստի, չի բացառվում, որ օրինախախտների թվում եղել է նաեւ այս ընկերությունը:
Երեկ վարչապետն ասաց, որ «այսպես կոչված մեղմ վարչարարությունը կարող է եւ պետք է վերաբերի բացառապես օրինապահ հարկ վճարողներին», իսկ հարկերից խուսափելու ցանկացած դրսեւորում, անկախ հարկ վճարողի բնույթից, պետք է կանխվի: Կարեն Կարապետյանը ՊԵԿ-ին հանձնարարեց հսկողություն սահմանել վերոնշյալ երեւույթների նկատմամբ՝ կիրառելով ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գործիքակազմը:

Ի դեպ, 2016 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների կտրվածքով «Սաս Գրուպը», ընդհանուր առմամբ, պետբյուջե է վճարել 876 միլիոն 491 հազար դրամ, որից միայն հարկային մարմնին վճարումը կազմել է 345 միլիոն 636 հազար դրամ: Անցյալ տարի այս ընկերությունը հարկատուների ցանկում զբաղեցրել է 102-րդ տեղը: 2015-ին, նույն ժամանակահատվածի համեմատությամբ, «ՍԱՍ»-ը ոչ միայն ցանկում իր հորիզոնականով է 2016-ի համեմատությամբ բավականին հետ դիրքերում եղել (168-րդ տեղում), այլեւ վճարած հարկերով: Ընդհանուր առմամբ 2015-ին «ՍԱՍ Գրուպ»-ը պետբյուջե է վճարել է 496 միլիոն 400,4 հազար դրամ, որից 184 միլիոն 108,8 հազարը՝ հարկային մարմնին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031