ՀՀ ֆինանսների նախարարությունը ևս մեկ անգամ տեղեկացնում է, որ 2016 թվականի տարեվերջում ապահովել է տեխզննության կտրոնների լրացուցիչ խմբաքանակի տպագրության պատվիրումը և բանկերին տրամադրումը:
Հաշվի առնելով, որ խնդրի վերաբերյալ դեռևս առկա են հրապարակումներ և առաջնորդվելով մեր համաքաղաքացիներին ավելորդ բարդություններից զերծ պահելու և պատշաճ ծառայություններ մատուցելու սկզբունքով՝ ֆինանսների նախարարությունը հայտարարում է, որ եթե կլինեն դեպքեր, երբ բանկերը չեն տրամադրի տեխզննության կտրոններ՝ դիմել ՀՀ ֆինանսների նախարարության թեժ գիծ (37411 800188)՝ ներկայացնելով հստակ տվյալներ, թե երբ և որ բանկի, որ մասնաճյուղից է ստացվել կտրոն ձեռք բերելու մերժումը, ինչ է պատճառաբանվել:
ՀՀ ֆինանսների նախարարությունն այս քայլով նաև նպատակ ունի աջակցել կանխելու բոլոր այն դեպքերը, երբ կտրոնների շուրջ ստեղծված աղմուկը կարող է դառնալ որոշ վարորդների վարչական տույժից խուսափելու պատճառաբանություն:
ՀՀ ֆինանսների նախարարություն