Թուրքիայում Սահմանադրական փոփոխությունների 18 կետերն արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել են:
Այդ մասին այսօր «Բլից ինֆո» ակումբում Razm.info կայքի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանն ասաց, որ այդ փոփոխություններն ամբողջությամբ ընդունվելու դեպքում, սպասվում է կառավարման խորհրդարանական ձեւից անցում նախագահական համակարգի: Սա Թուրքիայի ընդդիմադիր շրջանակներում անվանում են մեկ մարդու իշխանության հաստատում, իսկ կոնկրետ այս պարագայում այդ մեկ մարդը Թուրքիայի նախագահ Էրդողանն է: Ըստ այդմ, ամրապնդվում է նրա իշխանությունը:
Տարոն Հովհաննիսյանի խոսքերով` «Էրդողանը մինչ այդ կարող էր միայն 1 անգամ վերընտրվել Թուրքիայի նախագահ` 4 տարի ժամկետով, դրանից հետո այլեւս չէր ընտրվի: Իսկ եթե Սահմանադրական փոփոխություններն անցնեն, նրա նախագահ լինելու ժամանակահատվածը հաշվի չի առնվելու: Այսինքն, Էրդողանը կրկին հնարավորություն կստանա 2 անգամ վերընտրվել Թուրքիայի նախագահ: Մոտավորապես մինչեւ 2029-ը Էրդողանը կարող է մնալ Թուրքիայի նախագահ»:
Նա ասաց, որ ապրիլի 2-ին հավանաբար այնտեղ հանրաքվե կանցկացվի եւ շատ հավանական է, որ կանցնեն այդ փոփոխությունները: Իսկ թե ինչ է ենթադրում մեկ մարդու իշխանության հաստատումը, Տարոն Հովհաննիսյանի մեկնաբանությամբ, նախ, դա նշանակում է, որ նրա վերահսկողության տակ են անցնում Թուրքիայի զինված ուժերը: Թեեւ փոփոխություններ մտցրեցին, որ Թուրքիայի խորհրդարանն էլ որոշ իրավունքներ ունի, բայց դրանք ավելի ձեւական կողմն են. «Պատերազմ սկսելու հրամանի բոլոր գործընթացներն անցնում են Թուրքիայի նախագահին: Գործադիր իշխանությունն ամբողջությամբ փոխանցվում է նախագահին: Վարչապետի պաշտոնը վերացվում է եւ ներդրվում են փոխնախագահների ինստիտուտներ: Թուրքիայի պարագայում անվանում են նրանց նախագահի օգնականներ, որոնք արդեն ընտրվելու են ոչ թե հաղթած կուսակցություններից, այլ պարզապես նրանց նշանակելու է Թուրքիայի նախագահը: Այսինքն, նրանք էլ լինելու են Թուրքիայի նախագահի մարդիկ»:
Կարդացեք նաև
Սա, ըստ Տարոն Հովհաննիսյանի, վտանգավոր է Էրդողանի կերպարի հետ կապված. «Նա էքսցենտրիկ կերպար է՝ անկանխատեսելի: Դժվար է հասկանալ նրա քայլերի տրամաբանությունը: Մինչեւ հանրաքվեն կարող ենք սպասել, որ Թուրքիայում նաեւ Էրդողանի կողմից հակահայկական կոչեր կլինեն: Էրդողանը այդ տրամադրությունների վրա կարող է խաղալ: Էրդողանի իշխանության օրոք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին այս տարվա ընթացքում խոսք չի կարող լինել, բացառվում է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ