Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԴ-ից կգանք, կկռվենք ու  նորից կգնանք խոպան, հայրենիքում մենք տեղ չունենք». Շուշիի ազատագրմանը մասնակցած ազատամարտիկ (Տեսանյութ)

Հունվար 20,2017 14:47

Արթիկում «Սաստեքս» տեքստիլ ֆաբրիկայի կարի ուսուցման կենտրոնը բացելու ժամանակ մեծ թվով արթիկցիներ հավաքվել էին իրադարձության վայրում: Մենք հավաքվածներից մեկին՝ ազատամարտիկ Սուրեն Մովսիսյանին  հարցրեցինք, թե  350-400 աշխատատեղերի բացումը ինչ-որ չափով կկասեցնի՞ արտագաղթը Արթիկից, հույսեր կապո՞ւմ են այս ֆաբրիկայի հետ: «Էդ ինչքան փող պիտի տան, որ ես ապրեմ էստեղ, Հայաստան պետությունում փող չեն տալիս, որ ժողովուրդն ապրի, կոպեկներ են տալիս: Արցախյան պատերազմից հետո ես 15 տարի է՝  խոպան եմ գնում-գալիս, Շուշիի ազատագրմանն եմ մասնակցել, վետերան եմ, Մոսկվա եմ գնում աշխատելու շինարարության վրա, էլ ճար չունեմ: Մոսկվայում ինձ նորմալ են վճարում, համենայնդեպս այնքան վճարում են, որ ընտանիք պահեմ»,- ասաց մեր զրուցակիցը:

Մեր հարցին՝ հայրենիքում ձեզ՝ որպես Շուշիի ազատագրմանը մասնակցած ազատամարտիկի աշխատանքի որեւէ առաջարկ չի՞ եղել, Սուրեն Մովսիսյանը պատասխանեց. «Ոչ, ազատամարտիկներին առաջարկ չեն անում, ուր մնաց այստեղ հավաքված խեղճ ու կրակ ժողովրդին: Ես ինքս հետաքրքրվել եմ, փորձել եմ ինչ-որ աշխատանք փնտրել հայրենիքում, բայց գործ չեն տալիս, ասում են չկա, ծանոթ է, մանոթ է, էս է, էն է…Իրենք իրենցով տեղ են անում ու աշխատում»:

Մեր հարցին՝ ի՞նչ պիտի փոխվի մեր երկրում, որ չգնաք արտագնա աշխատանքի, ազատամարտիկն ասաց. «Դուք ինձանից լավ գիտեք ով պիտի փոխվի այս երկրում, որ ժողովուրդը կարողանա ապրել»: Դիտարկմանը, թե շուտով ԱԺ ընտրություններ են, նոր կառավարություն է ձեւավորվելու, դրական փոփոխության հույս չե՞ք կապում, մեր զրուցակիցն ասաց. «Ես Դաշնակցական եմ, կընտրեմ իմ կուսակցությանը ԱԺ ընտրությունների ժամանակ, բայց հույս չունեմ, որ լավ կլինի,  լավ կլինի մեր մեռնելուց հետո: Ես Շուշիի ազատագրմանն անմիջապես մասնակից եմ եղել, մեր մարզից եղել են վեց հոգի, վեց հոգուց հինգը խոպան են գնում, մեզանից միայն նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանն է այստեղ»:

Մեր դիտարկմանը, թե արցախյան քառօրյա պատերազմի ժամանակ ՌԴ-ում գտնվող մեր հայրենակիցներից  շատերը պատրաստակամություն հայտնեցին գալ հայրենիքի պաշտպանությանը մասնակցելու, ազատամարտիկն ասաց. «Շատ-շատերս հավաքվել էինք, որ գայինք հայրենիք, բայց դադարեցրեցին, չեկանք: Էդ նույն ազատամարտիկները մեծ հաճույքով կգային կռվելու, ու նորից ետ դառնալու, եթե չզոհվեին»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031