Հրապարակվել է Առողջապահության համակարգի գնահատման (ԱՀԳԳ) հերթական զեկույցը։ Հայաստանը Եվրոպական տարածաշրջանի եզակի երկրներից է, որ 2007 թվականից իրականացնում է առողջապահական համակարգի գործունեության գնահատում:
ԱՀԳԳ-ն մի գործիք է, որ հնարավորություն է ընձեռում դիտարկելու և իրատեսորեն գնահատելու համակարգի կառավարման արդյունավետությունը, իրականացվող բարեփոխումների արդյունքներն ու դրանց ազդեցությունը բնակչության առողջության վրա:
Առողջապահության համակարգի գործունեության գնահատման զեկույցում ներկայացված են առողջապահության համակարգի գերակա ուղղությունները, ՀՀ բնակչության ժողովրդագրական և առողջությունը բնութագրող ցուցանիշները։
2016թ. զեկույցում ներկայացվել են առողջապահական համակարգում առկա իրավիճակը, առողջապահական կարևոր ցուցանիշները, տրվել են մատուցվող բժշկական ծառայությունների մատչելիության և դիմելիության գնահատականները, համակարգի արձագանքումը բնակչության պահանջներին, կադրային ներուժը, բաշխվածությունը, մասնագետներով ապահովվածությունը և այլն:
Զեկույցում շեշտադրվել են առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների բեռը և դրանց զարգացմանը նպաստող ռիսկի գործոնները, ինչպես նաև միջգերատեսչական համագործակցության արդյունավետությունն այս ոլորտում բարեփոխումների իրականացման գործում: Ներկայացվել են ոչ վարակիչ հիվանդությունների զարգացմանը նպաստող ռիսկի գործոնների (ծխախոտի օգտագործում, ալկոհոլի չարաշահում, ավելցուկային քաշ և ճարպակալում, ֆիզիկական թերակտիվություն, զարկերակային բարձր ճնշում, գլյուկոզայի և խոլեստերինի բարձր մակարդակ, կերակրի աղի չարաշահում և այլն) տարածվածությունը, ինչպես նաև ոչ վարակիչ հիվանդություններից մահացության ցուցանիշները։
Զեկույցը կարևորվում է նաև նրանով, որ համակարգի ճիշտ գնահատումը կարող է դառնալ հետագա բարեփոխումների բանալի և ներդրումների հիմնավորում: Այն, անշուշտ, դերակատարություն կունենա բնակչության առողջության բարելավմանն ուղղված նոր միջոցառումների մշակման, համակարգի կարողությունների զարգացման և հզորացման գործում:
ՀՀ առողջապահության նախարարություն