«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներն ավերել են Պալմիրայի հայտնի Տետրապիլիոն ճարտարապետական համալիրը և հռոմեական ամֆիթատրոնը: Այս մասին հաղորդում է սիրիական ORTAS հեռուստա-ռադիոընկերությունը:
Թե ինչ աստիճանի վնաս են կրել պատմական հուշարձանները, չի հաղորդվում:
Իսլամական պետության ահաբեկիչներն առաջին անգամ Պալմիրան գրավել էին 2015թ. մայիսին: Նրանք ավերել էին մեծ թվով հուշարձաններ, գլխատել հնագիտական թանգարանի տնօրենին, երբ վերջինս փորձել էր փրկել մշակութային արժեքները: 10 ամիս անց՝ 2016թ. մարտին քաղաքն ազատագրվել էր սիրիական զինված ուժերի կողմից:
2016թ. դեկտեմբերին, մինչ սիրիական կառավարական հիմնական ուժերը զբաղված էին Հալեպի ազատագրմամբ, Պալմիրան դարձյալ անցավ իսլամիստների վերահսկողության տակ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ