ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը «հաճելի» բառն օգտագործեց՝ բնութագրելով այն փաստը, որ մի շարք քաղաքական ուժեր հայտ են ներկայացրել և հնարավորություն ունեն մասնակցելու ապրիլի 2-ի ընտրություններին:
«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Ավետիսյանը նշեց, թե ակնկալում է, որ դեռ կոալիցիաներ կլինեն. «Հայտարարություններ եղել են տարբեր քաղաքական ուժերի և դեմքերի կողմից ընտրություններին մասնակցության վերաբերյալ: Դա ապացուցում է, որ մեր երկրում ազատ քաղաքական դաշտ է ձևավորված, և ցանկացած մարդ հնարավորություն ունի մասնակցելու քաղաքական ամենակարևոր գործընթացին՝ ապրիլի 2-ի ընտրություններին»:
ՀՀԿ-ական պատգամավորը հայտարարեց, թե մրցակցությունը լինելու է ընդդիմադիր ուժերի միջև, ՀՀԿ-ն իրեն այդ մրցակցությունից դուրս է տեսնում:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահ Սուրեն Պապիկյանը փաստեց, թե ՀՀԿ-ական գործընկերը ներկայացնում է իրավիճակն այնպես, որ ՀՀԿ-ն նստելու սպասելու է արդյոք ընդդիմադիր դաշտում կպայքարե՞ն միմյանց դեմ ու այս առիթով նշեց. «ԵԼՔ դաշինքն ու քաղաքական դաշտում առկա մի շարք դաշինքներ հիասթափեցնելու են գործող իշխանությանը և ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը ձեզ սպասում է անակնկալ ու գուցե նաև հիասթափություն, քանի որ ձեր սպասելիքները չեն իրականանալու. հայ ժողովուրդն ընտրություն է կատարելու: Ինչքան ուզել, այնքան խփելու՝ ձեր ցանկությունն այս անգամ չի իրականանալու, որովհետև հայ ժողովուրդը գիտի՝ որն է ճիշտ ուղին և այդ ելքը մենք առաջարկում ենք, ու վաղը ժամը 12-ին ՀՀ կառավարության նիստերի դահլիճ ենք հրավիրում դաշինքի համաժողովին, որտեղ կլսեք այն ամենի մասին, որը պատրաստվում ենք ներկայացնել առաջիկայում և այն ճանապարհային քարտեզը, որով հիասթափեցնելու ենք իշխանությանը»:
Կարդացեք նաև
Սուքիաս Ավետիսյանը հակադարձեց՝ «անակնկալ կլինի, բայց ոչ հիասթափություն….60 տոկոսը մեզ լրիվ բավարար է, դրանից ավել մենք չենք էլ ուզում»:
Քաղաքագետ Գուրգեն Եղիազարյանը, հիշեցնելով ՀՀԿ-ի՝ «Առաջ Հայաստան», «Ապահով Հայաստան» կարգախոսները, պնդեց, թե ընդհակառակը, հետ ենք գնացել, երկիրն էլ ապահով չէ: Անդրադառնալով խորհրդարանական ընտրություններին՝ նշեց. «Սրանք նախագահական ընտրություններ են, և տարբեր գույնի, տեսակի, չափի ականներ են ենթադրվում, որոնք դաշտում տեղադրվելու են ԱԺ դահլիճում սուրփրայզի համար: Տրոյական ձիու ընտրություններ կանվանեի, չափից դուրս են այն ուժերը, որոնք մտնելու են ԱԺ ու անեն իրենց սև գործը»:
Գուրգեն Եղիազարյանը հիշեցրեց, որ բոլոր ընտրություններից հետո մարդիկ ճամպրուկներով հեռացել են Հայաստանից, շաքարն ու ձեթը և այլ մթերքներ թանկացել են, ուստի, հաշվի առնելով «Սասնա ծռերի» կատարածը՝ պարոն Եղիազարյանը զգուշացրեց, որ եթե ՀՀԿ-ն թափանցիկ ընտրությունների մասին խոստումներ տա, բայց դրանք չիրականանան, ընտրություններից հետո ողբերգություն է լինելու:
Ի պատասխան Սուքիաս Ավետիսյանը հայտարարեց. «Այս ընտրությունները լինելու են թափանցիկ, ոչ թե մեկ, այլ մի քանի քայլ առաջ: Դրա համար կան բոլոր հիմքերը. նոր Ընտրական օրենսգիրք, համաձայն որի՝ ընտրությունների համար ոչ թե ՀՀԿ-ն ու միայն իշխանությունն են պատասխանատվություն վերցրել, այլ բոլոր քաղաքական ուժերը»:
Պարոն Պապիկյանն էլ արձագանքեց. «Ինձ դուր է գալիս Սուքիաս Ավետիսյանի անկեղծությունը: Նրա խոսքից պարզ դարձավ, որ ընդունում է, որ նախորդ ընտրություններն արդար ու թափանցիկ չեն եղել: Բայց մենք ինքներս պետք է պաշտպանենք մեր քաղաքացիների քվեն, չենք պատրաստվում թղթի վրա գրվածը դարձնել ճշմարտություն ոչ թե ձեր, այլ քաղաքացու օգնությամբ: Մեզ մրցակից տեսնում ենք բոլոր քաղաքական ուժերին, բայց մեր թիրախը ՀՀԿ-ն է: Պայքարելու ենք ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի և իրենց արբանյակ հանդիսացող բոլոր կուսակցությունների դեմ: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, թե որ քաղաքական ուժերն են տարիներ շարունակ սպասարկել ՀՀԿ-ին և անհրաժեշտության դեպքում քաղաքական աղբանոց նետվելով, այնուհետև կրկին գեղեցիկ փաթեթավորված մատուցվելով»:
Պարոն Եղիազարյանը ողջունեց Գագիկ Ծառուկյանի մուտքը քաղաքական դաշտ և նշեց, որ Կարեն Կարապետյանի ու Գագիկ Ծառուկյանի վրա տրոյական ձիու կողմից, որը սպասարկում է իշխանություններին, հարձակումներ են սպասվում:
Նա վստահեցրեց, թե շուտով բոլորը կհամոզվեն, որ Սեյրան Օհանյանն ընդդիմություն է: Իսկ Օհանյան-Օսկանյան տանդեմի՝ քոչարյանական համարվելու մասին խոսակցություններին ի պատասխան, ասաց. «Եթե Ռոբերտ Քոչարյանն ունի նոր ծրագիր, ասելիք, թող իրականացնեն Սեյրան Օհանյանի հետ, այս հայաթափությունը կանգնեցնեն»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ