Հունվարի 19-ին Ստոկհոլմի «ABF» կենտրոնում տեղի ունեցավ Հրանտ Դինքի մահվան 10-ամյակին նվիրված հիշատակի երեկո, որին մասնակցեցին պատգամավորներ, մտավորականներ, լրագրողներ, հասարակական կազմակերպությունների և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ:
Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը, իր ելույթում անդրադառնալով Դինքի ժառանգությանը, նշեց, որ Հրանտ Դինքն այն եզակի գործիչներից էր, որ Թուրքիայում բաց տեքստով խոսում էր հարևան ժողովուրդների միջև երկխոսության ծավալման անհրաժեշտության մասին, առաջիններից էր, որ չէր վախենում համարձակորեն խոսել Հայոց ցեղասպանության մասին՝ համոզված լինելով, որ երկու ժողովուրդները կարող են համատեղ ջանքերով հաղթահարել ցեղասպանության հետևանքները։ Ըստ ՀՀ դեսպանի, այսօր՝ Դինքի սպանությունից մեկ տասնամյակ անց, նրա օրինակով ոգեշնչված շատերն են բարձրացնում նրա պայքարի ջահը հանուն ժողովրդավարության, Թուրքիայում ապրող բոլոր ազգային փոքրամասնությունների հավասարության և մարդու իրավունքների։
Միջոցառմանը ելույթ ունեցան պատգամավոր, Թուրքիայում մարդու իրավունքների հարցով շվեդական կոմիտեի նախագահ Դեսիրե Պետրուսը, շվեդական PEN ասոցիացիայի գլխավոր քարտուղար Աննա Լիվիոն Ինգվարսոնը, Շվեդիայի լրագրողների միության նախագահ Յոնաս Նորդլինգը, «Amnesty International» Շվեդիայի մասնաճյուղի ներկայացուցիչ Անդրեա Բոդեկուլը, «SvD» օրաթերթի փոխնախագահ Անդերշ Բյորկմանը, Շվեդիայում քրդական համադրող խորհրդի նախագահ Քեյա Իզոլը, Շվեդիայում հայտնի լրագրող Քուրդո Բակշին։
Հուշ-երեկոյի ընթացքում ելույթներով հանդես եկան նաև շվեդահայ համայնքի ներկայացուցիչներ՝ Շվեդիայում հայկական կազմակերպությունների համադրող խորհրդի նախագահ Արշակ Գավաֆյանը, խորհրդի խոսնակ, ցեղասպանագետ Վահագն Ավետյանը, համայնքի հոգևոր հովիվ Եղիշե Ավետիսյանը:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ