Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր դաշինքներ, բայց հին ու ծանոթ դեմքեր. «Հայոց Աշխարհ»

Հունվար 20,2017 11:54

Արդեն իսկ պարզ է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները, այսպես ասենք՝ դաշինքառատ են լինելու: Դա օբյեկտիվորեն սպասելի էր ու կանխատեսված. իրողություններն ու նաեւ խորհրդարանական կառավարման մոդելի անցնելն ինքնաբերաբար ենթադրում են քաղաքական միավորների խոշորացում: Բայց նմանապես դժվար չէ նկատել, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների առանձնահատկություններից մեկն էլ «նոր անունների» բացակայությունը կամ, խիստ կտրական չլինելու համար, սակավությունն է լինելու:

Ի՛նչն է ուշագրավ. ձեւավորված եւ ձեւավորվելիք դաշինքները, իհարկե, հնարավորինս հնչեղ կանվանակոչվեն, սակայն բոլորը գերազանցապես հին ու ծանոթ դեմքեր են ներկայացնելու: Ինչպես, ասենք, ՔՊԿ-ԼՀԿ-«Հանրապետությունը», որ ընտրել է «Ելք» անվանումը: Հարկավ, Օսկանյան-Դալլաքյան-Արամ Սարգսյան դաշինքն էլ համահունչ անվանում կգտնի, ասենք, մյուսներն էլ:

Այդ դաշինքային անվանումները բնականաբար նոր կթվան: Պատկերավոր ասած՝ այդ դաշինքային անվանումներին յուրօրինակ նոր կոստյումի դեր է վերապահված: Բայց, ինչպես հայտնի է, «կոստյո՞ւմն է, որ պետք է ձեզ գեղեցկացնի»:
Ավելին՝ չնայած բուն քարոզարշավի ժամանակ թեկնածու-կուսակցությունները կջանան անխտիր հրեշտակային դիմակներով հանդես գալ, բայց ո՛չ դա, ո՛չ էլ «նոր կոստյում»-անվանումները նրանց անճանաչելի չեն դարձնելու:

Մի կողմից, իհարկե, ցանկալի է, որ գոնե խորհրդարանական «հնգամյակային» մրցապայքարում նոր անուններ ի հայտ գան, նոր ու թարմ դեմքեր: Բայց, մյուս կողմից, հին դեմքերով պայքարն էլ իր հմայքներն ու դրական կողմերն ունի: Ամենից առաջ դա որոշակիորեն հարմար է ընտրողներին, որոնք երկար-բարակ գուշակելու անհրաժեշտություն չեն ունենա, քանզի «ծանոթ դեմքերի» ու կերպարների մասին է խոսքը:
Միանգամից նկատենք՝ առայժմ անդաշինք ուժերի՝ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի պարագայում հիմնական գործող անձանց ու քաղաքական դեմքերի հարցում պատկերն, ընդհանուր առմամբ, պարզ է: Մեծ հաշվով՝ նորություններ չեն սպասվում նաեւ «Հայկական վերածննդի» եւ ՀԱԿ-ի հետ կապված:

Միգուցե հարաբերականորեն «նոր» կարելի էր համարել «Ելքի» ներկայացուցիչներին, մանավանդ որ այս եռյակը կազմած ուժերից երկուսը վերջերս են ստեղծվել: Բայց նրանց առաջնորդներին էլ, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, Էդմոն Մարուքյանի հազիվ թե որեւէ մեկը «նոր անուն» համարի, նկատի ունենալով նրանց ակտիվությունը գործող խորհրդարանում: Դե, իսկ «Հանրապետության» ղեկավար Արամ Զ. Սարգսյանին նույնիսկ մեծ ցանկության դեպքում «նոր» չես համարի:

Մյուս դաշինքում առհասարակ քաջածանոթ դեմքեր ու կերպարներ են. նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյան, նախկին պատգամավոր ու ԱԺ-ում նախագահի նախկին ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյան, ՀԴԿ ղեկավար Արամ Գ.Սարգսյան: Դեռ չենք խոսում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի մասին, որը ամենայն հավանականությամբ այս մի փաղանգի ցուցակային առաջնորդի դերում կհայտնվի:
Ազատական-արեւմտամետների հավանական՝ «Ազատ դեմոկրատներ»-«Ազատություն» դաշինքում էլ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին ավելի շուտ «քաղաքական վետերան» բառակապակցությամբ կարելի է բնորոշել:

Մյուս հավանական դաշինքը, որ պայմանականորեն կարելի է անվանել «Ծառուկյան եւ երկրպագուներ», նույնպես չի հավակնում «նոր անուններ եւ դեմքեր» երեւակայական մրցանակին: Դե, Գագիկ Ծառուկյանի դեպքում ամեն ինչ պարզ է: Ավելին՝ արդեն հայտնի է, որ նրա նախընտրական շտաբը ղեկավարելու է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:

Արսեն Հակոբյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031