Այսօր ես (և ոչ միայն ես) ինչո՞ւ, ինչպե՞ս հավատամ, որ այդ հաղթանդամ մարդու վերադարձով պիտի փոխվի մեր քաղաքական դաշտը։ Երբ ժողովուրդը պատրաստ էր լսելու և գնալու նրա հետևից մինչև վերջ, բայց այդ «հսկա» մարդու մեջ չգտնվեց համարձակության մի փոքր կաթիլ, և նախագահի առաջին իսկ «փը՜խկ» անելուց նահանջեց՝ սևացնելով իրեն։
Ի՜նչ իմանաս, թե անցած տարիները ինչ դաս են տվել նրան, և ինչքան է արիացել այդ մեծ օլիգարխի ոգին, և հերթական «փըխկի» ժամանակ նա ինչպես կդրսևորի իրեն։
Խոսքս այսօր ուղղված է ոչ միայն Գագիկ Ծառուկյանին, այլև բոլոր այն քաղաքական գործիչներին, ովքեր, իշխանության մեջ իշխանություն լինելով հանդերձ, ոչնչով աչքի չեն ընկել և այսօր փորձում են օգտվել ժողովրդի համընդհանուր դժգոհությունից և կուսակցություններ, ալյանսներ են ստեղծում։
Հարգարժան գեներալ, անկեղծ ասեմ՝քո նկատմամբ տածած անսահման մարդկային հավատս կորցրի քառօրյա պատերազմի ժամանակ։ Այդ օրերին զոհված, բահով կռված տղաների արյունը քո ու քեզ նմանների խղճին է մնում։ Ավելի շատ էր պետք ուշադրություն դարձնել բանակի խնդիրների վրա, ինչը, ցավոք, չերևաց չորսօրյա պատերազմի ժամանակ։ Որ գեներալ էիր և նախարար, ոչինչ չարեցիր, հիմա քաղաքական դաշտ մտնելով ի՞նչ ես ակնկալում։ Ես՝ որպես քաղաքացի ընտրող, քեզնից ոչինչ չեմ ակնկալում։ Հիմա ժամանակդ շատ է, ուրախացիր և կենտրոնացիր քո ընտանիքի վրա։
Կարդացեք նաև
Վարդան Օսկանյանին պարզապես կասեմ՝ դու, որ Քոչարյանի հետ չկարողացար ոչինչ անել (չէ՛, ինչո՞ւ, Ղարաբաղը դուրս մղեցիք բանակցություններից), հիմա առանց նրա ի՞նչ պիտի անես։
Եվ ոչ միայն արդեն իսկ արու քաղաքական գործիչներին եմ ասում, այլև բոլոր նրանց, ովքեր դատարկ դհոլի պես թմբկահարվում և մարում են։ Ինչո՞ւ, որովհետև նրանց չի հերիքում իսկական քաղաքական գործչին հատուկ հատկանիշը՝ մանևրել, բայց երբեք չկորցնել դեմքը։ Նրանք դեմք չունեն, նրանց պարզապես կերակրատաշտ է պետք։ Ավաղ, ինչը բացակայում է մեզ մոտ արդեն քսան տարուց ավելի։
Դե եկ ու ցնծա՛, Հայաստան աշխարհ, դեռ չկա փրկող անհատը։
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում