Տեւական ժամանակ է, ինչ վարորդները չեն կարողանում տեխզննման կտրոններ ձեոք բերել, քանի որ ՀՀ բանկերում կտրոններ չկան։ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ՀՀ-ում տրանսպորտային միջոցների քանակի վերաբերյալ տվյալները ֆինանսների նախարարությանը տրամադրում է ՀՀ ճանապարհային ոստիկանությունը, եւ ըստ այդ տվյալների՝ տեխզննման կտրոնները տպագրվում են ֆինանսների նախարարության կողմից։
Բանկի աշխատակիցները վարորդներին փոխանցել են, որ սպառվել են կտրոնները, եւ հայտնի չէ, թե դրանցից երբ կստանան։
Ի դեպ, վարորդներ էլ կան, որոնք կարողացել են տեխզննման կտրոն ձեռք բերել այն դեպքում, երբ բանկում ծանոթ աշխատակից են ունեցել։
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդը» նախ դիմեց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն, որտեղից փոխանցեցին, որ իրենք կապ չունեն տեխզննման կտրոնների հետ եւ խորհուրդ տվեցին դիմել ֆինանսների նախարարություն։
Խնդրի հետ կապված՝ ՖՆ-ից «Ժողովուրդ»-ին փոխանցեցին հետեւյալը. «Տեխզննության կտրոնների փաստացի կարիքը ձեւավորվում է առկա տրանսպորտային միջոցների վերաբերյալ տվյալների եւ տարվա ընթացքում դրանց ըստ քանակի ու թողարկման տարեթվերի փոփոխության արդյունքում, ինչը կարող է հանգեցնել կանխատեսված եւ փաստացի տեխզննության կտրոնների կարիքի ժամանակավոր շեղումների։ Եվ 2016 թվականի տարեվերջում, առկա տեղեկատվության վերլուծությամբ կանխատեսելով տեխզննության կտրոնների հնարավոր լրացուցիչ կարիքը, ՖՆ-ն ապահովել է կտրոնների լրացուցիչ խմբաքանակի տպագրությունը եւ բանկերին տրամադրումը»։
Սակայն ըստ ահազանգած վարորդների՝ դա իրականությանը չի համապատասխանում, քանի որ նրանք մինչ օրս չեն կարողանում ձեռք բերել իբրեւ թե «տրամադրված» տեխզննման կտրոնները։ Բացի այս՝ «Ժողովուրդ»-ը իր հերթին դիմեց մի քանի բանկերի, որտեղից փոխանցեցին, որ չունեն կտրոններ:
Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում