ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման լիազորությունների ժամկետի ավարտին նամակ է գրել ամերիկացի ժողովրդին, որը տեղադրված է Սպիտակ տան կայքում: Նամակը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև.
Իմ ամերիկացի բարեկամներ,
Երկար տարիների ավանդույթ է, որ ԱՄՆ գործող նախագահը ընտրված նախագահի համար հրաժեշտի գրառում է թողնում Օվալաձև գրասենյակում: Այդ նամակը նպատակ ունի փոխանցել այն, ինչ մենք գիտենք, ինչ սովորել ենք, այն փոքրիկ իմաստությունը, որը կարող է օգնել մեր հաջորդին՝ կրելու այն մեծ պատասխանատվությունը, որը բերում է մեր երկրի ամենաբարձր պաշտոնը:
Բայց նախքան մեր 45-րդ նախագահի համար գրառում թողնելը, ցանկանում եմ վերջին անգամ ձեզ շնորհակալություն հայտնել ձեր 44-րդ նախագահը դառնալու պատվի համար: Որովհետև այն ամենը ինչ ես սովորել եմ այս պաշտոնավարման ժամանակ, ես սովորել եմ ձեզնից: Դուք ինձ դարձրել եք ավելի լավ նախագահ, դուք ինձ դարձրել եք ավելի լավ մարդ:
Կարդացեք նաև
Այս 8 տարիների ընթացքում դուք եղել եք մեծահոգության, կայունության և հույսի աղբյուր, որից ես ուժ եմ ստացել: Ես տեսել եմ՝ ինչպես են հարևանները և համայնքները հոգ տանում միմյանց մասին տնտեսական ճգնաժամի ամենավատ օրերին: Ես տխրել եմ դժբախտության մեջ հայտնված ընտանիքների հետ՝ փնտրելով պատասխան և գթություն եմ գտել Չարլսթոնի եկեղեցում:
Ես սիրտ եմ առել երիտասարդ շրջանավարտների և մեր նորագույն ռազմական սպաների հույսից: Ես տեսել եմ՝ ինչպես են մեր գիտնականներն օգնում կաթվածահար եղած մարդկանց վերգտնել շոշափելու իրենց զգացողությունը, և մահվան ճիրաններում գտնվող վիրավորված զինվորներին՝ դարձյալ քայլել: Ես տեսել եմ ամերիկացիների, որոնց կյանքը փրկվել է, որովհետև նրանք վերջապես հասանելիություն են ստացել բժշկական ապահովագրության, և ընտանիքներ, որոնց կյանքը փոխվել է, որովհետև նրանց ամուսնությունը հավասար է դասվել մեր ամուսնություններին: Ես տեսել եմ՝ ինչպես են փոքր երեխաներն իրենց գործողություններով և մեծահոգությամբ մեզ հիշեցնում մեր պարտավորությունները՝ հոգ տանել փախստակաների մասին, կամ աշխատել հանուն խաղաղության և, անկախ ամեն ինչից, հոգատար լինել միմյանց նկատմամբ:
Ես տեսել եմ ձեզ՝ ամերիկացիներիդ՝ ձեր ողջ առաքինությամբ, վճռականությամբ, բարությամբ և հումորի զգացումով: Եվ որպես քաղաքացի ձեր ամենօրյա գործողությունների մեջ տեսել եմ՝ ինչպես է բացվում մեր ապագան:
Մենք բոլորս՝ անկախ կուսակցությունից, պետք է ամբողջությամբ տրվենք այդ աշխատանքին՝ քաղաքացի լինելու երջանիկ աշխատանքին: Ոչ միայն այն ժամանակ, երբ ընտրություններ են, ոչ միայն այն ժամանակ, երբ մեր նեղ շահերը վտանգված են, այլ մեր կյանքի ամբողջ ընթացքում:
Ես ձեզ հետ կլինեմ այդ ճանապարհի յուրաքանչյուր քայլին:
Եվ երբ առաջընթացը դանդաղ է թվում, հիշե՛ք՝ Ամերիկան ինչ-որ մեկ մարդու նախագիծ չէ: Մեր ժողովրդավարության ամենահզոր բառն է՝ «Մենք: Մենք՝ ժողովուրդս» (ԱՄՆ սահմանադրության առաջին բառերը-խմբ.): «Մենք կարող ենք հաղթահարել»:
Մենք կարող ենք:
Նախագահ Բարաք Օբամա
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ