Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի միջնակարգ դպրոցի վերաբերյալ ահազանգ էինք ստացել, ըստ որի՝ դպրոցում սառնամանիք է։ «Այդ որտե՞ղ է տաք, որ մեզ մոտ սառնամանիք է: Լուրերով էլ հաղորդում են, որ ցուրտ հոսանքների պատճառով այդպիսի վիճակ է»,- երեկ արձագանքեց ուսումնական հաստատության տնօրեն Արսեն Ասատրյանը։ Նրա խոսքով, այդ պահի դրությամբ դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով։ Դասերը սկսվում են առավոտյան ժամը 10-ին եւ տեւում 30-ական րոպե։
Հիշեցնենք, որ կրթության նախարարությունը թույլատրել էր ղասերն ուշ սկսել, եթե առաջանում են ջերմաստիճանի ապահովման հետ կապված խնդիրներ։ Չիվան գազիֆիկացված չէ, եւ դպրոցը ջեռուցվում է էլեկտրական տաքացուցիչների միջոցով։ «Դասարաններում ջերմաստիճանը մոտավորապես +9, +10, +11 աստիճան է, նայած՝ որտեղ»,- տեղեկացրեց հաստատության տնօրենը։
Ջերմային այս պատկերն, ըստ նրա, բացառապես պայմանավորված է եղանակով ու ոչ, ասենք, պատուհանների ջերմամեկուսացման հնարավոր խնդրով կամ դպրոցը թերի ջեռուցելով։ «Ընդհանուր աոմամբ, մեր նախալեռնային շրջաններն ամբողջությամբ պատված են մառախուղով, դրա համար է ցուրտը։ Սրանից նորմալ տաքացնել չեմ էլ պատկերացնում։ Եթե էլեկտրական մեկ սալիկը չի բավարարում, երկրորդն ենք տեղադրում»,- ասաց Արսեն Ասատրյանը։ Այդ դեպքում պատահում է, որ հոսանքալարերն այրվում են, ինչը տեղի էր ունեցել նաեւ նախորդ օրերին։ Երեխաները տեղափոխվել են ինֆորմատիկայի կամ ռազմագիտության դասասենյակներ։
Բայց որքան էլ Չիվայի դպրոցում դասերն անցնում են մոտավորապես +10 աստիճանի պայմաններում, տնօրենը կարծում է, որ ձմեռային արձակուրդը չերկարաձգելը կամ այժմ դասապրոցեսը չդադարեցնելը ճիշտ որոշում է, հակառակ դեպքում կտուժեր կրթության որակը։ «Կրթության որակն ապահովելու համար դասապրոցեսը դադարեցնել պետք չէ, որովհետեւ երեխաներն այդքան երկար տանը մնալով՝ հետ են ընկնում։ Երեխաների կրթության որակի ապահովման համար անհրաժեշտ է նաեւ արձակուրդների տեւողությունը պահպանել»,- ասաց Արսեն Ասատրյանը։
Կարդացեք նաև
Հավաստիացրեց, որ ցուրտ լինելու պատճառով ոչ մի աշակերտ այս ընթացքում չի հիվանդացել։ Չիվայի միջնակարգ դպրոցում սովորում է 60 երեխա։ Տնօրենի խոսքով՝ օրական բացակայում է նրանցից 7–8-ը՝ տարբեր պատճառներով, այդ թվում՝ ցրտի։
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում