«Ժառանգությունում» ընդհանուր հայտարարի չեն գալիս,
խանգարում է այս բանաձեւը
Երեկ «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստի ընթացքում այդպես էլ ժառանգականները ընդհանուր հայտարարի չեկան: Պատճառն այն է, որ տարաձայնություններ կան այն հարցում՝ արդյոք խորհրդարանական ընտրություններին մասնակցել միայնա՞կ, թե՞ դաշինքով:
Կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ կուսակցության վարչության անդամները նիստի ընթացքում երեք-չորս անգամ ելույթ են ունեցել, պնդել իրենց տեսակետը, փորձել համոզել կուսակիցներին, սակայն այդպես էլ ընդհանուր հայտարարի չեն եկել: Նիստն ընդհատվել է, եւ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ առաջիկա օրերի ընթացքում նիստը կշարունակվի, եւ որոշում կկայացվի: Սուսաննա Մուրադյանն, օրինակ, կողմ է դաշինքներին, ըստ նրա` միայնակ մասնակցելը կնշանակի «մեկ-երկու» մանդատ փախցնել:
Դաշինքներին կողմ է նաեւ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Մինչդեռ կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանը կտրականապես դեմ է դաշինքներին: Նա, մասնավորապես, հայտարարել է. «Անձամբ ես պատրաստ չեմ դաշինքով մասնակցելուն: Ես կողմ եմ, որ մենք գնանք մեր ցուցակով եւ առանձին»:
Կարդացեք նաև
«Առավոտը» Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ, նախկին ժառանգական Ստեփան Սաֆարյանից հետաքրքրվեց` հաշվի առնելով իր նախկին կուսակից ընկերների տեսակետներն ու լավ իմանալով բնավորության գծերը՝ ո՞րն է պատճառը, որ կուսակցությունում այդպես էլ ընդհանուր հայտարարի չեն գալիս: Պարոն Սաֆարյանը նշեց հետեւյալ բանաձեւը. «Գնանք իշխանափոխություն անենք ցանկացածի հետ՝ առանց ռիսկերն ու հեռանկարները գնահատելու, առանց տարաձայնությունները հաշվի առնելու: Այս խնդիրը վաղուց կա, դրան ես էլ եմ բախվել ու հասկացել, որ չեմ կարող այդ գծի մասը լինել: 2013-ին էր դա դեռ: Նույնը շարունակվում է հիմա»: Հետեւաբար Ստեփան Սաֆարյանի համար հիմա զարմանալի է, որ Զարուհի Փոստանջյանը զարմանում է: Պարոն Սաֆարյանը հիշեցրեց «Ժառանգության» անցյալը. «Այդ նույն գծով գնաց քառյակ կազմեց, նույն բանաձեւով «Հիմնադիր խորհրդարանին» միացան: Բայց «Ժառանգությունը» բոյկոտող ուժ չի եղել, չի գործել ռադիկալ դաշտում: Իշխանափոխություն ցանկացած գնով եւ ցանկացածի հետ՝ դա նրանը չէ: Հենց այս բանաձեւը հիմա նորանոր խնդիրներ է ի հայտ բերում, եւ ինչպես ժամանակին այլք հեռացան, նաեւ ես, այդ նույն գծի պայքարն է հիմա, որի միակ ելքը, Զարուհու ասած, միայնակ գնալն է»:
Պարոն Սաֆարյանի համոզմամբ` դաշինքով ընտրություններին մասնակցելու պարագայում «Ժառանգությունը» շատ բան կորցնելու է, այդ թվում՝ վարկանիշը, էլ չենք խոսում այն մասին, որ «Րաֆֆի Հովհաննիսյանը չի երեւալու, խմբակցություն չեն ունենալու»:
Ըստ պարոն Սաֆարյանի` դաշինքով չգնալու դեպքում կուսակցության ներսում են թեժ տարաձայնություններ լինելու. կարող է Արմեն Մարտիրոսյանը եւ մյուսներն ասեն` չեմ մասնակցում: Նման իրավիճակում պարոն Սաֆարյանին ավելի պատկերանում է այն, որ կուսակցությունն ընդհանրապես չմասնակցի խորհրդարանական ընտրություններին:
Հարցին` ստեղծված իրավիճակից դուրս գալու համար կուսակցության համար լավագույն լուծումը ո՞րը կարող է լինել, պարոն Սաֆարյանը փաստեց, թե լավագույն լուծում ունենալու պահերը կուսակցությունում վաղուց բաց են թողել: Պարոն Սաֆարյանը կրկին հիշեց 2013-ը. «Ես 2013-ին էլ եմ ասել` լուծումը վերադառնալն է նրան, ինչը կուսակցությունը լավ էր անում, եւ նրան սիրում էին ու հույսեր կապում: Դա պոռոտախոսությունը չէր, անընդհատ իշխանափոխություն խոստանալն ու հիասթափեցնելը չէր, դա հանրային եւ մաքուր քաղաքականության կամրջումն էր, որը բացի «Ժառանգությունից»՝ ոչ մեկը չէր անում, դա հանրային շահը սպասարկելն էր: Այլ բան է, որ հիմա ով ուզում է իշխանափոխության անվան տակ ինչ-որ բան քողարկել, ասում է՝ հանրային շահ: Քաղաքական պոռոտախոսության հետ եմ, որ անընդհատ ասում են՝ իշխանափոխություն եմ անելու եւ անարդյունք, ինչը «Ժառանգությանը» ընդամենը պարտություններ է բերել»:
Պարոն Սաֆարյանը, վկայակոչելով նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի` մի առիթով արված հայտարարությունը, նշեց, որ եթե իրավիճակը սրան է հասել, լուծումը ավելի շատ պատկերանում է չմասնակցելը, որովհետեւ որեւէ դիրքորոշման օգտին` միայնակ մասնակցելու, կամ դաշինքով, որոշում կայացնելը հանգեցնելու է մյուս թեւի օտարմանը, ներքին տարաձայնությունների շարունակմանը:
Հավելենք նաեւ, որ խորհրդարանական ընտրությունների մասնակցության կամ չմասնակցելու, դաշինքով կամ միայնակ մասնակցելու հարցը կուսակցությունը առաջիկա օրերին կորոշի քվեարկության միջոցով:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ»
20.01.2017