«Ռոսիա» հեռուստաալիքով մի հաղորդում է հեռարձակվում, որը կոչվում է «Կիրակնօրյա երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ»: Երբ ալիքները փոխելիս 3-4 րոպե կանգ եմ առնում այդ քաղաքական թոք-շոուի վրա, լսում եմ մոտ տասնյակի հասնող կրքոտ տղամարդկանց, որոնք գրեթե գոռալով բարձրաձայնում են իրենց տեսակետները: Սկզբում կարելի է ենթադրել, որ այդ մարդիկ վիճում են ու ինչ-ինչ հարցերում իրար հետ համաձայն չեն: Բայց բովանդակության մեջ խորանալուց հասկանում ես` նրանք բոլոր հարցերում համաձայն են, պարզապես մրցում են, թե ով ավելի կարծր, ավելի վճռական կարծիք կհայտնի Սիրիայի, Ուկրաինայի, Եվրոպայի եւ Ամերիկայի թեմաներով, եւ ով ավելի թունոտ բառերով կպախարակի «Ռուսաստանի թշնամիներին»: (Ի դեպ, երբեւէ չեմ լսել, որ այդ մարդիկ` Ժիրինովսկին, Բաղդասարովը, Մարկովը եւ մնացածները, քննարկեն Ռուսաստանի խնդիրները. հավանաբար, այդ երկրում ամեն ինչ լավ է` խնդիրներ չկան):
Եվ ահա, այդ «համընդհանուր դատապարտման» ֆոնին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հասցեին որոշակի հաճոյախոսություններ են հնչում, եւ դա, ըստ երեւույթին, Կրեմլի եւ, հետեւաբար, ռուսաստանյան պաշտոնական լրատվամիջոցների տեսակետն է: Թե ինչն է այս շրջանակներին դուր գալիս Թրամփի մեջ՝ կարող եմ ենթադրել: ԱՄՆ նորընտիր նախագահը վատ է դաստիարակված, հարգալից չէ իր ընդդիմախոսների նկատմամբ, կարող է կոպտել լրագրողներին եւ այլն: Գռեհկության նման դրսեւորումներն, անշուշտ, հոգեհարազատ են ռուսաստանյան այսօրվա վերնախավին:
Բայց դրանք անձնական հատկանիշներ են, որոնք Միացյալ Նահանգների նման երկրում որոշիչ նշանակություն չունեն: Հյուսիսային Կորեայում կամ Ուզբեկստանում, իհարկե, մեծ դեր է խաղում, թե նախորդ գիշեր ինչ երազ է տեսել առաջին դեմքը, եւ այդ երազից է կախված, թե մոտակա օրերի (շաբաթների, ամիսների) ընթացքում ինչ քաղաքականություն է վարելու տվյալ երկիրը՝ մինչեւ հաջորդ երազը: ԱՄՆ-ում պետական քաղաքականությունը որոշում են պետական ինստիտուտները, որոնց մեջ մտնում են ոչ միայն գործադիր եւ օրենսդիր իշխանության թեւերը, այլեւ, մասնավորապես, փորձագիտական համայնքը եւ նորընտիր նախագահի չսիրած մամուլը:
Անձամբ Թրամփը գուցե մեծ ցանկություն ունի գրկախառնվելու Պուտինի հետ, բայց արդեն հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն առայժմ չի հանի: «Ամերիկյան Ռոսնեֆտի» («Էքսոնմոբիլի») ղեկավար Ռեքս Թիլերսոնը, որն, ըստ երեւույթին, դառնալու է ԱՄՆ պետքարտուղար, գուցեեւ ցանկանա համատեղ բիզնես կազմակերպել ռուսների հետ, բայց կվախենա Կոնգրեսի հետաքննություններից՝ շահերի բախման հարցով: Սա հետխորհրդային երկիր չէ, որտեղ նախարարներն ու պատգամավորները երկու ձեռքով բիզնես են անում, իսկ ձախ ոտքով զբաղվում են պետության գործերով: Ի դեպ, նավթային բիզնեսմենը, որը ղեկավարելու է ԱՄՆ դիվանագիտությունը, արդեն իսկ հայտարարել է, որ Ուկրաինայի հարցում Միացյալ Նահանգների դիրքորոշումը մնալու է նույնը, եւ, մասնավորապես, դատապարտել է Ղրիմի բռնազավթումը:
Կարդացեք նաև
Այնպես որ՝ ռուսաստանյան պաշտոնական շրջանակների ոգեւորությունն այնքան էլ տեղին չէ: Կես տարում Սոլովյովի հաղորդման մասնակիցները նույն կրքով կխարազանեն Թրամփին:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
,,Времена меняются,приоритеты тоже,,:Ինչպես և Թուրքիայի հարցում էր….
Ծիծաղելի է մտածելը թէ Թրամփի նման անձնավորություն մը Ռուսաստանի – կամ որեվէ բանի… – նկատմամբ աւելի տկար, անկայուն եւ կակուղ կարող է լինել, քան թէ Օպամա մը եւ իր նմանները:
ԱՄՆի այժմու նախագահի կեցվածքը պարզ է: Ան պարզապէս առիթ պիտի տա որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեվ լարվածությունը նվազի: Եւ այս ճիգը պիտի կատարէ միմիայն մէկ նպատակով, մէկ դրդապատճառով՝ բացառապէս հանուն ԱՄՆ-ի շահերին, այդ ալ՝ տնտեսական գետնի վրա:
Այսինքն, ան պատրաստ է «ձեռքերը լվանալու» այն խնդիրների կապակցությամբ ուր ԱՄՆ-ի շահերը իսկապէս խնդրո առարկա չեն: Գործնական տեսակէտից, լոկ պրագմատիկ ըմբռնողությամբ, եւ ոչ թէ ինչ-որ վերացական, գաղափարական ցնորաբանությունների հիման վրա:
Այս դիրքորոշումը նորություն չէ: Կը կոչվի ամերիկեան մեկուսապաշտություն (isolationism) : Յիշենք որ այս հիման վրա է որ, երկու Համաշխարհային պատերազմներին, ԱՄՆ-ն բաւականին ուշ միջամտեց:
Պուտինն ալ պատրաստակամ կը թվի, իր կողմէն նոյն առիթը տալու:
Թէ որ այս փոխադարձ ճիգերը ի դերև ելլեն, կը վերադառնանք դասական բախումին, համախարհային սովորական բևեռացման:
Սակայն այս գործընթացը կարող է բաներ փոխել: Պահ մը մէկդի դնելով հակառուսական ատելութեան մոլուցքը, նկատի ունենանք որ աշխարհա-քաղաքական շատ մը ծանր խնդիրների պարագային, Ռուսաստանը չէր նախահարձակը, այլ Արեւմուտքը: Եւ Ռուսաստանի ալ գործին կու գա անշուշտ մի քիչ մեղմացնել լարվածությունը, օգտվելով ԱՄՆ-ի խորապէս նոր կառավարության տվյալից, որպէս «պատվաւոր ելք» կարգ մը կացություններից…
Թրամփի վերեւ պարզված մօտեցումից լրջօրէն մտահոգվելու պատճառ ունի միայն Եւրոպան:
Իսկ մեր պարագայի՞ն՝ տեսնենք…
Wait and see…
Սակայն արգիլված չէ լավատես լինել: