Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ համար կարեւոր է ԵԽ-ի կողմից իրերի ճիշտ ընկալումը»

Հունվար 20,2017 15:00

Հունվարի 23-27-ը Ստրասբուրգում իր աշխատանքը կսկսի ԵԽԽՎ 2017թ.-ի առաջին նստաշրջանը՝ հագեցած օրակարգով, որին ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը պատրաստված է: ԵԽԽՎ հունվարյան օրակարգային խնդիրների շուրջ «Առավոտը» զրուցեց ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ:

– Տիկին Նաղդալյան, թերեւս սկսենք ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի օրակարգում ընդգրկված գլխավոր հարցից՝ ԵԽԽՎ նախագահի ընտրությունից: Նախ, կխնդրեինք պարզաբանել ԵԽԽՎ նախագահի ընտրության կարգը, եւ որքանո՞վ եք ռեալ գնահատում գործող նախագահ Պեդրո Ագրամունտի վերընտրության շանսերը:

– Նոր քաղաքական տարվա սկիզբ է, եւ, բնականաբար, Եվրոպայի խորհրդի ԽՎ առաջին նստաշրջանը շատ կարեւոր է, որովհետեւ, այսպես ասած, քաղաքական հայտերի ժամանակն է՝ պատվիրակությունների լիազորություններին, հանձնաժողովների, քաղաքական խմբերի ղեկավար մարմինների եւ այլ գործառույթներին առնչվող խնդիրներ են արծարծվելու, այդ թվում, ինչպես նշեցիք, ԵԽԽՎ նախագահի ընտրության հարցը: Կարգը հետեւյալն է՝ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահն ընտրվում է մեկ տարի ժամկետով՝ լրացուցիչ եւս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ: Ընտրվում է ռոտացիոն, «ջենտլմենական» պայմանավորվածության հիման վրա, իսկ այդ ռոտացիոն քվոտան տվյալ պահին ԵԺԿ-ում է:

Պեդրո Ագրամունտն իր մեկ տարին պաշտոնավարել է եւ, ըստ ընդունված սկզբունքի, այժմ իր երկրորդ տարին պետք է որ ավտոմատ կամ ֆորմալ ընտրության կարգով շարունակի: Իհարկե, Ագրամունտի նախագահությունը առանձնանում է նրանով, որ վերջինս բավական խոցելի իրավիճակում է հայտնվել: Թերեւս ԵԽԽՎ-ն չի հիշում լեգիտիմության նման ցածր աստիճան ունեցող որեւէ նախագահի: Մի շարք սկանդալներ են ցնցում Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը, եւ դրանց օրակարգում կամ առանցքում ԵԽԽՎ գործող նախագահը շատ հաճախ է հայտնվում: Գլխավորը, թերեւս, կոռուպցիոն սկանդալն է՝ կապված ԵԺԿ խմբակցության նախկին նախագահ Լուկա Վոլոնտեի հետ, որում շոշափվում է նաեւ Ագրամունտի անունը, եւ Միլանի դատախազության թեթեւ ձեռքով շարունակվում է նորանոր անունների բարձրաձայնումը, այսինքն՝ ինչպես ժողովրդական առածն է ասում՝ «էս խմորը դեռ շատ ջուր կտանի»: Կան նաեւ մի շարք այլ դժգոհություններ, որոնք դառնում են ավելի հաճախակի եւ երբեմն բարձրաձայնվում ու քննարկման առարկա դառնում: Այնուամենայնիվ, եթե ռեալ դատենք, քիչ հավանական եմ համարում, որ գոյություն ունեցող եվրոպական այդ գլոբալ քաղաքական պայմանավորվածությունը խախտվի: Նաեւ քիչ հավանական եմ համարում այն հանգամանքից դրդված, որ ԵԺԿ քաղաքական խումբը ոչ միայն ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի, այլեւ ողջ Եվրոպայի խոշորագույն քաղաքական խումբն է, որը ունի նաեւ քաղաքական «ռենոմեի», այսպես ասած՝ «մունդիրի պատիվը» պահելու խնդիր: Սա համընդհանուր շահագրգռություն է լինելու, այնպես որ՝ հավանականությունը, թե ԵԽԽՎ գործող նախագահը չի վերընտրվի, նվազագույն է: Թեեւ, կարծում եմ, թեման հնչելու է, եթե ոչ՝ լիագումարում, ապա քաղաքական խմբերում հաստատապես: Ինչ վերաբերում է մեր պատվիրակությանը, ապա մենք այսօր մեր մասնակցությունը ունենք Վեհաժողովի բոլոր ակտուալ զարգացումներում՝ ուզում եմ հիշեցնել, որ դեռ հոկտեմբերին ԵԽԽՎ բյուրոյում խոսել եմ կոռուպցիոն սկանդալի վերաբերյալ Վեհաժողովի կողմից քայլեր կատարելու անհրաժեշտության մասին, որը հետագայում մեր պատվիրակության անդամները հնչեցրեցին նաեւ ազատ բանավեճի ձեւաչափում եւ առաջացրեցին նախագահի շատ նյարդային արձագանքը: Այդ մասին խոսել եմ նաեւ այդ միջադեպին հաջորդած Պեդրո Ագրամունտի հետ հանդիպմանը: Այս ուղղությամբ Եվրոպայի խորհրդի կողմից ձեռնարկվող քայլերի մասին պատրաստվում եմ խոսել նաեւ ԵԽ գլխավոր քարտուղար պարոն Յագլանդի հետ իմ հանդիպման ժամանակ, որը նախատեսված է նստաշրջանի օրերին:

– Տիկին Նաղդալյան, այսինքն՝ կոռուպցիոն սկանդալի թեման ԵԽԽՎ-ում կշարունակվի, եթե անգամ նախագահի փոփոխություն չկատարվի՞:

– Լուկա Վոլոնտեի կոռուպցիոն «քեյսը» ԵԽԽՎ-ում ակտուալ թեմաներից մեկն է այսօր: Միլանի դատախազության կողմից ջրի երես հանված եւ մինչ օրս շարունակվող այս գործը, իսկապես, սառը ցնցուղ է որոշ գործիչների գլխին եւ բացահայտում է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի խոշորագույն արատներից եւ խոցերից մեկը, որի մասին մենք քաջատեղյակ ենք, քանզի ամենաշատը մենք ենք զգում դրա ավերիչ ազդեցությունը՝ մեր դեմ դա աշխատում է ողջ ուժով: Ադրբեջանի կողմից հյուսած այս լոբբիստական ցանցը այսօր ամբողջությամբ օգտագործվում է հիմնականում հակահայկական պայքարի նպատակով: Ինքս առանձնապես «խավիարային դիվանագիտության» մասին շատ խոսելու կողմնակիցը չեմ, ավելի շատ կարեւորում եմ որոշակի քայլերի ձեռնարկումը, որոնք թույլ կտան ինստիտուցիոնալ լուծումներ մշակել: Պատահական չէ, որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Պահպանողականների խմբի ղեկավար Յան Լիդլ-Գրանյեի կողմից նախապատրաստվում է մի զեկույց, որի գաղափարի եւ նախաձեռնության հեղինակը մեր պատվիրակությունն է եղել: Այն նախատեսում է ուժեղացնել Վեհաժողովի անդամների հաշվետվողականությունը, թափանցիկ աշխատանքն ու լոյալությունը, որը Վեհաժողովի ի սկզբանե որդեգրած սկզբունքներից է, եւ, չնայած դրան, որոշ անդամներ արհամարհում են այն եւ հայտնվելով կոռուպցիոն սկանդալների մեջ՝ դառնում մամուլի ու մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունների քննադատության առարկան՝ այդպիսով ստվերելով Վեհաժողովի հեղինակությունը:

Մենք ուշադիր եւ ակտիվ մասնակցություն ունենք նաեւ այդ զեկույցի նախապատրաստման գործընթացին, մշտապես կոնտակտ ենք պահում զեկուցողի հետ: Հենց այս պահին էլ, օրինակ, զեկուցողի ուշադրությունը հրավիրելու համար իրեն ուղարկում եմ երկու կարեւոր նյութ: Առաջինը ՝ ադրբեջանցի իրավապաշտպանների եւ քաղբանտարկյալների նամակը, որտեղ նրանք պահանջում են Ադրբեջանի կաշառատու պատգամավորներին հեռացնել, դադարեցնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները մինչ կոռուպցիայի հետաքննության ավարտը եւ վերականգնել Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցով հատուկ զեկույցը եւ այլն: Եվ երկրորդը՝ «Եվրոպական կայունության նախաձեռնություն» խմբի հունվարի 18-ով թվագրված թերթը, որտեղ եւս մեկ անգամ եվրոպական հանրության ուշադրությունն է սեւեռվում Լուկա Վոլոնտեի «քեյսի» վրա՝ նշելով, որ ԵԽԽՎ հակակոռուպցիոն մեխանիզմներն ամենաթույլն են՝ կոռուպցիայի դեմ պայքարի ջատագովներին կոչ անելով միավորվել միջկուսակցական ալյանսի մեջ՝ այդ պայքարն ուժեղացնելու համար:

– Տիկին Նաղդալյան, կցանկանայի եւս մեկ կարեւոր խնդրի անդրադառնայիք՝ ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի վերջին հայտարարությանը՝ դիվերսանտ ադրբեջանցու դիակի վերադարձի հետ կապված, որը միանշանակ չընդունվեց եւ լայն քննարկման առարկա դարձավ մեր հանրության կողմից: Արդյոք այս մասին ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում անդրադարձ կլինի՞ մեր պատվիրակության կողմից եւ, մասնավորապես, Ձեր գնահատականը…

– Մենք նախատեսում ենք հանդիպումների մի շարք ե՛ւ պատվիրակությունների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ, ե՛ւ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար պարոն Թյորբորն Յագլանդի հետ: Ունենք քննարկվելիք օրակարգային խնդիրներ, որոնք առնչվում են նաեւ այդ հայտարարությանը, ինչպես նաեւ այն խնդիրներին, որոնք մենք անցյալ տարվա ընթացքում, ապրիլյան պատերազմից հետո, մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների հետ շփումների ժամանակ բարձրացրել ենք եւ ձեռք բերել պայմանավորվածություններ՝ նախատեսված արդեն այս տարվա համար:
ԵԽ գլխավոր քարտուղարի վերջին հայտարարությունը, անշուշտ, Հայաստանում հանրային ընկալման խնդիր ունի: Մեր վերաբերմունքը հետեւյալն է՝ Եվրոպայի խորհուրդը Հայաստանի կարեւորագույն գործընկերներից մեկն է, մեծ դերակատարություն ունի հետագա ժողովրդավարացման, ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործում, եւ մեզ համար շատ կարեւոր է նրանց կողմից իրերի ճիշտ ընկալումը, բայց դա փոխադարձ է, այսինքն՝ կարեւոր է նաեւ, որ մեր հանրության համար հասկանալի լինեն դրդապատճառները, որոնք հանգեցնում են այս կամ այն քայլին:

– Անդրադառնանք ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի օրակարգային հարցերին, որոնք կարելի է առանձնացնել մեզ հետաքրքրող կոնտեքստում:

– Կան նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի պատվիրակությունների լիազորությունների հետ կապված, այսպես ասած՝ օդում կախված լուրեր, բայց իմ կարծիքով՝ սրանք եւս չեն ինստիտուցիոնալիզացվի եւ չեն ձեւավորվի, եթե անգամ գտնվեն որոշ քաղաքական ուժերի եւ երկրների ներկայացուցիչներ, որոնք կփորձեն նյութականացնել: Այնուամենայնիվ, վստահ եմ, որ այդ ռեսուրսը նույնպես էական հանգուցալուծումների չի բերելու, պարզապես լինելու է ինչ-որ մի քայլ, որը արդյունք չտվեց կամ կրիտիկական մասսա չունեցավ՝ որեւէ փոփոխություն առաջացնելու համար:

ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցերից կարեւոր եմ համարում Եվրոպայում մամուլի ազատության եւ լրագրողների դեմ բռնության խնդիրների արծարծումը: Հրատապ կարգով կարող են քննարկվել Թուրքիայի ժողովրդավարական ինստիտուտների գործունեության հարցերը, Սիրիայում տիրող իրավիճակի ու շրջակա երկրների վրա դրա ազդեցության խնդիրները, որոնց մեր պատվիրակները պատրաստվում են շատ ակտիվ մասնակցել՝ թե՛ լիագումար նիստերում իրենց ելույթներով եւ թե՛ առանձին քաղաքական խմբերում ու հանձնաժողովներում տարվող աշխատանքային ձեւաչափում:

 

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ»

19.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031