Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայ տենորին բեմում Նոր տարուն տոլմա են հյուրասիրել

Հունվար 20,2017 13:00

Օպերային երգիչ Հովհաննես Այվազյանը շարունակում է մնալ ճանաչված
երաժիշտների եւ հեղինակավոր թատրոնների ուշադրության կենտրոնում:

Ժամանակները ամրագրել են մի փաստ. յուրաքանչյուր դերասան, ստեղծագործական կյանքում ինչքան էլ ստացված կերպարներ մարմնավորի, միեւնույն է, հանդիսատեսի, նույնիսկ մասնագետների մոտ տպավորվում կամ հիշվում է դրանցից մեկ-երկուսը: Թեեւ մեր զրուցակիցը՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Հովհաննես Այվազյանը վերջին տարիներին գլխավոր դերերգերով հանդես է եկել ոչ միայն Երեւանի, այլեւ արտասահմանյան այլ երկրների օպերային թատրոններում (սկսած 2010-ից), այնուամենայնիվ, նրա անունը զուգահեռվում է Կավարադոսի դերերգի հետ՝ Պուչինիի «Տոսկայում»: Վերջինիս պրեմիերան կայացավ անցյալ տարի աշնանը՝ Երեւանի օպերային թատրոնում (ռեժիսոր՝ Նաիրե Ստեփանյան), իսկ մինչ այդ հիշյալ դերերգով երգիչը հանդես էր եկել Կանադայի, Մոնղոլիայի, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան եւ Մոսկվայի Մեծ թատրոններում: Սակայն հայաստանցի հանդիսատեսը տենորին այդ պարտիայով լսել էր տարիներ առաջ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Թոփչյան) համերգային կատարումով ներկայացված «Տոսկայում»:

Հայ տենորը, կորեացի ֆլեյտահարը՝ Լեոր Շամբադալի ղեկավարած բեռլինյան համերգում: 

Այսօր Հովհաննես Այվազյանը ցանկալի հյուր է հեղինակավոր թատրոններում: «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ երգիչը հաստատեց մեզ հասած լուրը, որ Գերմանիայում Ամանորի շեմին կայացած համերգներից մեկի ժամանակ հենց բեմում իրեն տոլմա են հյուրասիրել: Հետո էլ հայտնեց. «Բեռլինի ֆիլհարմոնիկ սրահում Բեռլին-սիմֆոնիկի հետ (գեղարվեստական ղեկավար՝ Լեոր Շամբադալ) անցյալ տարվա դեկտեմբերի 31-ին հանդես եկա համաշխարհային օպերային գրականության ընտիր նմուշների՝ տենորի համար գրված հայտնի արիաների կատարմամբ, այդ թվում՝ Կավարադոսի, Անդրեաշենիենի (Ումբերտո Ջորդանոյի համանուն օպերայից), Կանիոյի (Լեոնկավալոյի «Պայացներ») եւ այլ մեներգերի կատարումներով: Համերգին իբրեւ մենակատար հրավիրված էր նաեւ կորեացի ճանաչված ֆլեյտահար Ժասմինե Չոին: Հունվարի 1-ին արդեն նույն ծրագիրը կրկնվեց Բադ Քիսիգենում: Նշեմ, որ ոչ միայն ես, այլ մասնակից մյուս երաժիշտները, փաստորեն, հանգստացանք ոչ թե մի գիշեր, այլ ընդամենը մի քանի ժամ»: Ինչ վերաբերում է բեմում տոլմա համտեսելուն, արվեստագետը մանրամասնեց. «Քանի որ ես Հայաստանից էի, իսկ մաեստրո Շամբադալը քանիցս հյուրընկալվել է մեր երկրում, հարգում եւ բարձր է գնահատում հայ մշակույթը, հերթական համերգային համարը կատարելիս, այն է՝ Պուչինիի «Տուրանդոտից» Նեսուն Դորմայի արիան, մեկնաբանելուց հետո ինձ համար անսպասելիորեն հանդիսատեսին եւ ինձ հյուրասիրեցին հայկական տոլմա: Կարծում եմ՝ սա այն դեպքն է, երբ մեկնաբանություններն ավելորդ են…Ընդ որում, այդպես եղավ եւ կորեացի ֆլեյտահարի ելույթից հետո, որին նույնպես մատուցվեց ազգային կերակուր»:

Հովհաննես Այվազյանը երգում է տոլման ձեռքին: 

Հետաքրքրությանը՝ որտեղ է կայացել ծանոթությունը հրեա դիրիժոր Շամբադալի հետ, մեր զրուցակիցն ասաց. «Դա տեղի ունեցավ 2016թ. գարնանը, երբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հրավերով մաեստրոն հյուրընկալվել էր Երեւանում եւ այդ կարճ ժամանակահատվածում օպերային երգիչների հետ անցկացրել լսումներ…»:
Հիշեցնենք, որ Հովհաննես Այվազյանը շուրջ 1 տարի է, ինչ համագործակցում է գերմանաբնակ ռուս իմպրեսարիո Նատալյա Նյումենի հետ, որն, ի դեպ, աշխատում է ընդամենը հաշված թվով երգիչների հետ: Մինչ այդ, հայ տենորը նկատվել եւ ընդգրկված է եղել եվրոպական մենեջերական մի կազմակերպության կողմից: Իսկ նրա ճանաչման գործում մեծ դեր են խաղացել արվեստագետի լսումներին մասնակցությունը Մարիինյան, Մեծ եւ այլ թատրոններում:

Աջից՝ Հովհաննես Այվազյանը (Դոն Կառլոս), Իլդար Աբդրազակովը (Ֆիլիպ)՝ «Դոն Կառլոս» ներկայացման մեջ:

Առաջիկայում Երեւանի օպերային թատրոնի խաղացանկային ներկայացումներում զբաղվածության հետ մեկտեղ՝ Հովհաննես Այվազյանը հավաստիացրեց, որ շատ կուզենար անցած տարի արտասահմանում կայացած ներկայացումների եւ համերգների օրինակով բեմում խաղընկեր ունենալ, ասենք, այնպիսի մի աշխարհահռչակ երգչի, ինչպիսին է 2016թ. աշխարհում լավագույն բաս ճանաչված Իլդար Աբդրազակովը, որ Վալերի Գերգիեւի ղեկավարությամբ ավանդաբար անցկացվող «Սպիտակ գիշերների աստղերը» փառատոնի շրջանակներում՝ Մարիինյան թատրոնում հանդես է եկել Վերդիի «Դոն Կառլոս» ներկայացման մեջ, ինքը՝ Դոն Կառլոսի կերպարում, բասը՝ Ֆիլիպի:

Հետագա ծրագրերի մասին խոսելիս երգիչը կարեւորելով իր խոսքերով՝ «իմ հարազատ Երեւանի թատրոնում գործունեությունս», ընդամենը հայտնեց. «Մոտ գարնանը կմեկնեմ Իռլանդիա: Հանդես կգամ Խոզեի դերերգով՝ Բիզեի «Կարմենում»:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

19.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031