Լրահոս
Օրվա լրահոսը

Բանալի, որով ոչ մի դուռ չի բացվում

Հունվար 20,2017 12:00

Իրանի ներուժն ու աճող ազդեցությունը տարածաշրջանում խորապես պետք է գիտակցել ու եզրահանգումներ անել

Հայաստան-Իրան հարաբերություններում արձանագրված վերջին շրջանի հաջողություններից կարելի է ընդգծել երկու երկրների միջեւ վիզային ռեժիմի ազատականացումը, որը նաեւ քաղաքական լուրջ քայլ էր, եւ որը ցույց է տալիս երկու երկրների բարեկամական հարաբերությունները, քաղաքական հարաբերությունների որոշակի մակարդակը:

Անցյալ տարի հունիսի 5-ին պաշտոնական այցով Թեհրանում էր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, որին ընդունել էին Իրանի նախագահ Հասան Ռոհանին եւ երկրի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: Իրանի նախագահի նստավայրում Նալբանդյանը եւ Զարիֆը ստորագրեցին երկու երկրների միջեւ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման մասին հուշագիրը:

Կարելի՞ է բեկումնային համարել Իրանի նախագահի այցն անցյալ ամիս Հայաստան: Անշուշտ, դա խիստ կարեւոր այց էր, բայց արդյո՞ք բեկումնային էին հայտարարությունները, որոնք արվեցին Երեւանում: Թերեւս` ոչ, Հայաստան-Իրան հարաբերություններում գոնե այս պահի դրությամբ բեկումնային համաձայնություններ ձեռք չեն բերվել:

Քանի դեռ Ռուսաստանի ազդեցության գոտում ենք ու Հայաստանի կախվածությունը ԵՏՄ-ին անդամակցությամբ մեծացրել ենք` թե՛ Իրանի, թե՛ Վրաստանի հետ մենք մեզ զրկում ենք ինքնուրույն քաղաքականություն վարելուց` առեւտրատնտեսական, ներդրումային, էներգետիկ ու տրանսպորտի ոլորտներում:

Ի՞նչ դիրքորոշում ունի պաշտոնական Երեւանն, օրինակ, Իրանի կողմից գազը Եվրոպա արտահանելու ծրագրին մասնակցության վերաբերյալ` որպես տարանցիկ երկիր: Կա՞ն կոնկրետ բանակցություններ այս ուղղությամբ` Հայաստան-Վրաստան-Իրան մակարդակով, առանց Ռուսաստանի:

Նույն վիճակն է Իրանից գազի ներմուծման առումով գազի գների շուրջ` անկախ Հայաստանի եւ «Գազպրոմի» միջեւ կնքված պայմանագրից: Իրանը կարելի է մրցակից համարել Ռուսաստանին այս ոլորտում: Բայց կարո՞ղ ենք ինքնուրույն որոշումներ կայացնել, պատրա՞ստ ենք, օրինակ, նման պայմանագրեր կնքել Իրանի հետ: Չէ՞ որ ԵԱՏՄ անդամ որոշ երկրներ շատ հաճախ ընդդիմանում են Մոսկվային եւ իրենց երկրների շահերի մասին են բարձրաձայնում: Ինչո՞ւ նույնը իրեն չի կարող թույլ տալ պաշտոնական Երեւանը: Ո՞վ ասաց, որ Հայաստան-Իրան փոխհարաբերությունները պակաս կարեւոր են, քան ԵԱՏՄ-ում մեր ստանձնած պարտավորությունները:

Իրանը լրջորեն լծվել է Պարսից ծոց-Սեւ ծով միջանցքի տրանսպորտային ուղղության ստեղծմանը: Հայաստանը, Իրանը, Վրաստանն այս առումով իսկապես բնական գործընկերներ են, այդ միջանցքը զարգացման ճանապարհ է, որից կարող է Հայաստանն օգտվել: Հայաստանում ինքնիշխանության մակարդակի բարձրացումը կարող է գրավել պոտենցիալ ներդրողներին:

Բայց ի՞նչ ունենք այսօր: Հայաստան-Իրան երկաթգիծը կառուցելու խոստումներից ութ տարի անց օրերս կառավարությունը լուծարեց այդ երկաթուղու նախագծման եւ կառուցման նկատմամբ վերահսկողություն իրականացնող ընկերությունը: Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ լուծարման արդյունքում «առկա տասներեք հաստիքային միավորների եւ մեկ տրանսպորտային միջոցի կրճատման հետեւանքով կխնայվի մոտ 35 միլիոն դրամ»:

Իհարկե, այնուհետեւ նախարարը ընդգծեց՝ ընկերության լուծարումը ամենեւին չի նշանակում, որ կառավարությունը հրաժարվում է հայ-իրանական երկաթուղու կառուցումից. «Որովհետեւ նախարարության կազմում գործում է երկաթուղու վարչություն, այդ գործառույթները կարող է վարել երկաթուղու վարչությունը: Եվ, ինչպես նախորդ նիստում ներկայացրեցինք ԾԻԳ-երի միավորումը, դա տրանսպորտների իրականացման ԾԻԳ է, որ բոլոր մրցույթները կարող են հայտարարել այդ ԾԻԳ-ի միջոցով»:

Սակայն պարզվում է՝ երկաթգծի անգամ վերջնական նախագիծը պատրաստ չէր. «Մոտավոր հաշվարկներով դա մոտավորապես երեք միլիարդից ավելի է մի քիչ՝ 3.2 միլիարդ: Բայց դա շատ կոպիտ հաշվարկ է, որովհետեւ դեռ նախագիծը չկա վերջնական»: Հարցին, թե ինչու նախագահի հայտարարությունից 8 տարի անց պատրաստ չէ վերջնական նախագիծը, նախարարը պատասխանել է. «Որովհետեւ ինվեստորը, որ պիտի ներդրում կատարի, ինքը պետք է անի իրեն հարմար նախագիծ»:

Փաստորեն, 2008 թվականից իշխանությունների խոստումները, թե առաջիկա տարիների ընթացքում սկսվելու է Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը, ուղղակի հօդս են ցնդել` անկախ այն բանից, որ փորձագետների տնտեսական հաշվարկների համաձայն` այդ երկաթուղին տնտեսապես անշահավետ եւ ֆինանսապես ոչ ձեռնտու էր գնահատվում: Գումարած` ռուսական կողմի հոռետեսությունն ու, թերեւս, խանդը: Դեռ 2015-ին «Российские железные дороги» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինը նշեց, թե Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման նախագիծը զուրկ է որեւէ արդյունավետությունից, նախագիծը հեռանկար չունի. «Դա նույնն է, ինչ պատի մեջ պատուհան բացեք դեպի ոչ մի տեղ… դեպի հարեւան տան պատը»:

Համեմատության համար նկատենք, որ 2016թ. դեկտեմբերի 29-ից գործարկվեցին Նախիջեւան-Մեշհեդ-Նախիջեւան ճեպընթաց գնացքների երթերը։ Ըստ «Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերության` տոմսերի վաճառքը սկսվել էր դեկտեմբերի 24-ից։ Նախիջեւան-Մեշհեդ-Նախիջեւան երթուղով շարժվող ճեպընթաց գնացքները կանգառներ են ունենալու իրանական Ջուլֆայում, Թավրիզում ու Թեհրանում։
Իրանը բանալի է Հայաստանի համար տարածաշրջանային շրջափակումից դուրս գալու համար: Հայաստան-Իրան հարաբերությունների խորացումը կարեւոր է ոչ միայն Հայաստանի ու Իրանի համար, այլեւ ողջ տարածաշրջանի: Կանցնի մի որոշ ժամանակ էլ` Իրանը լուրջ ու երկարաժամկետ ծրագրեր կկնքի Հարավային Կովկասում, ու կպարզվի, որ մենք դրանցից էլ ենք մեկուսացել:

Հայաստանը չպետք է հարաբերություններն Իրանի հետ պայմանավորի Ռուսաստանով ու ԵՏՄ-ի հետ իր պարտավորություններով: Թեհրանը եւ Երեւանը միջազգային ասպարեզում համագործակցությունը ամրապնդելու լուրջ ներուժ ունեն:

Մեր տարածաշրջանում անվտանգության, կայունության հարցում Իրանը մշտապես կայունության շահագրգիռ կողմնակից է եղել, դրանով են պայմանավորված եղել տարիներ շարունակ նրա ձգտումները` ԼՂ հարցում միջնորդական դերակատարություն ստանձնել: Հարկ է նշել, որ Իրանը մշտապես այս տարածաշրջանում ռուս խաղաղապահների տեղակայմանը դեմ է եղել: Հայաստանը մշտապես բարձր է գնահատել միջազգային իրավունքի հիման վրա ԼՂ խնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ Իրանի հավասարակշռված դիրքորոշումը։

Հետեւաբար, նաեւ տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից, Հայաստանն ունի լուրջ դաշնակից` ի դեմս Իրանի: Հարեւան Իրանի հետ հարաբերություններում հետեւողական աշխատանք պետք է տարվի` այդ երկրի ներուժն ու աճող ազդեցությունը տարածաշրջանում խորապես գիտակցելով ու անհրաժեշտ եզրահանգումներ անելով:

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 19.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031