«Մեր պրոյեկտը միայն ՀՀԿ-ն է»,-ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` ի պատասխան լրագրողներից մեկի դիտարկման, որ ՀՀԿ-ի «պրոյեկտ» համարվող ԲՀԿ-ի նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերադարձը համաձայնեցված էր ՀՀԿ-ի հետ:
Շարմազանովը վստահեցնում է`ՀՀԿ-ում պատրաստ են ապրիլի 2-ի ընտրություններին մրցապայքար մտնել օրենքով սահմանված կարգով`բոլոր քաղաքական ուժերի եւ գործիչների հետ` անկախ նրանց ազդեցությունից, կենսագրությունից, գաղափարախոսությունից: «Մենք ասել ենք, որ ժողովրդավարությունը ոչ այլ ինչ է, քան մրցակցությունը»,-հավելեց նա: Այս իմաստով, Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն, ըստ ՀՀԿ խոսնակի, չի սպառնում իր կուսակցության հավակնություններին եւ հնարավորություններին:
«ՀՀԿ-ն ունի իր քաղաքական օրակարգն ու դրանով է գնալու, իսկ Ծառուկյանը վերադարձը ոչ ՀՀԿ-ի շանսերն է պակասեցրել ընտրություններին, ոչ էլ մարտավարության վրա է ազդում»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Հարցին` փոխվե՞լ է Գագիկ Ծառուկյանի մասին իր կարծիքը,Էդուարդ Շարմազանովն ասաց, որ քաղաքական գործչի մասին իր ու ՀՀԿ-ի կարծիքները ձեւավորվում են՝ ելնելով նրանց քաղաքական գործունեությունից:
Կարդացեք նաև
Ընդդիմադիրների այն հայտարարություններին, որ ՀՀԿ-ն այս ընտրությունների արդյունքում կդառնա ընդդիմություն, Էդուարդ Շարմազանովը հումորով է վերաբերվում: Նա հիշեց Բիսմարկին, ով ասել է`երբեք այնքան սուտ չեն խոսում, որքան ընտրություններից առաջ:
Անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի քաղաքական հայտին, բանախոսն ասաց. «Ես դեռեւս նրա քաղաքական հայեցակարգը չեմ տեսել: Միայն փառահեղ ու հերոսական անցյալը կամ լավ գործունեությունը քիչ է, որ կարողանամ քաղաքական թիմերի, քաղաքական ծրագրերի վերաբերյալ գնահատականներ հնչեցնեմ: Երբ կլինի, կգնահատեմ»:
Ընդդիմադիր դաշտի վերաբերյալ իր ամբողջական կարծիքը ԱԺ փոխխոսնակը կձեւավորի բանակցությունների ավարտից եւ արդեն հստակ դաշինքների ձեւավորումից հետո:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ