Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշցիները զարմացած են դեղերի գների տատանումներից

Հունվար 19,2017 22:42

Իջեւան քաղաքի շատ բնակիչներ տարակուսած են դեղերի գների հետ կապված իրավիճակի պատճառով: Նրանք ասում են, որ տարիներ շարունակ անտրամաբանական բարձր գներ են վճարել Հայաստան ներկրված որոշ դեղամիջոցների համար:

Այցելեցինք Տավուշի մարզկենտրոնի մի քանի դեղատներ: Դեղատներից մեկում ասացին, որ իրենց մոտ վաճառվող դեղորայքը Իջեւանում ամենաէժանն է, վաճառքի ժամանակ իրենք ներկրված գնի դեղի գնին քիչ հավելավճար են ավելացնում: Այդ դեղատնում հայտնեցին, որ Հայաստանի դեղատնային շուկա ներմուծող 3-րդ խոշոր ընկերության՝ «Վագա ֆարմ»-ի հայտնվելուց հետո որոշ դեղերի գները կտրուկ նվազել են:

Օրինակ, ջերմություն իջեցնող «Նարոֆեն» դեղը տարիներ շարունակ վաճառվել է 2900 դրամով, հիմա այդ դեղի գինը 1300 դրամ է: «Կարաֆաստ» դեղի մի փաթեթի գինը նախկինում եղել է 600, այժմ այն 5 անգամ էժան է՝ 120 դրամ: Մարդու արյան մեջ շաքարի պարունակությունը չափող բժշկական սարքը նախկինում Իջեւանի դեղատներում վաճառվում էր 11 500 դրամով,այժմ այդ բժշկական սարքի գինը 6500 դրամ է:

Որոշ դեղերի կրկնակի եւ ավել էժանացումը տեղի է ունեցել 2016թ. ապրիլից հետո: Դեղատանը հայտնեցին, որ արտերկրի դեղագործական մեծ ընկերությունները Հայաստանի փոքր շուկա դեղ են մատակարարում ավելի թանկ գներով՝ քան դեղագործական մեծ շուկա հանդիսացող Ռուսաստան: Հայաստանի ԵՏՄ մտնելուց հետո դեղագործական ընկերությունները հնարավորություն ունեն այսպես կոչված` զուգահեռ ներկրում կատարել, այսինքն՝ Հայաստան դեղամիջոցն ավելի էժան ներկրել Ռուսաստանից:

Սակայն Հայաստանում վաճառվող շատ դեղեր ու բուժամիջոցներ շարունակում են թանկ մնալ: 7 մանկահասակ երեխաների հայր, իջեւանցի իրավաբան Դավիթ Սահակյանը «Առավոտին» դժգոհեց մանկական կերի թանկությունից: Նա ասաց, որ իր ընտանիքի դրամական միջոցները չեն բավարարում երեխաներին մանկական կերով ապահովելու համար: Գերմանական արտադրության «Հումանա» մանկական կերի 300 գրամանոց փաթեթը Իջեւանի դեղատներում վաճառվում է 3050 դրամով: Դեղատնում ասացին, որ իրենք այդ մանկական կերի փաթեթն ստանում են 2900 դրամով, այն վաճառքի հանելով՝ 150 դրամ են ավելացրել, ինչը մեծ հավելում չէ: Վճառվող մանկական այլ կերակուրներ եւս թանկ են: Դավիթ Սահակյանը կարծում է, որ մանկական կերի Հայաստան ներկրման գործում մենաշնորհ կա, այլապես այն այդքան թանկ չէր լինի:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031